Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ… փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում». Ռոբերտ Քոչարյան

Հուլիս 29,2020 22:40

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում խոսելով սահմանային լարվածության եւ Թուրքիայի ակտիվության մասին՝ ասաց. «Աշխարհն է փոխվել: Աշխարհում տարածաշրջանային հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունն ավելացնել: Սա աշխարհաքաղաքական գլոբալ լուծումների արդյունք է նաեւ: Թուրքիայի ամբիցիաները այսօր, տասը եւ տասնհինգ տարի առաջ էապես տարբերվում են իրարից եւ սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները ՀՀ-ից հանելու մասին, ովքեր ցույցներ են անում ՌԴ-ի դեսպանության դիմացը, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմակայաններն են: Այդ մարդիկ պետք է հասկանան, թե ինչի՞ հետ է դա կապված ու ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ ՀՀ-ի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով: ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն է Թուրքիայի բանակը՝ իր հնարավորություններով ամենից հզորը»:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին հարցին ի պատասխան, որ հնարավո՞ր է դա Հայաստան ներխուժման փորձ լինի՝ Քոչարյանը պատասխանեց. «Ուժի ցուցադրում է անկասկած եւ զգուշացում է անկասկած, որ կարող է լինել նաեւ այսպիսի զարգացում: Եվ ընդհանրապես նման մասշտաբային զորավարժությունները նաեւ քաղաքական ազդակ են տարածաշրջանում: Չեմ կարծում, որ դա կարող է վերածվել ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարավոր սցենար է, այո՛, այդպես է»:

Հարցին՝ Արցախի հարցի կարգավորման մեջ ո՞ր բաղադրիչն է, որ ձեր ժամանակից հետո բացակայում է, որից դուք հնարավոր է անհանգստանում եք, թելը որտե՞ղ է կտրվել՝ Քոչարյանը պատասխանեց, որ 88-ից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա. «Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների եւ տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է: Այս դաշտում հարցը լուծում չունի: Թելը կտրելը կապված է նրա հետ, որ տպավորությունս այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ՝ հարցի կարգավորումը այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքի վրա է դնում: Ես չեմ հասկանում ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Հասկանում եմ, որ ինչ-որ տեղ այդ հայտարարությունը ալեգորիկ նշանակություն ունի ՀՀ իշխանության համար, բայց փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում ու երբ դրա հետ զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի, որը կբավարարի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համադրելու «Արցախը Հայաստան է եւ  վերջ» բանաձեւը այն տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ես չգիտեմ, թե որտեղ են հատվում այդ երկու բանաձեւը: Կարծում եմ, որ հենց այդ թելն է կտրել տրամաբանված, հետեւողական Ղարաբաղի հարցի կարգավորման բովանդակությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի կարող հրաժարվել, չի հրաժարվում Ղարաբաղից, այսպես ասենք՝ Ադրբեջանի ե՛ւ իշխանության, ե՛ւ հանրության կողմից որեւէ հայտարարություն նման հիմք չի տալիս: Ի դեպ, ես 88-ից չեմ լսել որեւէ ադրբեջանցու հայտարարություն առ այն, որ Ղարաբաղն ի վերջո կարող է նաեւ ինքնորոշվել, ինքնուրույն պետականություն ունենալ, չի ՛ եղել այդպիսի բան: Այն բանաձեւերը՝ նոր իշխանության կողմիս առաջ քաշված, կա՛մ պետք է Ղարաբաղը հրաժարվի անկախության գաղափարից, կա՛մ Ադրբեջանը պետք է համաձայնվի Ղարաբաղի անկախության հետ: Չկա ոչ նա, ոչ էլ նա: Ես ոչ Ադրբեջանում եմ տեսնում այդպիսի մտայնություն, ոչ Ղարաբաղում եմ տեսնում այդպիսի մտադրություն: Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ սկզբունքների շուրջ պետք է այդ հարցը լուծվի՝ ինձ համար հասկանալի չի»:

Քոչարյանի խոսքով՝ պատահական չի, որ «վերակենդանացվեց» ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը այսօր. «Իմ տպավորությամբ նաեւ պատահական չի, որ ՀՀ նոր անվտանգության ռազմավարության մեջ չկա ԼՂՀ բառը եւ ԼՂՀ ժողովուրդ բառը, այլ կա ազգաբնակչություն: Սա բավական հետաքրքիր ձեւով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ: Սա պատահականություն չէ, միգուցե պատահականություն է, բայց շատ մտահոգիչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031