Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Քյարամյան․ Արթուր Վանեցյանը առաջինը պետք է մտածի, որ ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետ և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են

Սեպտեմբեր 21,2020 11:27 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների ուղեկցությամբ, սեպտեմբերի 21-ին այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։

Լրագրողները Եռաբլուրում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին խնդրեցին անդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքին, թե Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության իրական սպառնալիք է։ Արգիշտի Քյարամյանը հրաժարվեց մեկնաբանել Արթուր Վանեցյանի ասածները․ «Արթուր Վանեցյանը առաջինը պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են։ Այս մասին ուրիշ բան չունեմ ասելու»։

Հարցին, թե արդյոք Արթուր Վանեցյանը կապ ունի՞ հեռախոսազրույցների գաղտնալսման հետ, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց․ «Քննություն է իրականացվում Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում, նախաքննական գաղտնիքներ կան, և դրա հետ կապված ոչինչ չեմ կարող ասել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: