Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հուշարձանների պահպանության ոչ մի երաշխիք եւ մեխանիզմ չկա». ԿԳՄՍ փոխնախարար

Նոյեմբեր 11,2020 15:20

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներում գտնվող արցախյան մշակութային հուշարձանների փրկության հարցը մտահոգության տեղիք է տվել: Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ Արցախի տարածքում մոտ 5000 հուշարձան է գույքագրվել, մեծ մասամբ կան լուսանկարներ: Նրա խոսքով, փաստագրման եւ գույքագրման գործը կազմակերպել է, թե Արցախի մշակույթի նախարարությունը եւ թե լուսահոգի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ղեկավարած ՀՃՈՒԿ հիմնադրամը:

Տիկին Խաչատուրյանի խոսքով, թղթային տարբերակով առկա է ամենը վկայված, սակայն հարցն այն է, թե իրականում այդ հուշարձաններն ինչպես կպահպանվեն:

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ այս պահին որեւէ մեխանիզմ չկա Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքների հայկական ժառանգությունը պահպանելու համար. «Այն թուղթը, որ ստորագրվել է, չի նշում ոչինչ, կամ դրան կից որեւէ իրավական ակտ չկա, որտեղ նշված լինեն մեխանիզմները, կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Ինչպես նաեւ շատ անհասկանալի իրավիճակ է, թե մարդիկ ինչպե՞ս են տարհանվելու, ով է փոխհատուցելու այս մարդկանց, ինչ ճակատագիր է սպասվում այնտեղ գտնվող անշարժ մշակութային հուշարձաններին, մանավանդ մենք ցավալի նախադեպ արդեն ունենք:

Միակ բանը, որ գուցե կարող է մեր ոխերիմ թշնամուն հետ պահել բարբարոսությունից եւ մշակութային վանդալիզմից, այն մշակութային կոնվենցիաներն են, որոնց նրանք էլ են միացել, բայց ի՞նչ կոնվենցիա, ինչ բան..Ինչի մասին ենք մենք հիմա խոսում: Անվտանգության առումով որեւէ երաշխիք չկա, եւ չկա որեւէ մեխանիզմ այդ երաշխիքներն ունենալու»:

Նրա խոսքով, մեր հայրենիքի մի մասն անցավ թշնամուն, եւ այնտեղ գտնվող հուշարձանների իրավատերն իրենք են. «Այդ հուշարձանները համարվելու են իրենց տարածքի հուշարձաններ: Ըստ կոնվենցիաների, Ադրբեջանն ունի պարտավորություն դրանք պահպանելու, սակայն դրանք թղթի վրա գրված բաներ են,ու կյանքն ուրիշ բան է ցույց տալիս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30