Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության համաճարակային ստրատեգիան խելամիտ չէ

Ապրիլ 01,2020 13:30

Անգլերենից թարգմանած ստորեւ ներկայացվող հոդվածը չի առաջարկում, որ կորոնավիրուսի դեմ չպայքարենք: Այս պահին երկրների մեծ մասի «վիրուսային վիճակը» սարսափելի վատ է, բայց այս երկրների կարանտինային իրադրությունը հղի է «տնտեսական համաճարակով», ու հնարավոր է, որ սա ավելի սարսափելի լինի, քան բուն վիրուսը: Ակնհայտ է, որ ժողովրդի զգալի (եթե ոչ գերակշիռ) մասը հնար չունի առանց աշխատելու ու առանց եկամտի երկար ապրելու: Միակ ելքը աշխատանքի ու ապրանքների փոխադրության թույլատրությունն է, իհարկե՝ պահպանելով հիգիենայի խելամիտ կանոնները, մինչեւ որ հակավիրուսային դեղերն ստեղծվեն: Թերեւս արժի, որ կրթական ողջ համակարգի կարանտինը երկար պահպանվի:

Կառավարության համաճարակային ստրատեգիան խելամիտ չէ
Frank Hollenbeck

Կառավարությունների մեծ մասի որդեգրած կորոնավիրուսային այս ստրատեգիան ուղղակի հասցնելու է համաշխարհային տնտեսական աղետի: Սահմանափակելու այս ստրատեգիան ու արտադրամասերը բռնի փակելը շատ երկրներում անպայման է հասցնելու բիզնեսի մեծածավալ ձախողությանը: Շատ հավանական է, որ սրանց տնտեսական ու ֆինանսական արձագանքների հեղեղները դառնան մի նոր Մեծ Ճգնաժամ:

Այս վիրուսից առաջ, օրինակ, Իտալիայի պարտք-ՀՆԱ հարաբերությունն արդեն 135% էր: Դժվար է պատկերացնելը, որ Իտալիան ունակ կլինի նոր պարտք անելու, առանց ԵՄ-ի մնացած երկրների համաձայնության, ովքեր արդեն հակադրվում են պարտք տալուն: Եվրամիության Կենտրոնական բանկը (ԵԿԲ-ն) խելագարի պես փող է տպում, ու եթե Իտալիան դառնա մի նոր Հունաստան, ԵԿԲ-ն իր այսօր տպվող փողի հեղեղը ավելի կշատացնի:

Մամուլն ու պետական այրերն ընտրել են անընդհատ կրկնվող այնպիսի՛ սկանդալային հայտարարություններ անելու ուղին, ինչը չափազանցում է COVID-19-ի վտանգները: Մարդկանց կյանքը արագ փրկելու համար Եվրոպայի համարյա ողջ բնակչությունը տնային բանտարկության մեջ է, իսկ բիզնեսներից շատերը փակվելու վրա են, քանի որ առանց աշխատելու շահույթ ապահովելն անհնար է:

Առկա ստրատեգիան ուղղված է ոչ թե վիրուսը կանգնեցնելուն, այլ վարակը խոչընդոտելով պրոցեսն այնքա՛ն երկարաձգելուն, որ վարակի պիկը մնա այնպիսի մակարդակի վրա, որ առողջապահական սիստեմը սա կառավարելու ունակ լինի: Կառավարությունները հնազանդվում են բժիշկների կանխամիտ խորհուրդներին, առանց հաշվի առնելու խնդրի տնտեսական էության թերն ու կողմը: Այնինչ, այս ժամանակ ձգելը կհասցնի մարդկային ու տնտեսական սուր կորուստների:

