Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի». Վազգեն Մանուկյանի զգուշացումը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 05,2020 17:30

Այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքն էր: Ընդդիմության առաջարկած Ազգային փրկության շարժման անցումային կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

Նա իր ելույթում ասաց, թե ինչպես ենք հաղթել արցախյան առաջին պատերազմում, իսկ հիմա՝ 30 տարի անց, հավաքվել ենք Ազատության հրապարակում՝ հսկայական տարածքային, մարդկային կորուստներով. «Նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջեւ, երբ ադրբեջանցիներն են որոշում սահմանը՝ մտնելով Հայաստան՝ ոչ մի տիպի դիմադրություն չստանալով մեր պետական մարմիններից: Սա է վիճակը, հարմարվե՞նք այս վիճակին: Այն խնդիրները, որ դրված էին 88 թվին, նորից դրված են եւ այդ խնդիրները պետք է լուծվեն:

Եթե դու խնդիր ես լուծում ու անհաջողության ես մատնվում, ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները: Ո՞նց հավատացինք այդ քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ: Մենք թշնամացանք իրար դեմ, հայաստանցի-արցախցի, հին ու նոր, ազնիվ-ոչ ազնիվ: Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ գլխատել Արցախի բանակը, Արցախի լավագույն հրամանատարները, որոնք փորձ ունեին, տիրապետում էին, մինչեւ հիմա կանգուն էին, հեռացվեցին բանակից:

Պատերազմի ժամանակ նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնել շտաբ: Եվ այդ գեներալներն իրավունք չունեին մի հատ մտնելու շտաբ: Վարկաբեկվեց Հայաստանի բանակը: Մենք կորցրեցինք բոլոր դաշնակիցներին, ՌԴ-ին, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում: Ու այդպես միայնակ գնացինք առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարությունները ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմի:

Պատերազմը սկսվեց եւ առաջին օրվանից անգրագետ, երբեմն՝ դավաճանական որոշումներ: Եվ մենք հասանք այս վիճակին: Մենք կարող էինք կանխել պատերազմը, հաղթել պատերազմի ժամանակ, շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով, այդ ամենը չեղավ: Եվ հիմա դրան միանում է երկրորդ խայտառակությունը: Աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ իրենց առաջնորդը, որը հետեւողականորեն իրենց տարավ պարտության, մինչեւ հիմա ղեկի մոտ է: Այդպիսի բան աշխարհում չի լինում»:

Վազգեն Մանուկյանը զգուշացրեց, որ Փաշինյանը լավ կանի կամովի հրաժարական տա. «Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի: Այս շարժումը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձեւով փոխել իրավիճակը Հայաստանում: Ձախողվեց՝ ավելի վատ է լինելու: Ինքը բոլոր դեպքերում գնալու է»:

Թե ինչ է պատրաստվում անել նոր կառավարությունը՝ Մանուկյանն ասաց, որ առաջինը՝ երբեք չեն հաշտվի Արցախի հողերը հանձնելու եռակողմ փաստաթղթի հետ, թեեւ փաստաթուղթը դե ֆակտո գործում է. «Մենք չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նաեւ խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Հիմա սկի Սոթքը չենք կարողանում պահել, ի՞նչ ենք անելու: Բայց նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Ղարաբաղի: Երկրորդը անվտանգության հարցն է, պետք է վերականգնել բանակը, մեր մարտունակությունը, դրա մեջ մտնում է հատուկ հարաբերությունները ՌԴ-ի հետ»:

Նա նաեւ ընդգծեց, որ Թուրքիայի դեմ ստեղծվող դաշինքի մեջ պետք է լինենք, աշխարհը չի համակերպվելու Թուրքիայի լկտիություններին: Երրորդ հարցը անհայտ կորածների, գերիների հարցն է, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու, փախստականների հարցերը:
Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ պարտությունից հետո կարող է լինել հաղթանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031