Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թխվածք «Հյուսք»

Ապրիլ 12,2020 14:32

Հետաքրքիր է, որ Քրիստոսի հարությունն ավետող տոնի առթիվ քրիստոնեական շատ երկրների ավանդական խոհանոցում քաղցրավենիքը մեծ մասամբ խմորիչով կաթնահունց է՝ հագեցած շաքարով, արդար յուղով (կարագով) եւ ձվով: Որպես օրինակ հիշենք ռուսական կուլիչը, իտալական կոլոմբան կամ պաննե դի պասքուալեն, լեհական չալկան, արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի շատ երկրներին հատուկ բաբկան եւ այլն: Եվ իհարկե՝ հայկական Նազուկ գաթան: Պատճառներից մեկը թերեւս այն է, որ սոդան՝ որպես խմորը փխրեցնող եւ բարձրացնող մեթոդ համեմատաբար ուշ է տարածում գտել ողջ աշխարհում՝ հայտնի է, որ միայն 18-րդ դարի վերջում են Ֆրանսիայում արհեստական կերպով սոդա ստացել եւ օգտագործել թխվածքների մեջ, դե իսկ մյուս եվրոպական երկրներ եւ ամերիկյան մայրցամաք շատ ավելի ուշ է հասել: Մեկ այլ պատճառ էլ կարող է լինել այն, որ հնում պահքի ժամանակ անթթխմոր բաղարջներ, հացեր էին ուտում, եւ Զատկի տոնին արդեն թթխմորով քաղցր հացեր էին պատրաստում:

Առաջարկում եմ պատրաստել ձվով, կարագով եւ խմորիչով կաթնահունց թխվածք՝ «Հյուսք», որը կարող է ե՛ւ ամենօրյա սեղանին զարդ դառնալ եւ Զատկի սեղանին պատեհ թխվածք լինել:

Անհրաժեշտ մթերքները

Ալյուր- 500 գրամ

Շաքարավազ-2 ճաշի գդալ

Կաթ- 1+1 բաժակ

Կարագ-100 գրամ

Ձու-1 հատ

Չոր խմորիչ-1 ճաշի գդալ

Նուտելա-4-5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Նախ չոր խմորիչից պատրաստենք թթխմորը: Դրա համար 1 բաժակ կաթը պետք է գոլացնել՝ մոտ 40-42 աստիճան, այնքան, որ մատը մեջը մտցնելիս տաքություն զգաք, բայց «չկծի»: Գոլ կաթի մեջ լցրեք չոր խմորիչը եւ լավ խառնեք:

Փոքր թասիկի մեջ լցրեք 1 բաժակ ալյուր, 1 ճաշի գդալ շաքարավազ, վրան լցրեք խմորիչով կաթը, լավ խառնեք: Դառնում է բավականին ջրիկ խմոր:

Լավ ծածկեք, դրեք տաք տեղ՝ 2-3 ժամով: Երբ տեսնեք, որ բավականին պղպջակներ են առաջացել վրան, ուրեմն թթխմորը պատրաստ է:

Մնացած ալյուրը, շաքարավազը լցրեք մեծ թասի մեջ: Մնացած կաթը նույնպես տաքացրեք, մեջը գցեք կարագի կտորը, թող հալվի կամ գոնե մի քիչ փափկի:

Ալյուրի վրա ավելացրեք սկզբում թթխմորը եւ ձուն, ապա արդեն գոլացած, հովացած կաթնակարագային խառնուրդը, լավ խառնեք:

Պետք է դառնա բավականին պինդ խմոր: Սեղանի կամ տախտակի վրա առատ ալյուր ցանեք խմորը լցրեք վրան, վրան էլ առատ ալյուր ցանեք եւ սկսեք հունցել: Պետք է հունցել բավականին երկար եւ խմորը պետք է ձեռքերին չկպչի:

Դառնում է շատ հարթ, ձիգ խմոր: Գնդեք խմորը եւ դրեք եւս 2 ժամով հանգստանալու՝ տաք տեղում: Ես նախընտրում եմ թողնել մեկ ամբողջ գիշեր՝ սառնարանում: Սառնարանից հանելուց հետո պետք է թողնել սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, նոր շարունակել աշխատելը: Իսկ եթե սառնարան չեք դրել, այլ՝ տաք տեղ, 2 ժամը լրանալուց հետո կարող եք աշխատել:

Խմորը բաժանեք 2 գնդի: Յուրաքանչյուր գունդը բացեք գրտնակով, որ ստանա մեծ շրջանի տեսք:

Յուրաքանչյուր շրջանի վրա քսեք 2-3 ճաշի գդալ նուտելա: Փաթաթեք խմորը ռուլետաձեւ: Դառնում է մի երկար գլանակ:

Գլանակի վերեւից 1-2 սմ թողեք, մնացածը ուղիղ գծով սուր դանակով բաժանեք երկու մասի՝ ինչպես նկարում է ցույց տված: Յուրաքանյուր կեսը փաթաթեք ինքն իր առանցքի շուրջը: Ապա երկու, արդեն ոլորված կեսերը իրար փաթաթեք:

Ուղղանկյուն հրակայուն ամանի մեջ յուղաթուղթ դրեք, խմորը տեղավորեք մեջը եւ դրեք նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 45-50 րոպեով:

Փայտե չոփիկով ստուգեք խմորի պատրաստվածությունը, եթե պատրաստ է՝ անջատեք ջեռոցը, թողեք եւս 10 րոպե մնա ջեռոցում, հանեք:

Կարող եք մատուցել գոլ վիճակում, կարող եք սպասել՝ սառչի, նոր: Անչափ համեղ, փափուկ կաթնահունց է:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930