Գորիսի քաղաքապետի տեղակալը Իրինա Յոլյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել․ «Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում եւ զենքերն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչեւ Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։
Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում։ Խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»։
Կարդացեք նաև
Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ռուսները հասկացնել տվին, որ իրենց գործառույթը չէ, չնայած որոշ ժամանակ առաջ ասում էին, որ իրենք կվերահսկեն։ «Խրամատ են փորում, մինչեւ մեր մարզպետարանը հավատացնում է, որ ոչ բանի կարիք չկա, ռուսները վերահսկելու են, թշնամին գործում է»,–ասում է Մենուա Հովսեփյանը։
Ըստ նրա, մինչեւ մենք քննարկում ենք հանրահավաքները, ադրբեջանցիները գործ են անում։ «Հայաստանը սահմանակից է Իրանի Հանրապետությանը, բայց խրամատ չենք փորում, ուղղակի սահմանային գոտի ունենք։ Եթե խրամատ են փորում, ուրեմն նրանք էլի պատրաստվում են։ Իսկ մենք ի՞նչ ենք անում»,–ասում է Մենուա Հովսեփյանը՝ համոզված լինելով, որ մենք պիտի պահանջատեր լինենք։
«Մենք պիտի պահանջենք, որ մեր տարածքները ճշտվեն, որ պարզենք Հայաստանի Հանրապետության սահմանն ու առաջ գնանք։ Եթե իրանց ամեն մի քայլին լռենք, չպատասխանենք, թուրքի վրա չկարողանանք բարձր խոսանք, սա պիտի լինի վիճակը»,–ասաց Մենուա Հովսեփյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




















































