Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարճալի դավադրության անմեղ զոհը (պատմվածք)

Մարտ 22,2020 23:46

Փայլակի աշխատավայրի բաժնի պետը, որի տեղակալն էր ինքը, բավականին ժլատ մարդու անուն էր վաստակել: Նրան ենթակա աշխատակիցները դա բացատրում էին նրանով, որ նրա հայրը վանեցի էր:

Իհարկե, մեր հանրության մեջ տարածված այն առասպելը, թե վանեցիները ժլատ մարդ են, դեռ ապացույցի կարիք ունի, բայց մեր պատմությունը կապված էր հենց այդ իրողության հետ:

Բանը նրանում է, որ շատ հարցերում բաժնի պետը ցուցադրում էր ժլատության հատկանիշներ, նույնիսկ ամենաչնչին արժեք ունեցող դետալների ու սարքավորումների ձեռք բերման ու շահագործման հարցերում:

Եվ ահա նրա ղեկավարած բաժնի աշխատակիցները  որոշեցին նրա ծննդյան օրը անակնկալ մատուցել շեֆին:

Աշխատակիցներից ամենաակտիվը այդ հարցում Գևորգն էր, որը ընկերներին ներկայացրեց իր մշակած գործողությունների սխեման, որը կայանում էր հետևյալում.

Քանի որ ծննդյան միջոցառումը կատարվելու էր հենց բաժնի պետի բնակարանում, առաջարկեց յուրահատուկ խաղ խաղալ պետի գլխին՝ արագ կերպով ուտել և խմել այն բոլոր ուտեստներն ու խմիչքները, ինչը կդրվի սեղանին, որպեսզի շեֆին նեղը գցեն ու նրան դնեն ծանր կացության մեջ, որը նկատելով սեղանի վրայի դատարկ ափսեները և շշերը, միջոցառումը սկսելուց մեկ-երկու ժամ հետո, կփորձի ելքեր փնտրել ամոթալի իրավիճակից դուրս գալու համար:

-Տղաներ,-ասաց Գևորգը,-երբ միջոցառման մասնակիցները աշխատանքից հետո հավաքվեցին Փայլակի աշխատասենյակում,-ուրեմն, ես և Վաչոն հիմնական ուտող-խմողն ենք լինելու, բայց պետք է բոլորդ էլ հնարավորինս առավել օգտագործեք ձեր հմտությունները այս զվարճալի դավադրության հաջող իրականացման հարցում:

-Բայց ես այնքան էլ պիտանի չեմ այդ գործում,-միջամտեց Փայլակը, որը հատկապես ալկոհոլային խմիչքների օգտագործման պարագայում մրցունակ չէր:

-Պարոն Փայլակ, այս անգամ բացառություն կանես, որ մեր կայացրած որոշումը բնական տեսք ընդունի և շեֆը գլխի չընկնի, որ սա կանխամտածված վրիժառություն է իր նկատմամբ:

-Կփորձեմ,-խեղճացած արձագանքեց Փայլակը, որը որոշակի լարված հարաբերությունների մեջ էր շեֆի հետ,-որպեսզի միջոցառումը բնականոն հունով ընթանա:

-Ես էլ ալկոհոլի հետ այնքան էլ համերաշխ չեմ, բայց որ դուք որոշել եք, ապա ստիպված եմ ենթարկվելու ընդհանուրի շահին,-մեջ ընկավ Վալենտինը: Մնացածները լուռ համաձայնություն տվեցին դավադրության իրագործմանը:

-Ուրեմն, որոշեցինք, ես և Վաչոն կրում ենք միջոցառման հիմնական ծանրությունը, իսկ մնացածը հնարավորինս պետք է օգնեն մեզ, մատուցելու մեր անակնկալը մեր սիրելի պետին, տեսնենք թե ինչ կլինի սրա վերջը:

Սպասված միջոցառման երեկոյին կոլեկտիվի անդամները նշանակված ժամին հանդիպեցին շենքի բակում, որտեղ ապրում էր նրանց բաժնի պետը, գնած նվերով և ծաղկեփնջով մտան շենքի շքամուտք, բարձրացան չորրորդ հարկ և նրանցից մեկը սեղմեց բնակարանի զանգի կոճակը:

Դուռը բացեց նրանց պետը և ներս հրավիրեց հյուրերի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին, որոնք աղմուկով, իրար հետևից ներս մտան բնակարան:

Նրա տարեց ծնողները, քույրը և կինը ուրախ աղմուկով դիմավորեցին այցելուներին և տեղեր առաջարկեցին նստելու համար:

Խմբի անդամները հարմարավետ տեղավորվեցին և շուտով սկսվեց ջերմ ու սիրալիր զրույցը, պետի ծնողների հետ, իսկ նրա կրտսեր քույրը և կինը արագորեն սկսեցին զարդարել երկար սեղանը՝ զանազան ուտեստներով և խմիչքներով: Վերջիններիս մեջ կային՝ կոնյակ, շամպայն, գինի, գարեջուր և հանքային ջրեր:

Որոշ ժամանակ հետո պետի կինը հյուրերին սեղանի մոտ հրավիրեց, որը նույնպես նույն հիմնարկում էր աշխատում, բայց այլ բաժնում և ծանոթ էր հյուրերից շատերին:

Հյուրերը աղմուկով արագորեն տեղավորվեցին սեղանի շուրջ և շատ չանցած սկսվեց աշխույժ խնջույքը: Նրանք հաճույքով և աղմուկով  կլանում էին համեղ ուտեստները, խմում հերթական կենացները, երգում ու ծիծաղում, իրար աչքով անում:

