Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ Գյումրիում. դպրոցի տնօրենը պահանջում է վերականգնել իր հպարտությունը

Նոյեմբեր 30,2020 22:11

Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարեց Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ  պատճառը եռակողմ համաձայնագիրն է, ըստ որի, 2 ժամից հանձնում ենք Լաչինի փրկօղակը։ «Ես իմ քայլով կոչ եմ անում իմ ազգին ոտքի կանգնել, մենք երկիր ենք կորցնում։ Ես այսօր բառիս բուն իմաստով ինձ զգում եմ ստորացված, նվաստացած, չեմ ուզի ստորացված ապրել այս երկրում, առավել ևս չեմ ուզում, որ այդպես ապրեն իմ զավակները, իմ աշակերտները, իմ բարեկամները, իմ ընկերները»,-ասաց Հովհաննես Պետրոսյանը։

Նա ցավով նշեց, որ իր շրջանավարտներից երեքը զոհվել են` առ ոչինչ տալով իրենց կյանքը։

Դպրոցի տնօրենը նաև նախազգուշացրեց, որ չփորձեն թիրախավորել իր ընտանիքին, ինքը երբևէ սոցցանցերում գրանցված չի եղել և չի պատրաստվում գրանցվել։

«Ես 21 տարուց ավել դպրոցի տնօրեն եմ, ես սովորեցրել եմ ապրել, սովորեցրել եմ սիրել հայրենիքը։ Այս տխրահռչակ հայտարարությունը ստորագրելուց հետո խորհրդակցում էի իմ պատմաբան ընկերոջ հետ, ասում էի` ի վերջո մեր դասագրքերում կա Շուշիի գրավման տոնակատարություն, «Հարսանիք լեռներում», հաջորդ մայիսին մենք ի՞նչ ենք ասելու մեր երեխաներին, մեր զավակներին։ Չգիտեմ, ես դատարկված եմ, ստորացված եմ, ես չեմ ուզում այդպես ապրել»,-ասաց տնօրենը։

Նա նաև նշեց, որ 2,5 տարի առաջ ասում էին` քայլ արա, այժմ իրական քայլ անելու ժամանակն է. պետություն ենք կորցնում, երկիր ենք կորցնում։

«Մեզ նվաստացրել են, այլևս լռելու տեղ չունենք, վախենալու տեղ չունենք, ումից վախենանք, երկիր ենք կորցրել։ Ուզում եմ այնպես անեն, որ որպես հայ` մի փոքր վերականգնվի հպարտությունս», հայտարարեց դաշնակցական տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30