Եթե այս ստրատեգիան շարունակվի, կունենանք  ավելի շատ մարդկային զոհ: Ո՞վ կասի, թե փոքր բիզնեսի քանի՛ տեր ինքնասպան կլինի: Մեր օրերում, երբ գործազրկության թափը մեծանում է 1%-ով, միջինով ինքնասպանություններն են շատանում 1%-ով: Բրենների 1979-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ գործազրկության 10% աճը մահացությունը մեծացնում է 1,2%-ով, կարդիովասկուլար հիվանդություններինը՝ 1,7%-ով, լյարդի ցիռոզինը՝ 1,3%-ով, ինքնասպանություններինը՝ 1,7%-ով, բանտարկությունները շատանում են 4%-ով, իսկ գրանցված խուլիգանությունները՝ 0,8%-ով: Ինչքա՞ն է ԱՄՆ-ի 300 միլիոն գործազուրկի 5 կամ 10, կամ 15%-ը: Այնինչ, կորոնավիրուսի նույնիսկ ամենավատ սցենարը պիտի սրա համեմատ խլի շատ քիչ կյանք:

Հետազոտողներն ու դեղագործ ընկերություններն արդեն զանազան դեղամիջոցներ ունեն: Ցավոք, ԱՄՆ-ի FDA-ի կանոնները պահանջում են փորձարկումների շատ երկար շրջան, որ այս դեղերը թույլատրելի դառնան, ու վիրուսը արագ դադարեցնեն: Այն նույն կառավարությունը, ով պնդում է, թե ուր որ է տունը կվառվի մինչեւ հիմքերը, չի թողնում, որ կրակի վրա ջուր լցնեն, ասելով, թե ջրի որակը լավը չէ: Կորը հարթելու ստրատեգիայի հիմքը տնտեսությունը կաթվածահար անելն է: Բայց շատ կարեւոր է, որ գիտակցվի, թե մարդկային կյանքի, կրթության ու ուրիշ բազում արժեքի տեսանկյունից ինչ գին ենք վճարելու տնտեսությունը կաթվածահար անելով: Եթե տնտեսական կաթվածն ու գործազրկությունը իրոք են վտանգավոր մարդկանց կյանքի համար, մենք այսօր պիտի ընտրենք, թե ի՛նչն ենք ցանկալի համարում՝ այսօրվա բազում արագ մա՞հը, թե՞ երկարաժամկետ աղքատության բերելիք շատ ավելի բազում մահը: Կարծում եմ, որ պիտի անպայման ու ինչքան հնարավոր է արագ հետ դառնանք բիզնեսն աշխատեցնելու նորմալ վիճակին:

Մենք պիտի հրաժարվենք նոր դեղերի այս կաշկանդող կանոններից ու դրանք դարձնենք հույժ մատչելի ու շուկայական ցածր գներով (նշելով դրանց թույլատրելի դոզաներն ու զգուշացումները), դրանք վաճառելով առանց դեղատոմսի պահանջի: Պետք է, որ շուկան այնքան ազատ լինի, որ կարող լինի դեղերի լայն տեսականի ապահովելու:

Միամտություն է, երբ մտածում են, թե անհնար է, որ բիզնեսն ու մարդիկ հարմարվեն այս վտանգավոր վիճակին: Օրինակ, հնարավոր է, որ մարդիկ ռեստորաններում հեռու-հեռու նստեն, իսկ մատուցողները դիմակ ու ձեռնոց հագնեն: Հնարավոր նոր ձեւերի թիվն անթիվ է, ու մարդիկ դրանք կգտնեն: Ու եթե այս պահին չենք տեսնում, թե ազատ շուկան ինչ նոր լուծումներ կգտնի, սա չի նշանակում, որ այդ լուծումները չկան: Հարավային Կորեան հետեւելու լավ օրինակ է: Սա, փոխանակ պետական բռնի զորությամբ իր ժողովրդին փակի, ընտրել է ավելի լիբերթարյան ուղի, ինչը խոստումնալի արդյունքներ է տալիս:

Անկասկած, ազատ շուկայի ուղին ընտրելն անվտանգ չէ, բայց մենք պիտի անպայման հրաժարվենք 16-րդ դարի բունկերային մտածողությունից ու տնտեսությունն ավելի քիչ վնասող ձեւերով առաջ շարժվենք:

Անգլերենից թարգմանեց

Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930