Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդակցելով կուսակցության նախագահի եւ կուսակից ընկերներիս հետ` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը». Մարտունու քաղաքապետ

Մայիս 05,2020 15:35 Share

Արցախի հանրապետության Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին տեղեկանում ենք Մարտունու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նրա հայտարարությունից. «Այս տարվա մարտի 31-ին եւ ապրիլի 14-ին մեր հանրապետությունում անցկացված համապետական ընտրությունները հերթական անգամ ամրապնդեցին ժողովրդավարական արժեքներով պետականության կառուցման մեր հաստատակամությունը: Մեր պայքարն ի սկզբանե, ազատ ու ինքնիշխան Արցախ ունենալուց բացի, օրինական ու օրինակելի պետություն կերտելուն է միտված: Հպարտ եմ, որ հանուն այդ մեծ գաղափարի ձեզ հետ միասին արել ենք հնարավորը՝ կիսելով կորստի ցավն ու հաջողության քաղցր պտուղները:

Այդ ջանքերի համատեքստում, անցած տարվա սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրումը նպատակ ուներ Մարտունին ավելի լավը դարձնել: Եվ իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր տված վստահության քվեի եւ աշխատանքում աջակցելու պատրաստակամության համար. իմ պարտականությունն էր լինել բոլորի քաղաքապետը, ինչը արել եմ անկեղծ սիրով եւ հարգանքով յուրաքանչյուրիդ հանդեպ:

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որն ինձ ստիպել է շատ կարևոր որոշում կայացնել: Բոլորդ լավ հիշում եք իմ մասնակցությամբ այն միջադեպը, որով փորձել եմ կանխել Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների եւ մի խումբ մարտունեցի երիտասարդների միջեւ հնարավոր բախումը նախընտրական շրջանում՝ թույլ չտալով նրանց մտնել Մարտունի քաղաք: Առիթ ունեցել եմ թե՛ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին, եւ թե՛ մեր համաքաղաքացիներին ներկայացնելու իմ այդ քայլի պատճառը, որը պայմանավորված էր սրտացավությամբ: Այսօր էլ պնդում եմ այդ մասին, թեև գիտակցում եմ, որ այն իմ կողմից կիրառված լավագույն մեթոդը չէր: Այո՛, դա իմ բացթողումն է, եւ ես այն ընդունում եմ արժանապատվորեն:

Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ որոշ ուժերի կողմից այդ միջադեպը դարձել է քաղաքական շահարկման թեմա, եւ հետեւողականորեն փորձում են դրանով ստվերել Արցախում անցկացված համապետական ընտրությունները: Իմ անցած ճանապարհը եւ երկրիս ու ժողովրդիս հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունը ինձ բարոյական իրավունք չեն վերապահում հանգիստ հետևելու այդ գործընթացին:

Ես, որ հայրենիքի ազատության զոհասեղանին էի դրել կյանքս, այսօր չեմ պատրաստվում կասկածի տակ դնել մեր երկրի ու իմ դավանած քաղաքական գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի: Խորհրդակցելով կուսակցության նախագահի եւ կուսակից ընկերներիս հետ ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ համատեղ կարճատև, բայցև բովանդակալից աշխատանքի համար:

Խնդրում եմ ներողամիտ գտնվել և ըմբռնումով մոտենալ որոշմանս:

Համավարակի այս բարդ ժամանակներում առողջություն եմ մաղթում բոլորիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031