Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա աննորմալ է, սա անգրագիտության եւ ավելի քան դատապարտելի նկրտումների մասին է խոսում». Լարիսա Ալավերդյանը՝ Թաթոյանի դեմ «հարձակումների» մասին

Մայիս 12,2020 16:15

«Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա, մյուս անգամ չփորձե՛ք իշխանական դիրքերից խոսել ՄԻՊ-ի հետ ու չփորձե՛ք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ»,- այսօր Ազգային ժողովում այսպես Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ընդգծված վատ տոնով ելույթին: Ընդհանրապես խորհրդարանում զեկույցի ներկայացման ընթացքում նկատելի էր, որ իշխանականների ու օմբուդսմենի միջեւ լարվածություն կա:

Aravot.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոստովանեց՝ ԱԺ-ի այդ քննարկմանը հետեւել է այնքան, ինչքան դիմանում է իր էթիկական դաստիրակությունը:

Հարցին՝ ձեր գնահատմամբ՝ սա նորմա՞լ է, որ իշխանություն են ու պետք է օմբուդսմենի հետ նման հարաբերություն ունենան, թե՞ ոչ՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Դա աննորմալ է, եկեք ամեն ինչ անվանենք իրենց անուններով, սա անգրագիտության եւ ավելի քան դատապարտելի նկրտումների մասին է խոսում»:

Լարիսա Ալավերդյանն այսօր ՄԻՊ-ի նկատմամբ այս «հարձակումները» կապեց իշխանությունների՝ եկեղեցու եւ ՍԴ-ի դեմ սկսած արշավի հետ՝ ասելով, որ տեսնում են՝ ՍԴ-ն հլու-հնազանդ չէ, քայլեր են անում. «Եթե մենք դիտարկում ենք այն, ինչ տեղի է ունենում ՄԻՊ-ի նկատմամբ ԱԺ-ում, կներեք, դա աննախադեպ չէ, ուղղակի տարբեր ձեւեր է դա ստանում ու հարիր չէ իրենց նոր դեմքով, իրենց ավելի առաջադեմ գաղափարախոսությամբ ներկայացող խմբին պահել իրենց այսպես դատապարտելի ձեւով: Ես պետք է կրկնեմ այն, ինչ ասաց Արման Թաթոյանը՝ ինքը ամբողջովին իրականացնում է կոռեկտ ձեւով այն, ինչ գրված է օրենքի մեջ: Ահա դա է, որ օտար է այդ ելույթ ունեցողներին կամ վարչապետի խայտառակ ճառից հետո ծափահարողներին: Սա է: Մի դիտարկեք այս ամենը դրվագ առ դրվագ: Սա մի գործընթաց է, որն իրենից արդեն հստակ ներկայացնում է վտանգ: Սա սպառնալիք է Հայաստանի իրավական անվտանգության առումով: Դա անվտանգության կարեւորագույն ասպեկտներից ՝ իրավական անվտանգությունը: Հիմա ուղղակիորեն այն, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ եւ դա վերաբերում է եւ քաղաքական փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքին, դատապարտելի է: Դա խոսում է նրա մասին, որ ավտորիտար ոճով եկած խումբը ցանկանում է դառնալ տոտալիտար: Դա չի ստացվելու իրենց մոտ, որովհետեւ երկիրը այն երկիրը չէ, ժողովրդի ակտիվ մասն անցել է ճանապարհ, ունեցել է նվաճումներ, ունեցել է եւ դժվար պարտություններ այդ ճանապարհի վրա, բայց եւ կոփվել է: Կարծում եմ, որ այս ամենը, ինչ մենք տեսել ենք, ուղղակի եւս մեկ խարան է նախեւառաջ այդ խմբի ճակատին, որ եկել է իշխանության, բայց, ցավոք, դա շատ բացասական է անդրադառնում հասարակության եւ հասարակական գիտակցության վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031