Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինե Մանուչարյանը հրաժարվել է հեռացնել գրառումը

Հոկտեմբեր 10,2020 20:13

Երեկ երեկոյան ոստիկանություն էր հրավիրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում տիկին Մանուչարյանը մանրամասնեց, որ հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Facebook սոցիալական ցանցում օրեր առաջ կատարած մի գրառման համար:

Թեեւ գրառման մեջ ուղղակի չի ասվում, բայց դրանից հասկանալի է, որ տիկին Մանուչարյանն իր անհամաձայնությունն է արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որում նա մասնավորապես ասել էր. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին»:

Նշենք, որ Ազգային ժողովն երեկ ընդունել է ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ՝ լրատվական գործունեություն իրականացնողի՝ խախտման հետեւանքը չվերացնելու պարագայում սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1000-1500-ապատիկի չափ, իսկ լրատվական գործունեություն չիրականացնողի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 700-1000-ապատիկի չափ:

Մարինե Մանուչարյանից պահանջել են հեռացնել գրառումը: Նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ իր կարծիքն է, որն արտահայտել է օրենքի ընդունումից առաջ. «Որեւիցե բան չեմ խախտել, ոչ մի պառակտում չեմ մտցրել: Վարչապետի պահվածքին դեմ եմ եղել՝ դրա համար էլ արտահայտվել եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031