Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թադեւոսյանը՝ խաչատրյանական մրցույթի մասին. «Համարձակ քայլ է մրցույթն անցկացնել հեռավար ձեւաչափով»

Հունիս 06,2020 15:52 Share

Մեկնարկել է  Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի յուրատեսակ է, քանի որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով` կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով: Մրցույթն այս տարի դիմել է ժամանակակից տեխնոլոգիաների, օգտագործել  արհեստական բանականություն։

Այս տարի մրցույթը անցկացվում է ջութակ անվանակարգում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ունի բավականին ներկայացուցչական ժյուրիի ու մասնակիցների կազմ: Ժյուրիի կազմում են Վերա Ցու Վեիլինգը՝ Չինաստանից, Ջանլուկա Մարչիանոն՝ Իտալիայից,  Բոբ Լորդը՝ ԱՄՆ-ից, Զոհրապ Թադեւոսյանը՝ Իսպանիայից, Դորա Շվարցբերգը (Իսրայել-ԱՄՆ) եւ Պիտեր Չսարբան (Ֆրանսիա Ռումինիա):

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի  հոգաբարձուների խորհրդի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանն ասաց, որ մեծ հերոսություն է այն, որ  ՀՀ կառավարությունը հավատաց եւ աջակցեց մրցույթին, քանի որ ինքը մինչեւ վերջին օրը կասկածում էր՝  ինչպե՞ս կարելի է կենդանի շունչը փոխարինել արհեստական բանականությամբ:

«Այժմ արդեն վստահ եմ, որ նոր էջ ենք բացում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում»,-ասաց  Արմեն Սմբատյանը մրցույթի մեկնարկից առաջ կայացած առցանց ասուլիսում:

Մրցույթի ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանն իր խոսքում նշեց, որ մեր մշակույթի, երաժշտական աշխարհի հենասյուներից մեկի՝ Արամ Խաչատրյանի անունը կրող մրցութն ունի իր ուրույն տեղը եւ կշիռը միջազգային մրցույթներում: «Բավական է նշել այն փաստը, որ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են, օրինակ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը,  ջութակահար  Ֆեոդոր Ռուդինը եւ շատ-շատ ուրիշներ, հետագայում մասնակցել են ծանրակշիռ այլ մրցույթների եւ հաղթել են՝ լինելով Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողներ:

Համարձակ քայլ է այս մրցույթն անցկացնել հեռավար ձեւաչափով, ուրախ եմ, որ մեր երիտասարդներին, սիմֆոնիկ նվագախմբին հաջողվել է գտնել այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որոնք իրավունք են տալիս մասնակիցներին Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի ձայնագրություններից ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակը եւ հրամցնել մեզ: Գլխավոր նպատակը, իհարկե, միշտ հիշեցնելն է աշխարհին Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ  բացահայտելն ու սատարելը  շնորհաշատ, տաղանդավոր երաժիշտներին»,-ասաց Էդուարդ Թադեւոսյանը:

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մրցույթը որակեց մեծ իրադարձություն, եւ ընդգծեց, որ Արամ Խաչատրյանը մեր մշակույթի խորհրդանիշերից մեկն է, և նաեւ այդ պատճառով է, որ նրա անվան մրցույթին մեծ նշանակություն է տրվում:

Խաչատրյանական մրցույթի այս տարվա ժյուրիի անդամ, PARMA Recordings ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Լորդը ԱՄՆ-ից նշեց, որ ուրախ է մաս կազմել մրցույթի ժյուրիի: Նա շեշտեց, որ մրցույթը մեծ իրադարձություն է համավարակով սահմանափակված աշխարհում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930