Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից վերադարձվել են կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով

Ապրիլ 01,2021 11:30

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը:

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Վահե Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել, ինչը ևս վկայում է հատկապես հետպատերազմյան շրջանում իրականացվող առաջին զորակոչի շրջանակներում այս գործընթացի պատշաճ և հանրային բավարար վստահության ներքո անցկացվելու մասին՝ վստահեցնելով, որ այն գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ակնդետ ուշադրության կենտրոնում:

Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, ծանոթացել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատներին: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության:

Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն:

Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ:

Այցի վերջում Վ.Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին՝ բարձր գնահատելով հատկապես պատերազմից հետո հայրենիքի պաշտպանության իրենց քաղաքացիական պարտքին հավատարիմ լինելու, պատերազմի բովով անցած և անձնուրացության ու նվիրվածության մարմնացում իրենց ավագ ընկերների ոգին կրելու համար:

Զինվորական դատախազը վստահեցրել է, որ պետությունը և ՀՀ զինվորական դատախազությունն ամեն ինչ անելու են ծառայության կրման ողջ ընթացքում նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու, աջակցելու և զորավիգ լինելու համար:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930