«Լինի ԱԺ նիստ, թե խորհրդի նիստ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իրենց անվտանգությունը երաշխավորված է: Պատրաստ ենք ԱԺ մուտքից իրենց դիմավորել եւ ուղեկցել: Որեւէ մեկը նրանց որեւէ բան չի ասի եւ չի անի»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստ պետք է հրավիրվեր՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար, եւ դրա համար անհրաժեշտ էր օրակարգը հաստատել ԱԺ խորհրդի նիստում, սակայն խորհրդի անդամ հանդիսացող «Իմ քայլի» պատգամավորների բացակայության պատճառով նիստը չեղավ: «Հավատում եմ, որ «Իմ քայլ»-ում կան սրտացավ մարդիկ, որոնք կսկիծով են հետեւել այն նվաստացուցիչ գործընթացին, որի մասին իրենց ղեկավարն անգամ հարկ չի համարել իրազեկել իրենց: Իմ անձնական զրույցներից էլ գիտեմ, որ իրենց մեծամասնությունը շոկահարված է եղել այս փաստաթղթից: Հույս եմ հայտնում, որ բավարար չափով իրենց մեջ սխրանք կգտնեն ու կգան, այլապես կարձանագրենք, որ ՀՀ-ում խորհրդարանական ճգնաժամ է՝ իր հետեւանքներով»,-հավելեց Իվետա Տոնոյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ տեղեկացրեց՝ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ խոսել են այն մասին, թե ինչ կլինի, եթե մինչեւ 22:30-ը քվորում չապահովվի. «Ներկա էին ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորները: Բացատրել ենք, որ եթե չներկայանան եւ քվորում չապահովեն, խորհրդարանական քաղաքակիրթ դաշտում այլեւս որեւէ մեխանիզմ չենք ունենա: Նորից շեշտեմ՝ հասկանում ենք, չէ՞, թե ինչ կունենա, եթե խորհրդարանում այս հարցը չլուծենք: Բոլոր գործընթացների պատասխանատուն լինելու են «Իմ քայլի» պատգամավորները: Այն, ինչ սկսվելու է, լինելու է իրենց մեղքով: Զգուշացնում եւ խնդրում, պահանջում ենք, որ այս ամենը տեղափոխեն խորհրդարան»:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ պարզաբանեց՝ ըստ սահմանադրության ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ չի կարող խորհրդարանում առաջ քաշվել վարչապետին անվստահություն հայտնելու խնդիր. «Քանի որ այս իրավիճակի միակ պատասխանատուն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, քաղաքական դասալիք է, չենք կարողանում գտնել, պետք է դրվի նրան անվստահություն հայտնելու հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է քվորում: Նիստը պետք է լինի, որ քննարկենք իրավիճակը, լուծում գտնենք: Եթե «Իմ քայլը» չգա, խորհրդարանական ճգնաժամ կառաջանա, որն իրավական լուծում չունի: Եւ այդ ժամանակ թող որեւէ մեկը մեզ չմեղադրի, թե ժողովուրդն արեց այն, ինչ ուզում է»: ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն էլ տեղեկացրեց՝ ԱԺ խորհրդի նիստի կայացման համար անհրաժեշտ 10 քվեից այս պահին պակասում է 3-ը. խորհրդարանում ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները մինչեւ 22:30 սպասում են «Իմ քայլ»-ին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































