Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ գործող իշխանության պայմաններում ես Արցախ չեմ այցելի». Կոնստանտին Զատուլին

Դեկտեմբեր 24,2020 19:40

«Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները հայտնվեցին վտանգի տակ: Սա իմ անձնական կարծիքն է: Մենք հավատում ենք այն գեղեցիկ խոսքերին, որոնք մեզ ասում են, բայց նման դեպքերում նաեւ ասում են՝ վստահիր, բայց ստուգիր»,-«Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Ինչ վերաբերում է ՀՀ նոր կառավարության հետ հարաբերություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրանց եւ մեր իշխանության միջեւ վստահությունը, իմ կարծիքով, այդպես էլ չառաջացավ: Մեծ է հավանականությունը, որը սեպտեմբերից նոյեմբեր իրադարձություններն այս պատճառով իրականություն դարձան, ինչից, իհարկե, օգտվեց Ադրբեջանը»,-համոզմունք հայտնեց Զատուլինը: Նա հարցադրում արեց՝ Ռուսաստանը կարո՞ղ էր թույլ չտալ պատերազմ. «Իմ կարծիքով՝ եթե Ռուսաստանը թեկուզ փոքր հնարավորություն ունենար այն թույլ չտալու, ապա այդպես կլիներ՝ չնայելով մեր հարաբերություններին: Կրկնում եմ, որ փաշինյանները գալիս գնում են, բայց հայ ազգը մնում է»:

Ըստ Զատուլինի՝ Ադրբեջանը խախտեց խաղաղությունը, Թուրքիայի հետ հարձակվեց Արցախի վրա եւ այդ կերպ խախտեց հրադադարը. «Հայաստանի իշխանությունն ապացուցել է իր անկարողությունը բանակցային գործընթացում բարձր դիրքերից հանդես գալու տեսանկյունից: Այսօր փաստեր են ի հայտ գալիս, թե ինչպես եւ ինչու է այդ ամենը տեղի ունեցել, բայց առաջին դասը Ռուսաստանի համար հետեւյալն է՝ խաղաղությունը խախտողը չպատժվեց ու հնարավորություն ունի հաղթանակը տոնելու: Այս հանգամանքը Ռուսաստանի համար էական է»:

Պատգամավորը նաեւ նշեց. «Ես երեւի պետդումայի միակ պատգամավորն եմ, ով այս տարիներին պարբերաբար այցելում է Արցախ: Ես վաղուց տեղում կլինեի եւ իրավիճակն իմ աչքերով կտեսնեի, բայց որոշել եմ՝ ՀՀ ներկա իշխանությունների լինելիության պայմաններում ես չեմ այցելի Արցախ եւ որեւէ մեկին անհարմար դրության մեջ չեմ դնի: Չէի ուզենա ավելացնել ՀՀ-ում հիմա առկա լարվածությունը, բայց ես չեմ կարողանա գործող իշխանության հասցեին որեւէ սատարող բան ասել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031