Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Մեղքը գցում են ժողովրդի վրա, այն ժողովրդի, որն իրենց անհայտ տեղերից բերեց եւ դարձրեց իշխանություն». «Հրապարակ»

Հուլիս 03,2020 11:28

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։ Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին՝ ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Նիստի եւ ՀՀԿ-ի առաջիկա պլանների մանրամասների շուրջ զրուցել ենք ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի հետ։

– Իշխանությունն ասում է, որ մարդիկ իրենցից պահանջում են երկիրը մաքրել նախկիններից ու նախկինների մնացորդներից, Սահմանադրական դատարանի շուրջ կատարվողն էլ այս համատեքստում են դիտարկում․ այս զարգացումների ժամանակ դուք գործնականում պասիվ էիք․․․

– Ի՞նչ պետք է աներ ՀՀԿ-ն, մենք մեր խոսքն ասել էինք, դա պարզապես հակասահմանադրական, անօրինական քայլեր էին, դա մեր երկրին, մեր հեղինակությանը հարվածում է միջազգային հարթակներում, որի արձագանքները դուք կտեսնեք։ Դա բռնությամբ իշխանության զավթում է, եւ իշխանության բոլոր ճյուղերն են, փաստորեն, բռնի ուժով զավթում։ Մենք հետագայում ավելի մանրամասն կխոսենք, թե դա ինչ նպատակներ է հետապնդում, ինչու են այսպես արագ ուզում ե՛ւ ՍԴ-ն զավթել, ե՛ւ դատական իշխանությունը։ Մի ժամանակ տնտեսության զարգացմանն ու ներդրումներին Սերժ Սարգսյանն էր խանգարում, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հետո հայտարարեցին, թե Ազգային ժողովն է մեղավոր, որ ներդրումներ չկան, ԱԺ-ն էլ հրաժարական տվեց, դրանից հետո՝ ՍԴ-ն է մեղավոր, հիմա դա էլ կավարտվի, կտեսնենք, թե ով է մեղավոր։ Թեպետ արդեն երեւում է, որ ժողովուրդն է մեղավոր, ամբողջ մեղքը գցում են ժողովրդի վրա, այն ժողովրդի, որն իրենց անհայտ տեղերից բերեց եւ դարձրեց իշխանություն։ Եկեք չշտապենք ու սպասենք զարգացումներին։

– Մի ճշտող հարց՝ արտակարգ դրությունը կուսակցական աշխատանքներին ինչպե՞ս է խանգարում։

– Մասսայական հավաքներ ու այցելություններ չենք կարողանում անել։ Երբ ավարտվի, նորից կվերսկսենք մարզային այցելություններն ու հավաքները, որն արել ենք մինչեւ մարտ ամիսը, եւ կսպասենք մինչեւ արտակարգ դրության ավարտը, որ վերսկսենք։

– Բայց այս վիճակը կարող է երկար տեւել, ու դուք էլ չեք կարողանալու ոչինչ անել․ ունե՞ք այդ դեպքում հակաքայլեր։

– Դուք ասացիք, որ կարող է երկար տեւել, երկիրը մեղք է լինելու, եթե միայն իշխանությունը երկարաձգելու համար արտակարգ իրավիճակ է երկարացնում, սա անդառնալի հետեւանք է ունենալու ոչ միայն տնտեսության, ներքաղաքական կյանքում, այլեւ արտաքին քաղաքականության մեջ։ Էլ հարցեր չտաք՝ այսքանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031