Այն հանգամանքը, որ գերմանալեզու լրատվամիջոցները շատ արագ են աշխատում, արձագանքում Արցախում ժամառժամ փոխվող դաժան իրականությանը, նորություն չէ: Նորություն է սակայն, որ Գերմանիայում կամ Մոսկվայում տեքստ գրող լրագրողի կողքին այս շաբաթ Շուշիում եւ Ստեփանակերտում հայտնվեց սաղավարտով, զրահաբաճկոնով աշխատող լրագրողը նաեւ: «Բիլդի» թղթակից Փաուլ Ռոնցհայմերը (Paul Ronzheimer) իր պատրաստած 3.15 րոպեանոց տեսանյութում հոկտեմբերի 8-ին պատմեց 10 օր ապաստարաններում ապրող կանանց մասին: Տոկուն, չհուսահատված, անզիջում պայքարը շարունակող կանայք, որոնց ամուսինները ռազմի դաշտում են: Ի դեպ հաղորդավարը նկատել տվեց, թե «ադրբեջանական եւ թուրքական ռազմական հարձակումը Հայաստանի Լեռնային Ղարաբաղի վրա է», առանց նույնիսկ ստորակետով տրոհելու աշխարհագրական տեղանունները: Ինչեւէ, տեսանյութն արժեքավոր է նրանով, որ արձանագրում է, թե Ադրբեջանը ռմբահարում է ոչ միայն ռազմական նպատակակետերը, այլեւ թիրախավորում խաղաղ բնակիչներին՝ ցույց տալով Շուշիի Արվեստի կենտրոնի փլատակները: Կասկածում եմ, թե ռեալպոլիտիկի գերին դարձած գերմանացիներին այս տեսարանը կցնցի այնքան, որ կթոթափեն անտարբերությունը եւ կմիանան իրենց երկրի տարբեր քաղաքներում՝ Քյոլնում, Բեռլինում հոկտեմբերի 9-ին, 10-ին գումարվելիք գերմանահայերի կազմակերպած բողոքի արշավներին, կամ՝ ավելի ճիշտ՝ կառճակատվեն իրենց համերկրացի թուրքերի հետ: Ուրիշ բան, եթե ցույցը հակաէրդողանական շեշտ ունենա, որ կարող է համախմբել ավելի մեծաթիվ զանգված:
Այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից 6 ամսով Գերմանիան է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, մեկնաբանելի է դարձնում այն ակտիվությունը, որ այս օրերին տեսանելի է դառնում: (Անշուշտ, նկատելի է, որ Երեւանում ԳԴՀ եւ Բեռլինում ՀՀ դեսպանները ջանադիր աշխատանք են տանում, հատկապես վերջինը, որի պարտականությունների մեջ է մտնում ճեղքել թուրքաադրբեջանական «շռայլ բախշիչի» զորավոր ուժը նաեւ): Կանցլեր Մերկելը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը օրակարգում ներառնելու նախաձեռնությունը Գերմանիան էր ստանձնել, արտգործնախարար Հայկո Մաասը քանիցս խոսել է ռազմական ուժ կիրառելու դեմ: Բունդեսթագում մտահոգություն հայտնող պատգամավորների թիվն ավելանում է, Եվրոպական կառույցներում հստակ արտահայտվում են գերմանացի պատգամավորները, բայց Գերմանիայում անտարբեր զանգվածը դեռ մեծաթիվ է:
Հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի վերամիավորման տոնի առիթով հատկապես սոցցանցերում շրջանառվեց այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրի լավագույն լուծումը, պատերազմը դադարեցնելու կարճ ճանապարհը Արցախի անկախության կամ՝ ՀՀ-ի հետ վերամիավորման ուղին է մնում: Եթե ամփոփելու լինենք, ապա գերմանական առավել հաճախ շրջանառվող պատասխան թեզը հետեւյալ ձեւակերպումն ունի՝ ո՞վ կբացի պանդորայի արկղը, ո՞ր պետությունը հանձն կառնի սկսելու մի անկանխատեսելի որոգայթներով լի ճանապարհ: Մի շահեկան փոփոխություն, այդուհանդերձ նկատելի է. այն հանգամանքը, որ գերմանահայ երիտասարդությունը ակտիվ պայքար է ծավալում վիրտուալ տարածքում՝ հատկապես սոցցանցերով, բացահայտում ու քողազերծում կեղծ լրատվությունը, փոխարենը իրազեկում, տեղեկացնում, աղբյուրներ հիշատակելով ներկայացնում ճշմարտությունը, նոր ձեռքբերում է: Նրանց էջերին հետեւող գերմանացի երիտասարդությունը կամաց-կամաց արթնանում է, նույնիսկ սկսել է մասնակցել ի նպաստ Արցախի դրամահավաքին:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում


















































