Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաշխատողը՝ գիտության շենքերը օտարելու ու կառավարության արհամարհական վերաբերմունքի մասին

Հուլիս 06,2020 11:34

Գիտական հանրությունը կրկին ալեկոծված է եւ առցանց ստորագրահավաք է սկսել գիտության շենքերի օտարման դեմ: Այսօր նման խնդրի առաջ է կանգնած ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, քանի որ վերջինիս օտարված տարածքում նախատեսվում է կառուցել 25-հարկանի երկու բնակելի շենք, ինչը նախաձեռնության անդամների համոզմամբ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում, սպառնում է կանաչ գոտու վերացմանը եւ աններդաշնակ է միջավայրի հետ՝ ճարտարապետական առումով եւս:

Հռիփսիմե Մկրտչյանը, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է, նույնպես միացել է գիտության շենքերի օտարման դեմ պայքարին: «Ես մտահոգ գիտնական եմ, կարծում եմ, որ եթե հիմա քիմիայի ինստիտուտին է վտանգը սպառնում, վաղը կարող է մյուս գիտական հաստատություններին սպառնալ, դրա համար շատ եմ ուզում, որ մեր կառավարությունը, պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն այս խնդրին եւ արձագանքեն: Բոլոր գիտական հաստատություններից միացել են կոչին, ուզում ենք հարցին լուծում տրվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդ գիտաշխատողը:

«Եթե հիմա գիտության շենքերն են օտարվում, նաեւ այլ քայլեր են իրականացվում, դա բերելու է արտագաղթի, իսկ խելացի մարդկանց արտագաղթը պետության վերջը կարող է լինել: Այս պահի դրությամբ, գիտության վերաբերյալ հստակ քաղաքականություն չենք նկատել: Ներկա կառավարությունը կարծես շարունակում է նախկին կառավարության քաղաքականությունը՝ անտարբեր է գիտության, գիտաշխատողների նկատմամբ՝ ցածր աշխատավարձեր, մեծ խնդիրներ՝ գիտության ֆինանսավորման հետ կապված: Գիտական փորձեր անելիս միշտ խնդիրներ են առաջանում, չկա անհրաժեշտ ֆինանսավորում, որ ենթակառուցվածքները բարելավեն:

Արտակարգ իրավիճակում ենք գտնվում, թեստերի արտադրությունն ավելի շուտ կարող էին իրականացնել, բայց քանի որ գիտական հաստատությունները չունեին անհրաժեշտ սարքավորումներ, դրա համար բավականին ժամանակ գնաց»,-ասաց Հռիփսիմե Մկրտչյանը:

Մեր հարցին՝ կարծում է կառավարությունը ականջալուր կլինի՞ գիտության մարդկանց, երիտասարդ գիտաշխատողը պատասխանեց. «Եթե այս կառավարությունը չի ուղղում նախորդ կառավարության սխալը, ստացվում է՝ ունենք նույն պատկերը, այսինքն ոչ մի փոփոխություն: Եթե այս կառավարությունը քայլեր չձեռնարկի, ձախողելու է կառավարման իր մեթոդները: Եթե որեւէ քայլի չդիմի, կկորցնենք քիմիայի ինստիտուտի շենքերը, թեեւ գիտնականներով ամեն քայլի դիմելու ենք, անգամ Սփյուռքի գիտնականների հետ ենք կապվել, որպեսզի բոլորս միահամուռ ու միախմբված այս հարցը բարձրացնենք ու լուծում պահանջենք:

Եթե շենքերի տեղում բարձրահարկ շենք կառուցվի, կորցնելու ենք ըստ էության պատմական նշանակություն ունեցող շենքերը: Փոխանակ այդտեղ ներդրումներ անելու, գիտական թանգարան ստեղծելու, որ երեխաներին տանեն գիտական թանգարան, հետաքրքրություն ձեւավորեն, դեռ մի բան էլ վերացնում են արժեքավորը:

Մենք չենք ուզում, որ այս կառավարությունը ձախողվի, ուզում ենք սատարեն այս կառավարությանը, լինեն իր կողքին, բայց գիտության հանդեպ նման վերաբերմունք չենք հանդուրժի: Բոլոր երիտասարդ գիտաշխատողներն արտասահմանյան բուհերից, ինստիտուտներից ու գիտական կենտրոններից ունեն առաջարկներ, ինքս էլ մի քանի առաջարկ ունեմ, բայց ուզում եմ աշխատել իմ երկրում: Իսկ եթե ուզում ես քո մասնագիտությամբ աշխատել, պետք է համապատասխան միջավայր լինի, ու եթե կառավարությունն այդ միջավայրը չապահովի, բնականաբար արտագաղթ է սկսվելու: Հիմա ասում են՝ դրսից հրավերներ անենք, չգիտեմ ինչ, փոխանակ ներսի ներուժն օգտագործելու:

Մենք իրականում ունենք գիտական լուրջ ներուժ, որի վրա այս պահին շղարշ է ընկած ու այն վատ վերաբերմունքի է արժանանում: Գիտնականներից շատերը հիասթափված են, որովհետեւ իրենք էլ են փողոցում եղել, պայքարել են հեղափոխության ժամանակ, հիմա նման տեսակի արհամարհական վերաբերմունքը հնարավոր չի տանել»:

Մեր հիշեցմանը, որ գիտնականները նույնիսկ սուրճ խմողներ որակվեցին վարչապետի կողմից, Հռիփսիմե Մկրտչյանն ասաց, որ այդ հայտարարությունից հետո համապատասխան հեշթեգերով ֆլեշմոբ սկսեցին գիտնականները ֆեյսբուքում, ու վարչապետն էլ մեղմեց իր վերաբերմունքը:

«Շատ լավ կլիներ, որ բոլոր պատասխանատու մարդիկ կարողանային այցելել գիտական հաստատություններ, խոսեին գիտնականների հետ: Գիտնականը պատրաստ է հաշվետու լինել, պատմել իր գիտական հետազոտությունների նշանակության մասին: Այսօր շատ գիտական հաստատություններում կան միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվող գիտաշխատողներ, ինչը խաղ ու պար չէ, ոմանց աշխատանքը գյուտի է հավասարազոր:

Եթե ներդրումներ արվեն գիտության մեջ, նրանք կարող են Հայաստանի պատկերը միջազգային ասպարեզում բարձր պահել: Բայց այս պահին անտարբերություն է, միգուցե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակով, բայց մյուս կողմից՝ հենց արտակարգ իրավիճակի ժամանակ պետք է կանչեին համապատասխան ոլորտի մասնագետներին, խորհուրդ հարցնեին, ոչ թե հայտարարեին՝ դիմակ պետք է, թե դիմակ պետք չի:

Ամեն դեպքում գիտնականը պատրաստ է կառավարության կողքին լինել, աջակցել, բայց կառավարությունն էլ պարտավոր է եւ պետք է գիտնականի կողքին լինի ու գիտությունը ոչ թե «վարի տա», այլ աջակցի: Մենք մի կարգախոս ունենք՝ չկա գիտություն, չկա պետություն»,-ասում է Հռիփսիմե Մկրտչյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031