Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի քաղաքագետը՝ ուժեղ Հայաստանի, «մահմեդական եղբայրների» նոստալգիայի եւ Ցեղասպանության մասին

Հունիս 15,2020 10:30

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հանրային գործիչ Ավիգդոր Էսկինը, որ վերջին շրջանում ավելի հաճախ է թիրախավորվում ադրբեջանցիների կողմից, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչում են իրեն մեղադրում ադրբեջանցի բլոգերներն ու ֆեյսբուքյան օգտատերերը, պատասխանեց. «Երեք տարի առաջ Ղարաբաղ կատարած իմ այցից հետո ադրբեջանական մամուլը իր՝ ռուսերենին վատ տիրապետող բլոգերներով իմ մասին հեքիաթներ է գրում, իբր ես հավաքագրվել եմ հայկական սփյուռքի կողմից, ասում են՝ ես «խոզի գլուխներով» մահմեդական սրբություններն եմ գնդակոծում: Ես չեմ կատակում, ճիշտ նման բան է իմ մասին գրել քարոզիչ Թոֆիկ Աբասովը եւ դա հրապարակվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող պաշտոնական լրատվամիջոցներում: Ադրբեջանցի բլոգերներն էլ զբաղված են ինձ հայհոյելով, ինչին նույնպես վատ են տիրապետում»:

Մեր հարցին, որ վերջին շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանն ավելի սերտ են սկսել համագործակցել, ի՞նչ վտանգներ կարող է ունենալ այդ ակտիվությունը տարածաշրջանի համար հատկապես Ղարաբաղյան հիմնախնդիրի պարագայում, պարոն Էսկինը պատասխանեց. «Վերջին տարիներին մենք ականատեսն ենք Թուրքիայում ռեւանշիստական տրամադրությունների էսկալացիային:

Դա «մահմեդական եղբայրների» ռադիկալ իսլամիզմն է՝ զուգորդված պանթյուրքիզմով եւ Օսմանյան կայսրության մասին նոստալգիայով: Նույնը տեսնում ենք Սիրիայում՝ Գազայի հատվածում: Զուգահեռաբար Անկարան փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Ադրբեջանում: Թուրքիան Ադրբեջանը դիտարկում է որպես ապագայում իր սեփական տարածք: Դրանով են պայմանավորված նաեւ Թուրքիայի գործողությունները Հայաստանի ուղղությամբ:

Ադրբեջանի՝ աճող ներքին անկայունությանը զուգընթաց՝ թուրքական գրկախառնությունը կուժեղանա ոսկորները փշրելու աստիճան: Հիմա կհարցնեք, թե որոնք են այդ ամենի ախտանշանները: Հետեւեք սուննի ուղղության մեծ թափին: Դա նպաստում է խաղաղ բանակցությունների հնարավորության պարագայում Բաքվի դիրքի խստացմանը եւ էսկալացիայի սպառնալիք է առաջացնում սահմանին»,-նշեց քաղաքագետը:

Հարցրինք, թե ինչպես է վերաբերվում իր՝ Բաքվի «սեւ ցուցակում» հայտնվելուն:«Անցյալ տարի յոթ անգամ Հայաստան եմ եկել: Ադրբեջանի «սեւ ցուցակում» լինելը դրան չի խանգարել, ինչը հրաշալի է»,-ասաց Ավիգդոր Էսկինը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է գնահատում հայ-իսրայելական հարաբերությունները եւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը: «Եկել է ժամանակը Երեւանի եւ Երուսաղեմի միջեւ կառուցողական համագործակցության: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները նպաստում են դրան: Գործընթացը որոշակիորեն դանդաղել էր Իսրայելում ընտրությունների, ապա՝ կարանտինի եւ Հայաստանում ներքին խնդիրների պատճառով: Դրա խթանման համար այժմ առկա են բոլոր նախապայմանները: Մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է Սփյուռքում համագործակցությունը սերտ եւ ներդաշնակ դարձել: Վերջերս ԱՄՆ Կոնգրեսը եւ Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւեր ընդունեցին:

Դա տեղի ունեցավ ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆի եւ Էնգելի շնորհիվ՝ հրեական լոբբիի մասսայական աջակցությամբ; Կարծում եմ՝ վերջապես կկարողանանք վանել երկու երկրների որոշ պետական չինովնիկների իներտությունն ու կարծրատիպայնությունը, որոնք չեն համարվում պրոցեսի հակառակորդներ, բայց նաեւ շատ պասիվ են»,-ընդգծեց քաղաքագետը:

Հարցրինք՝ իր կարծիքով, Ադրբեջանն իրավունք ունի՞ ինչ-ինչ հավակնություններ ունենալ Արցախի նկատմամբ, երբ պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, այդ երկրի նախագահը սպառնալից հայտարարություններ է անում, այդ երկրում հերոսացնում են քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը օրինականորեն ամրագրել է Սաֆարովի ներման եւ հերոսացման դատապարտումը, իսկ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցով արժանացել է միջազգային ճանաչման»,- հայտնեց Ավիգդոր Էսկինը:

Հիշեցրինք, որ մի հարցազրույցում ասել է, թե Հայաստանը նշանակում է խաղաղություն տարածաշրջանում, Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի կայունության պահպանման առումով, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ամրապնդել: Խնդրեցինք որոշ «փակագծեր» բացել:

«Աշխարհում ներդաշնակություն եւ խաղաղություն կարող է լինել, եթե մարդիկ ապրեն իրենց բնական սահմաններում եւ իրենց էներգիան ուղղեն բարին ու հոգեւորը բազմապատկելուն՝ հիմնվելով իրենց ակունքներից եկող ավանդույթների եւ տաղանդի վրա: Հայերի՝ պետականության ձեռքբերումը մարմնավորում է արդարության համընդհանուր սկզբունքները: Կարեւոր է նաեւ այն, որ Հայաստանը կարողանա իր պատմության նոր ու կառուցողական փառահեղ մի էջ եւս բացի:Դա նշանակում է բնակչության թվի ավելացում եւ տաղանդների «իրացում» հենց Հայաստանի հողի վրա:

Իսկ եթե հարցը դիտարկենք պրակտիկ եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա Հայաստանի թուլացումը եւ Ադրբեջանի աստիճանական միաձուլումը թուրքական ռեւանշիզմին սպառնում է ողջ աշխարհին եւ տարածաշրջանի կայունությանը: Ուժեղ Հայաստանը խաղաղության գրավական է ողջ տարածաշրջանում»,-կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչու Թուրքիան չի կարողանում առերեսվել իր անցյալի հետ եւ ընդունել, որ իրագործվել է հայերի ցեղասպանություն, Ավիգդոր Էսկինը պատասխանեց. «Ցավոք այդ հարցը միջազգային օրակարգ է մտել հանցագործության կատարումից հետո միայն: Ցավոք Հայաստանը անկախության տարիներին Թուրքիայի դեմ կոնկրետ դատական հայցերով հանդես չեկավ, եւ տարբեր երկրների խորհրդարաններում հարցի քվեարկության համար լոբբիստական գործողություններ կատարեց, ինչը առանձնապես արդյունք չտվեց, մինչդեռ շատ կարեւոր է հայկական ողբերգության մասին իրազեկության բարձրացումը ամբողջ աշխարհումն: Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր ժողովուրդներին, անհրաժեշտ է, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930