Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներին պետք չէ զրկել ամանորյա հեքիաթից. մեզ նևրոտիկ սերունդ պետք չէ». հոգեբան

Դեկտեմբեր 04,2020 23:10

«Երեխաներին չպետք է զրկել տոնից, նրանք ողջ տարվա ընթացքում սպասում են, թե երբ են տոնածառ դնելու, Ձմեռ պապիկին նամակ գրելու և նվեր ստանալու: Մենք հաստատ տանը տոնածառ դնելու ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց երեք երեխաների մայրիկ 38-ամյա Նարինե Հովակիմյանը:

Ամանորը չնշելու հետ կապված բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնց հասարակության մեծամասնությունը կողմ է. պարզ է հազարավոր զոհեր ունենք, տարածքների կորուստ, էլ ո՞վ ունի Ամանորի տրամադրություն: Սակայն երեխաների համար ամանորյա հեքիաթ կազմակերպելու, տոնածառ դնել-չդնելու հետ կապված ոչ բոլորն են միակարծիք: Դատելով ֆեյսբուքում ծնողների տարբեր խմբերում արտահայտված կարծիքներից՝ նրանց մեծամասնությունը, այնուամենայնիվ, կողմ է, որ տանը տոնածառ դրվի: Օրինակ՝ մի ծնող գրում է. «Տոնական սեղան չենք դնելու, քեֆ ուրախություն չի լինելու, տնետուն գնալ չի լինելու, բայց տոնածառ, անպայման, դնելու ենք, երեխաները մեղավոր չեն»: Մեկ այլ ծնող էլ մեկնաբանություններում գրում է. «Ինչ էլ հավես ունեք տոնածառի…»:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում հոգեբան Եվա Օհանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին: Նա վստահեցրեց՝ փոքրիկներին չի կարելի զրկել ամանորյա հեքիաթից և պատճառաբանեց. «1-3, 3-7 տարեկան երեխաները, որոնք դեռ ճգնաժամի մեջ են, նրանց պետք չէ զրկել Ամանորից: Իրենք բացարձակապես մեղավոր չեն, և ամանորյա հեքիաթից զրկելը կարող է երեխային տրավմա հասցնել»:

Ըստ հոգեբանի՝ այդ հեքիաթը կարելի է ավելի համեստ ձևով կազմակերպել, վարկով սեղան գցել պետք չէ, կարելի է ճոխություններից զերծ մնալ, բայց երեխան երեխա է մնում, և նա պետք է իր զարգացման փուլն անցնի:

Եվա Օհանյանը կողմ է, որ Հանրապետության հրապարակում ճոխ տոնածառ չդրվի, քանի որ քաղաքը, Հայաստանը սգի մեջ է: Նա նշեց, որ աշխատում է հաշմանդամ զինվորների ընտանիքների հետ և շատ լավ գիտի, թե ինչ ցավ են ապրում այդ մարդիկ: Բայց մյուս կողմից ևս մեկ անգամ շեշտեց՝ երեխային չպետք զրկել ամանորյա հեքիաթից, տոնածառից ու նվերներից. «Դա պետք է անել սիմվոլիկ կերպով, քանի որ Ամանորը կապված է հեքիաթի, բարության հետ: Մենք բոլորս էլ մեր հուշերով կապված ենք Ամանորի հետ, այն ասոցացվում է մեր մանկության հետ: Երբ երեխան չի գտնում իր հեքիաթը, նրա մոտ կորստի զգացողություն է առաջանում, իսկ դա ավելի է խորացնում ու խտացնում բացասականը և պատճառ դառնում բազմաթիվ տրավմաներից: Բայց մեզ պետք չէ նևրոտիկ սերունդ մեծացնել, մեզ ավելի շատ պետք են ուժեղ և ամուր հոգեկանով երեխաներ, որովհետև մենք պետք է զարգանանք ու առաջ գնանք»:

Դասարանական հավաքույթներից հոգեբանը հորդորում է զերծ մնալ և պարզաբանում. «Դա լրիվ ուրիշ է, իսկ տան մթնոլորտն ուրիշ է, երբ փոքրիկն ուզում է, որ իր ձմեռ պապիկին սեղանին նստեցնեն, կամ իր սիրած խաղալիքն է տոնածառից կապում, իրեն պետք չէ դրանից զրկել, քանի որ առանց այդ էլ երեխաները տագնապած են: Նրանք դպրոց, մանկապարտեզ չեն գնացել, բակում քիչ են խաղացել. ծանր տարի էր, դրա համար նրանց պետք չէ զրկել ամանորյա հեքիաթից, բայց հավաքույթները, հրավառությունները, այստեղ-այնտեղ գնալը, բարձր երաժշտությունը ես համարում եմ, որ ոչ այնքան ադեկվատ կլինի այս տարվա համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031