Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Կարմիր խաչ ընկերության մի շարք միջազգային գործընկերներ սառեցնում են համագործակցությունը` ընկերության կառավարման ճգնաժամի պատճառով. Նունե Գրիգորյան

Մարտ 26,2024 23:30

Հայկական Կարմիր խաչ ընկերության միջազգային որոշ գործընկերներ հայտարարել են համագործակցության սառեցման մասին:

«Համաձայնագրերը սառեցնելու մասին պաշտոնապես հայտարարել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, շվեցարական, ավստրիական կարմիր խաչ ընկերությունները: Մեր տեղեկություններով՝ նաեւ Յունիսեֆը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը մեր հիմնական գործընկերն է, էլի իր մտահոգությունն է հայտնել: Դոնորները խուսափում են աշխատել կառավարման ճգնաժամի պատճառով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Նունե Գրիգորյանը:

Նրա խոսքով, ամենացավալին ընկերության նախկին աշխատողների  համար իրենց  կառուցած կառույցի քանդվելը տեսնելն է.  «Մեր կառուցած կառույցն այս պահին քանդվում է, եթե դուրս են գալիս դոնորները, նշանակում է , որ այդ գումարները, որոնք պետք  է ուղղվեին շահառուներին, երկիր չեն մտնում:

Ամենալուրջ խնդիրը սա է, ոչ թե մեր՝ նույնիսկ աշխատանքից հեռացվել-չհեռացվել, ոչ թե նախագահի հարց, ամենակարեւորը, որ մեր պետության վարկին վնաս է հասցվել, որ միջազգային դոնորները տեսնելով, որ ազգային ընկերությունը կարող է այսպես կոլլապսի ենթարկվել, իրենք գումարները հանում են, համաձայնագրերն են անցնում, տասնյակ հազարավոր մարդկանց է սա առնչվում, շահառուներն են տուժում: Մենք վերջին 4 տարիներին կարողացել էինք ձեռք բերել վստահություն մեր գործընկերների մոտ, տասնյակ միլիոնավոր դոլարներ ենք բերել երկիր մեր աշխատանքի շնորհիվ, իսկ հիմա դա կանգնում է»:

Հայկական Կարմիր խաչ ընկերությունում կրքերը դեռ չեն հանդարտվել: Ընկերության նախագահի հարցի շուրջ տարաձայնությունների արդյունքում արդեն 40 աշխատակից է ազատվել աշխատանքից:

«Մենք՝ բոլորս, հրաժարվել ենք նման ոճի ղեկավարության հետ աշխատելուց, որովհետեւ անօրինական նշանակված նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանը նոր տնօրենի նշանակման մասին չի կարող օրինական լինել»,- ասաց Նունե Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ 40 աշխատակցի աշխատանքից ազատումը ընկերության գործող ղեկավարությունը բացատրել է  պայմանագրային պարտավորությունների խախտմամբ եւ ազատել աշխատանքից առանց ծանուցելու. «Ես կոնկրետ չեմ ստացել ազատման ծանուցումը, հրամանը, այդ հրամանները ստորագրված չեն աշխատողների կողմից, բայց ազատված ենք համարվում»:

Աշխատանքից ազատված 40 աշխատակիցները տարբեր բողոքներ են ներկայացրել Արդարադատության նախարարություն, այդ թվում՝ ընկերության  համագումարի արդյունքում, իրենց պնդմամբ, օրինական ընտրված նախագահ Աննա Եղիազարյանի գրանցումը Պետռեգիստրի կողմից  մերժելու որոշումը. հիմա սպասում են այդ հարցով իրենց բողոքի վերաբերյալ նախարարության որոշմանը:

«Դրանից հետո արդեն կորոշենք, հույս ունենք, որ իրավական լուծում կլինի, հուսով ենք, որ օրենքը կգործի»,- ասաց Նունե Գրիգորյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031