Խնջույքը երկար տևեց, քանի որ և ուտելիքն էր շատ և խմիչքը: Թվում էր, թե իրենց մտահղացումը իրականություն դարձնելը անհնար էր:

Բայց մի քանի ժամ հետո սեղանի վրա դրված ուտեստները և խմիչքները դանդաղորեն սկսեցին մարել, ապա լրիվ դատարկվել: Սեղանի վրա մնացին դատարկ ափսեները և խմիչքի շշերը:

Բոլորի տրամադրությունը չափից ավելի բարձր էր, քանի որ նրանք խառնել էին գինին կոնյակի հետ, օղին գարեջրի հետ, շամպայնը հանքային ջրի և այդպես շարունակ:

Բաժնի պետը տեսնելով խմիչքի դատարկ շշերը, բոլորից գաղտնի դուրս եկավ սենյակից և գնաց նույն հարթակի վրա գտնվող մոտիկ հարևանի տուն և նրանից մի շիշ գինի բերեց: Հարևանի տանը այլ խմիչք չգտնվեց կամ նա չուզեց դրանից ավելին նվիրել:

Երբ շեֆը գինու շիշը դրեց սեղանին, իբր թե իր պահուստներից էր հանել, բոլորը ուրախ ու հարբած աղմկեցին և արագորեն այդ շիշն էլ դատարկեցին, ապա համոզվելով, որ իրենց առաքելությունը գերազանց են կատարել, հրաժեշտ տալու առաջարկ արեցին:

Գևորգը օրորվելով տեղից բարձրացավ ու դիմելով ներկաներին կերկերուն ձայնով ասաց.

-Արդեն ուշ է, մենք  լավ ուրախացանք, կերանք, խմեցինք, հիմա եկեք վերջին բաժակով հաջողություն մաղթենք մեզ բոլորիս և հատկապես մեր բաժնի պետին և հրաժեշտ տանք մեր այսչափ հյուրասեր մարդկանց:

Այդպես էլ արեցին:

Վերջին կենացը խմելուց հետո, բոլորը աղմուկով դուրս եկան փողոց և ամեն մեկը բռնեց տունդարձի ճանապարհը՝ իր նախընտրած տրանսպորտային միջոցով:

Փայլակը, որը իր համար չափից ավելի էր ոգելից խմիչք օգտագործել և իրեն վատ էր զգում, նախընտրեց  ոտքով ուղեկցել նշանածին իրենց տուն, որ նրա հետ էր եկել այդ միջոցառմանը, որի ընթացքում էլ թարմ օդը կարող է զգաստացնել իրեն, որից հետո տուն մեկնել տաքսիով:

Մոտ կես ժամ հետո զույգը դանդաղ ճեմելով գիշերային լուսավոր փողոցներով տեղ հասավ:

Բայց քանի որ Փայլակի վիճակը այդպես էլ կարգի չէր գալիս, նշանածի ծնողները խնդրեցին նրան գիշերել իրենց տանը, տրամադրելով նրան առանձին սենյակ:

Առավոտյան, երբ Փայլակը արթնացավ քնից, նայեց վերև և տեսավ, որ սենյակի առաստաղը իրենց բնակարանինը չէ, պատերը և կահավորանքը՝ նույնպես: Ու սկսեց մտածել, թե այս որտե՞ղ է գտնվում:

Հիշում էր, որ աշխատանքից հետո զանգահարեց նշանածին, պայմանավորված տեղում հանդիպեցին, գնացին շեֆի ծնունդը նշելու, որտեղ ըստ պայմանավորվածության չափից ավելի տարբեր ալկոհոլային խմիչքներ օգտագործեց, հետո խնջույքը վերջացավ, դուրս եկան փողոց ու այլևս չէր հիշում, թե ի՞նչ է տեղի ունեցել իր հետ:

Այս մտորումների մեջ էր, երբ սենյակ մտավ նշանածը ու խռովկան տոնով ասաց.

-Արդեն ժամը 10-ն է, աշխատանքից ուշացել ես:

-Գրողը տանի, ես ինչքա՞ն եմ խմել ու հարբել, որ ոչինչ չեմ հիշում,-ասաց նա և արագ կերպով լվացվեց, հագնվեց ու դուրս թռավ նշանածի տանից ու աշխատանքի վայր հասավ երեք ժամ ուշացումով:

Իսկ հաջորդ օրը Փայլակենց տուն եկավ նշանածի բանբերը, նրան հանձնեց այն բոլոր նվերները և զարդերն, որոնք ինքն էր գնել ապագա կնոջ համար, որոնց մեջ հայտնաբերեց նաև նաև մի փոքրիկ գրություն, որի մեջ գրված էր.

«Ներող կլինեք, բայց ես չեմ ցանկանում ամուսնանալ ալկոհոլիկ երիտասարդի հետ: Մնացեք բարյավ»:

Կարդալով գրությունը, Փայլակը կաթվածահարի պես, գլուխն առավ երկու ափերի մեջ ու երկար-երկար մտատանջության մեջ ընկավ: Հիմա ինչպես պիտի իր սիրելիին բացատրեր, և համոզեր, որ ինքը այդպիսին չէ, որ ինքը զվարճալի դավադրության զոհ է:

Ախր, ինչպես էր մոռացել իր նշանածին հայտնելու պետի դեմ կոլեկտիվի կազմակերպած այդ դավադրության մասին:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031