Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական քաղաքականության համար միգուցե ավելի էժան է, որ իրենց փոխարեն մեռնեն ջիհադիստները». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 07,2020 23:40

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին գերմանական մամուլի ներկայացուցիչներից մեկը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հայկական զինված ուժերը պայքարում Ադրբեջանի կիրառած դրոնների դեմ:

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ադրբեջանի ռազմական ամբողջ կարողության մեջ դրոններն իրենց ամենազարգացած զինատեսակներից են, ոչ միայն դա, այլև Իսրայելից բերված բալիստիկ մարտավարական և օպերատիվ մարտավարական հրթիռները՝ Lora-ները, հակատանկային հրթիռները, միջոցները: Իհարկե, դա իրենց ինչ-որ առանձին դրվագներում հաջողություններ արձանագրելու տեղ էր տալիս: Ամբողջ խնդիրն այն է՝ մենք վստահ չենք, որ դրանք ամբողջովին կիրառում են ադրբեջանցիները, երկրորդը դրանք միայն առանձին տեղերում են ունեցել հաջողություններ: Հայկական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները բավականին արդյունավետ պայքարում են դրանց դեմ, բայց դրանց թիվը չափազանց մեծ է: Բացի դրանից, եթե նույնիսկ առանձին տեղերում նման միջոցներից կարող են դիպուկ խոցել և կամուրջներ, ենթակառուցվածքներ, տեխնիկա շարքից հանել, դրանից հետո, միևնույն է, պատերազմը որպես այդպիսին կոնվենցիոնալ է, և ցամաքային զորքերի գործողությունները պիտի ամրագրեն քո կատարած քայլի հաջողությունները: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական զինված ուժերը ցամաքային զորքերի առումով մեծ գովելու բան չունեն: Ամեն ուղղությամբ տասնյակ հազարավոր, մինչև վերջին նիշը սպառվել են ցամաքային խմբավորումները: Պատերազմի վեց, յոթերորդ օրը արձանագրել էին ընդամենը մեկ բատալյոնի մարտական խնդրի կարողություն: Ռազմական գործից տեղյակ մարդիկ դա լավ հասկանում են, որ դա ընդամենը խայտառակություն է»:

Գերմանացի լրագրողը հետաքրքրվեց նաև թուրք հրահանգիչների՝ ադրբեջանական զինված ուժերում ներկայության մասին: Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց. «Մենք փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլան, կոնկրետ օդային հարվածները լիովին վերահսկում, ղեկավարում են թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները: Ունենք հստակ փաստեր, որ որպես պլանավորողներ, ինստրուկտորներ, հետախույզներ կիրառվում են թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները, բայց առանձին ստորաբաժանումներ ամբողջովին, որ ասենք՝ այս մի դասակը, վաշտը թուրքական է եղել, դեռ այդպիսի տվյալ չունենք»:

Գերմանացի լրագրողի հետաքրքրությանը՝ ադրբեջանական ցամաքային զորքերում տեսնո՞ւմ են թուրքական մասնակցություն, Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Թուրքական գործունեության  և քաղաքականության համար միգուցե ավելի էժան է, որ իրենց փոխարեն մեռնեն ջիհադիստները»:

Արտասահմանցի լրագրողները Արծրուն Հովհաննիսյանին  խնդրեցին պարզաբանել թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ քուրդ զինյալները ներգրավված են պատերազմում ղարաբաղյան կողմից, Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով ասաց. «Մենք երեսուն տարի այդ հեքիաթը լսում ենք. դուք էլ եք լսել: Երեսուն տարի անդադար լսել ենք այդ հեքիաթը, որ Հայաստանն օգնում է կամ Հայաստանին են օգնում քուրդ զինյալները, գեթ մեկ ապացույց չեն տվել, որ մենք երբևիցե դիմել ենք իրենց օգնությանը կամ համագործակցությանը: Մեր զինված ուժերը քրդերի կարիք չունեն, ի տարբերություն թուրքերի մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031