Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողները քնել են բաց տարածքում, առանց վրանների, մնացել են բանջարեղենի համար նախատեսված պարկերի մեջ. ինչ են պարզել իրավապաշտպանները

Մարտ 30,2021 17:48

«Մենք տեղեկություններ ունենք, որ զինծառայողները քնել են բաց տարածքում, առանց վրանների, մնացել են բանջարեղենի համար նախատեսված պարկերի մեջ եւ նման ոչ մարդկային պայմաններում»,-այսօր այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող, Արմինե Սադիկյանը:

Նա մասնակցում էր «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած առցանց քննարկմանը: Նրա խոսքով, պատերազմին մասնակցած զինծառայողների եւ նրանց հարազատների մի շարք իրավունքները ոտնահարված են. «Պատերազմից անցել է ուղիղ 6 ամիս եւ այդ խնդիրները լուծում չեն ստացել: Պաշտպանական գերատեսչությունը դեռեւս չունի որեւէ հայեցակարգային մոտեցում, չունի ռազմավարություն՝ ինչպես լուծել զինված ուժերի խնդիրները, ինչպես լուծել զինծառայողների եւ ընդհանրապես պատերազմից տուժածների խնդիրները: Նույնիսկ, եթե ունի, հանրությունն այդ մասին տեղյակ չէ»:

Արմինե Սադիկյանն ասաց, որ բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ խախտվել է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքը, հատկապես՝ անհայտ կորածների դեպքում:

Քաղաքացիներին չեն տրվում տեղեկություններ նաեւ զորամասի փոփոխության, ծառայությունը շարունակել-չշարունակելու, արձակուրդի տրամադրման եւ այլնի մասին: Անկազմակերպվածության հետեւանքով էլ, ըստ նրա, մի շարք սոցիալական ծրագրերից քաղաքացիները չեն կարողանում օգտվել:

«Օրինակ՝ անձնագրերի բացակայությունը: Այն քաղաքացիները, որոնք մասնակցել են մարտական գործողություններին եւ փաստաթղթերը կորցել են, դրանց բացակայության հետեւանքով չեն կարողանում օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից: Այն զինծառայողները, որոնք վիրավորում են ստացել, նույնպես, փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում օգտվել այդ ծառայություններից:

Տիկին Սադիկյանը, որպես իրավունքի խախտում, մատնանշեց նաեւ զինվորների պահման պայմանները, որոնք պատերազմից այսքան ամիսներ անց էլ պատշաճ ապահոված չեն:

Նա նաեւ ասաց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմել են քաղաքացիներ, որոնք մասնակցել են մարտական գործողություներին, բայց նրանց վերաբերյալ տեղեկությունը պաշտպանական գերատեսչությունը հրաժարվում է ներառել զինվորական գրքույկներում:

Քննարկմանը ներկա «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանի հարցադրմամբ՝ ինչու է պետությունը մեծ ծախսեր անում՝ ներդնելու զանազան ու բազմազան ռեգիստրներ եւ ռեեստրներ, եթե անհրաժեշտության դեպքում չի կարողանում մարդուն նույնականացնել եւ անձնական տվյալները ճշգրտել, որպեսզի քաղաքացին, որը մասնակցել է մարտական գործողություներին, պատշաճ ձեւով կարողանա օգտվել իրեն հասանելիք աջակցությունից: Նրա խոսքով, զինվորը, որն անցել է դաժան պատերազմի միջով, հետպատերազմյան ժամանակահատվածում ստիպված է լինում վազվզել ու անցնել դժվարությունների միջով ու ինչ-որ թղթեր հավաքել:

Ըստ Վիոլետ Զոփունյանի՝ շատերի խնդիրները նույնիսկ չեն էլ բարձրաձայնվում, եւ մնում են իրենց տան պատերից ներս, որովհետեւ քաղաքացիները չգիտեն՝ ում դիմեն, ինչպես վերականգնեն իրենց ոտնահարված իրավունքները: Նա գտնում է, որ այս խնդիրը մեկ գերատեսչության լուծելու հարցը չէ, այլ միջգերատեսչական:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ այցելելով զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքներ պետության անտարբերությունն են նկատել: «Թող մի խումբ ստեղծեն, որոնք կայցելեն, կցավակցեն այդ մարդկանց, կզրուցեն հետները, այդ մարդիկ իրենց անտեսված են զգում»:

Նա, որպես անտարբերության օրինակ, նաեւ նշեց Մարտունի 3 զորամասի 76 զինծառայողների դեպքը, որոնք զոհվել էին, բայց նրանց ծնողներին որեւէ մեկը չէր ասում այդ մասին, ծնողներն էլ գիտեին՝ որդիներն անհայտ կորած են:

Ժաննա Ալեքսանյանի ուսումնասիրությունները պարզել են, որ շատ զինվորներ կան, որոնք հոգեկան խնդիրներ են ձեռք բերել. «Եղել է դեպք, որ Շուշիի պաշտպանության օրերին զինվորներից մի քանիսը գերեզմանում են թաքնվել, քարի տակ, որից հետո շատ վախեցած են եղել: Զինվորներ կան, որոնք ծնողներին հեռախոսով սարսափելի բաներ են պատմում: Ծնողներն ասում են, որ զգում են, իրենց երեխաների հետ մի բան այն չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031