«Հայավտոկայան» ՓԲԸ-ն չի համապատասխանում ծառայությունների մատուցման որակին: Այսօր այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում:
Օրակարգում ընդգրկված էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ն 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրից հանելու հարցը: Փոխնախարարը կարծում էր, որ ավտոկայանի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ, ինչի համար անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը՝ ներառյալ գույքն ու 100 տոկոս բաժնետոմսերը:
Ըստ փոխնախարարի՝ Հայավտոկայարան ՓԲԸ-ն իր գործառույթներն իրականացնելու համար պետք է բերվի որոշակի վիճակի. «Քաղաքներ կան, որտեղ ընդհանրապես ավտոկայարաններ չունեն կամ ժամանակին դրանք օտարվել են: Այստեղ հարց է առաջանում՝ եթե օտարվել են, ապա քաղաքացիները, որոնք պետք է այդ ծառայություններից օգտվեն, ինչպե՞ս նաեւ այն ընկերությունները, որոնք մրցույթով շահել են այդ երթուղիների սպասարկման իրավունքը, ո՞վ է նրանց սպասարկելու:
Մենք ենթադրում ենք, որ այն քաղաքներում, որտեղ ավտոկայարանների անհրաժեշտությունը կա, դրանք լինեն, բարձրացնենք ավտոկայարանների ծառայությունների մակարդակը՝ ներդնելով տարբեր համակարգեր՝ այդ թվում նաեւ տոմսավաճառման համակարգը եւ դրանից հետո միայն կարելի է քննարկել՝ ինչ մեխանիզմով այն առաջ տանել՝ պետություն-մասնավոր գործընկերությո՞ւն, հավատարմագրային կառավարո՞ւմ, կոնցենսիո՞ն պայմանագրի ձեւով թե մեկ այլ եղանակով: Բայց չօտարել այդ գույքը հետո մտածել՝ ինչ ենք անելու ավտոկայարանային ծառայություններ մատուցելու համար»:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը դեմ արտահայտվեց նախագծին: Նրա կարծիքով «Հայավտոկայան» ընկերությունը պետք է հանվի մասնավորեցումից՝ ամբողջությամբ տրամադրվի համայնքներին. «Հայավտոկայան» ՓԲԸ-ն թե բերելով ձեր մոտ թե՛ թողնելով այնտեղ նույն վիճակն է, ես չեմ հավատում, այդ միասնական ցանցին»: ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց՝ ուզո՞ւմ են, որ «Հայավտոկայան» ՓԲԸ-ն մնա որպես մոնոպո՞լ ընկերություն եւ, եթե ուզում են մնա ինչպե՞ս են պատկերացնում տրանսպորտի զարգացումը միջմարզային միջքաղաքային երթուղիներում:
Ի պատասխան, պարոն Սիմոնյանն ասաց, որ պետք է լինի մեկ օպերատոր, որպեսզի ֆինանսների վերաբաշխման խնդիրներ չլինեն: Ինչ վերաբերում է մենաշնորհին, ապա ըստ Արմեն Սիմոնյանի, մասնավորեցումը կամ չմասնավորեցումը չի բերում նրան, որ ընկերությունը դառնա ոչ մենաշնորհային. «Մենաշնորհելիությունը ընդհանարապես կապ չունի նրա պատկանելիության հետ»:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































