Ամեն օր հրապարակվում են կորոնավիրուսով նոր հիվանդների ու առողջացածների ցուցակներ, մենք մի հայացք ենք գցում երկնիշ-եռանիշ այդ թվերին ու մտապահում դրանք, ասենք՝ մինչեւ վաղը, մինչեւ նոր օրվա թվերը: Մինչդեռ այդ թվերից ամեն մեկի տակ մի առանձին, առանձնահատուկ պատմություն է, ոչ թե մի մարդու, այլ մի ընտանիքի պատմություն, որ սկսվում է թույլ կամ ուժեղ արտահայտված ախտանիշներով, թեստ հանձնելով ու պատասխանին անհամբեր սպասելով, ընտանիքից ու աշխարհից իրեն հեռու պահելու փորձերով, պատասխանն ստանալով ու լուրը մարսելով, հարազատների անթիվ-անհամար հեռախոսազանգերով ու խորհուրդներով, անդադար ստացվող կորոնալուրերով, մտքերով, մտահոգություններով… ու պատմության երջանիկ կամ շատ ցավալի ավարտով:
Սեւան քաղաքը շուրջ մեկ ամիս փակ էր. կորոնավիրուսով վարակվածները կտրուկ շատացել էին, եւ մեր այսօրվա զրուցակիցն այդ օրերին վարակված սեւանցի Նորայրն է՝ մեկը պաշտոնապես հաստատված մեր 28.936 վարակակիր հայրենակիցներից:
«Դպրանոցում էի, դրսում գործ ունեի, անձրեւ էր, երեւի այդ ժամանակ մրսեցի, երկու օր հետո էլի սառը քամուն դրսում գործ արեցի ու երեկոյան զգացի, որ ջերմությունս բարձրացավ՝ 37.5 էր: Դե, Սեւանում վարակն այդ ժամանակ շատ էր, դիմեցի, թեստավորեցին, ու սկսեցինք սպասել պատասխանին: Ես բոլոր ցուցումները պահել էի՝ դիմակ էի դրել, մարդկանց հետ մոտիկից չէի շփվել, հաճախակի ձեռքերս էլ էի մաքրել, մեքենայիս բռնակներն էլ, ղեկն էլ, նստարաններն էլ: Չգիտեմ, երեւի որ մրսել էի, թույլ էի, վարակն այդպես էլ կպել էր»,- պատմեց Նորայրը:
Վարակը կրելու նրա փորձը վկայում է, որ վարակի վտանգավորությունը միանշանակ չի ընկալվում. մինչ ոմանց համար դեռ կասկածելի է մնում դրա գոյությունը, այլք սարսափի են մատնվում նրա ստվերից, ոմանք հայտարարում են, թե այս ամենը մի մեծ քաղաքականություն է, այլք ախտահանում են ձեռքերը՝ մաշկահան անելու աստիճան:
Կարդացեք նաև
Լուրերում, սոցիալական հոլովակներում թե հանրային տիրույթում, կարծես թե, կորցրել ենք հավասարակշռությունը: Պաշտոնական տեղեկատվությունը ոստիկանական տոնով հորդորում է դիմակ դնել, սոցիալական ցանցերում որոշ էջեր ակտիվորեն քննադատում են դիմակ դնողներին, հիվանդացած-բուժվածները խնդրում են մտերիմներին ու հրապարակավ կոչ անում ամեն ինչ անել՝ չվարակվելու համար, որոշ երիտասարդական խմբեր էլ խրախուսում են կանխամտածված հիվանդանալ-լավանալ-պրծնել:
Իսկ մեր բանաձեւը հնչում է այսպես. արեք ամեն ինչ այնպես, կարծես ամեն ինչ ձեզնից է կախված եւ վստահեք բժիշկներին ու Աստծուն այնպես, կարծես ամեն ինչ նրանցից է կախված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































