Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական տեղեկատվության ճիշտն ու սուտը. ի՞նչ է տեղեկացնում Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբեր 30,2020 23:35

Նոյեմբերի 27-ին`դիմելով ՀՀ եւ ԱՀ «հպարտ քաղաքացիներին եւ սփյուռքի հպարտ հայությանը»`իր բնութագրմամբ`այս դժվար օրերին ազգային «հպարտությունը եւ ազգային արժանապատվությունը պահպանելու» նպատակով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում ժողովրդին ասվել է ճշմարտությունը եւ ասվել է պատերազմին հատուկ կանոններով:Պատերազմի ընթացքում ասված ճշտի եւ ստի մասին հրապարակային բանավեճին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի`ասուլիսում արած այն պնդումից հետո, որ պատերազմի ժամանակ սուտը պետք է լինի իրականության 30 տոկոսը, սակայն, մեզ մոտ գերազանցել է 100 տոկոսը:

Իսկ թե ի՞նչ է ներկայացվել պատերազմի օրերին հանրությանը`Aravot.am-ը կանդրադառնա մի քանի հրապարակմամբ: Առաջին հոդվածով ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված տեղեկությունները`մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Սեպտեմբերի 27– ին Նիկոլ Փաշինյանը պատերազմի գույժը հնչեցնելուց հետո, մասնավորաբար, կոչ է անում. «…վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք»։

Նույն օրը, Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը պատերազմի մասին, հետեւյալ մեկնաբանությամբ. «Ոչի՛նչ, ոչի՛նչ, որեւէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին»:

Իսկ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ ասվում է. «Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն իրազեկում է ԱԽ նիստի մասին, որտեղ որոշում է կայացվել ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու եւ մասնակի զորահավաք իրականացնելու մասին: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը նաեւ ուղերձով է դիմում համայն հայությանը`ասելով, որ ՊԲ դիրքերը`բոլոր ուղղություններով ծանր հրետանիով եւ հրթիռակոծմամբ հարձակման են ենթարկվում, կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ խաղաղ բնակչության շրջանում: Նույն օրը ԱԺ ամբիոնից, իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի հյուսիս- արեւելքում եւ հարավ-արեւելքում մարտեր են, իրադրությունը լարված է, հարված է հասցվել նաեւ Ստեփանակերտին: Նա նաեւ հայտարարում է, որ պատերազմը ռազմավարական առումով անսպասելի չէր, նաեւ հավելում է, որ երկընտրանք էր դրվում մեր ժողովրդի առջեւ`հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Այս թեզն, ըստ նրա, Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ է զարգացրել:

Սեպտեմբերի 28-ին, 29-ին, 30-ին կամավորականների`ոգեւորությամբ ռազմաճակատ մեկնելու, մեր ոգին ամուր լինելու մասին գրառումներ են, նաեւ մի քանի հարցազրույցներ, որոնցում ներկայացվում է ընդհանուր իրավիճակը`ընդգծելով, որ միջազգային հանրությունը թուրք-ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտի:

Հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում հայտնվում է հետեւյալ գրառումը. «Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։

Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով»։

Նույն օրը տեղադրվում է նաեւ տեղեկություն. «Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»:

Հոկտեմբերի 2-ին իրազեկում է նաեւ չորրորդ անօդաչուի խոցման մասին: Ապա տեսանյութ`Արայիկ Հարությունյանը առաջին կոչումներն է շնորհում մարտական կապի ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանն այդ օրը հրապարակում է նաեւ իր բանաստեղծությունը`գրված 2016-ին, մայիսի 19-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում:

Հոկտեմբերի 3-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:

Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին»:

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հնչեցնում է մարտակոչ`ուղղված վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին, որում ասում է, որ վիճակը բավականին ծանր է: Հորդորում է «ժողովրդին ցեղասպանությունից» պաշտպանելու եւ «կենաց-մահու կռիվ տալու» գնալ սեփական զինվորական հագուստներով, զրահաբաճկոններով, սաղավարտով: Ի դեպ, այդ օրը Նիկոլ Փաշինյանը հնչեցնում է հստակ տվյալ`վերջին մեկ տարում զորացրվածների քանակի մասին, ինչպես նաեւ կենտրոնական զորահավաքայականի տեղն է ասում: Այնուհետեւ որդու`Աշոտի, զինվորագրման տեսանյութն է տեղադրված:

Հոկտեմբերի 6-ին ԱՀ-ում, Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի եւ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ քննարկում է իրավիճակը:

Հոկտեմբերի 8-ին «օգտվելով տեխնիկական հնարավորություններից»՝ կեսգիշերն անց զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ, ուղղ եթերում տալիս հարցեր, որոնց պատասխանները զինվորական գաղտնիք են պարունակում։ Նրա հարցերին ուղիղ պատասխաններ չեն ստանում:

Հոկտեմբերի 8-ին նաեւ այսպիսի գրառում է տեղադրված Նիկոլ Փաշինյանի էջում. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»:

«Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի»:

Հոկտեմբերի 9-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում`ասելով. «Ադրբեջանի զորքերը, որոնց աջակցում է Թուրքիան, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ»:

Պատերազմի 18-րդ օրը`հոկտեմբերի 14-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման եւ մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը եւ Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ:

Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է մեր բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով:

Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եւ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների եւ հատկապես մայրերի առաջ եւ նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»:

Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30