Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգվել է Արթիկի այն դպրոցը, որը փորձում էին կարի ֆաբրիկայի վերածել 

Փետրվար 28,2021 22:34

1987 թվականին  Արթիկի կենտրոնում կառուցված թիվ  4 հիմնական դպրոցը, որը գտնվում էր անմիխիթար վիճակում և որը 5 տարի առաջ համառորեն փորձում էին փակել, կարի ֆաբրիկա դարձնել ՝ նվիրելով սփյուռքահայ գործարարներ Վարդան Սրմաքեշին ու Քրիստիան Գելեջիին, շքեղ վերանորոգման է ենթարկվել։

Դպրոցի շենքը, կարելի է ասել, անճանաչելի է դարձել․ փոխվել են պատուհանները, դռները, հատակը, վերոնորոգվել է տանիքը, մարզադահլիճը, միջոցառումների  դահլիճը, դասասենյակները, կահավորվել է նոր գրատախտակներով, համակարգիչներով, նստարաններով։

Մեզ հետ զրույցում  դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն հիմնովին վերանորոգվել է Հայ Կրթական հիմնարկության շնորհիվ։

Ինչպես տեղեկանում ենք Հայ կրթական հիմնարկության ֆեյսբուքյան էջից, հիմնանորոգման ծախսը կազմել է 230,000 դոլար։ 50,000 դոլար նվիրաբերել են Պատրիկ և Ժակլին Բաղդասարյանները։

Ի դեպ, Հայ կրթական հիմնարկությունը հիմնվել է 1950 թվականին ու անզուգական դերակատարություն ունի Հայաստանի, Արցախի ու Ջավախքի կրթական օջախների հիմնանորոգման, զարգացման գործում։ 200-ից ավելի դպրոցներ է վերանորոգել, նաև կրթաթոշակներ է տրամադրում  հայ ուսանողներին։

«Վերանորոգումից հետո մեր աշակերտների թիվը կտրուկ ավելացել է։ Լիահույս ենք, որ մեր դպրոցը լինելու է քաղաքի ամենագրավիչ կրթական օջախը՝ թե՛ կրթական  բարձր որակով, թե՛ շենքային հարմարավետ, ժամանակակից պայմաններով։ Շուտով կունենանք նաև նախակրթարան․ Հայ կրթական հիմնարկությունը շենքից մի հատված վերանորոգել է այդ նպատակով։

Բարեկեցիկ պայմաններում կրթություն ստանալն ու աշխատելը մեզ անկատար երազանք էր թվում, այսօր իրականություն դարձավ մեր երբեմնի երազանքը, ունենք տաք, լուսավոր, մաքուր դասասենյակներ, իդեալական սանհանգույցներ։ Ստեղծված է կրթական նպաստավոր, ապահով միջավայր»,- ասաց Նունե Գրիգորյանը՝ դպրոցի անձնակազմի, ծնողների ու աշակերտների անունից մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Հայ կրթական հիմնարկութանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Արթիկի թիվ 4 դպրոցի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728