Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախացման առաջին իսկ օրվանից, Հայաստանում ռազմարդյունաբերությունը զարգացել է». Կարեն Վրթանեսյան

Ապրիլ 19,2021 20:55

«Անկախացման առաջին իսկ օրվանից, Հայաստանում ռազմարդյունաբերությունը զարգացել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Օրերս խորհրդարանում, ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020 թվականի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համակարգն սկսեց ձևավորվել միայն 2016 թվականի ապրիլից: Այդ ժամանակ էր, որ օրենսդրություն ընդունվեց, ինստիտուցիոնալ տեսք տրվեց՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով»: Ըստ նրա, կառուցվածքային առումով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նախարարական մակարդակով Հայաստանում կազմավորվել է միայն 2016 թվականին՝ Ադրբեջանից 12 տարի ուշացումով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, նախարարական մակարդակով 2017 թվականին տակավին ձևավորված չէր. «Մինչդեռ Ադրբեջանում 13 տարի առաջ այդ ոլորտում նախարարություն էր ձևավորված, և 2017 թվականին Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում 3 արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր: Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը պոպուլիստական է որակում Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները, որոնք արդեն հոգնեցնող են: Փորձագետի գնահատմամբ, նա տարբեր ամբիոններից միայն «ականջահաճո» հայտարարություններ է անում, մինչդեռ նրա կառավարության գործնական քայլերը ձգտում են զրոյի. «2020 թվականի ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր ռազմարդյունաբերական ձեռքբերումներից աշխարհում նմանը չունեցող ինչ-որ համակարգ է ստեղծվել՝ փակագծեր չբացելով: Կառավարությունում էլ ռազմական գաղտնիքի անվան տակ չմանրամասնեցին, թե այդ համակարգը պատերազմի ժամանակ ի՞նչ դերակատարություն է ունեցել եւ ի՞նչ արդյունք է ապահովել: ԲՏԱ նախարարությունը նույնիսկ իր ստեղծած սարքավորումներ չի կարողանում հասցնել ցուցահանդեսի՝ ինչ-որ լոգիստիկ խնդիրներ պատճառ բերելով: Ինչի՞ մասին է խոսքը»:

Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանը նաեւ տարօրինակ է համարում Հակոբ Արշակյանի՝ ԲՏԱ նախարարի պաշտոնում արած այն հայտարարությունը, թե նպատակահարմար չէ, որ այս փուլում մենք երկրի ուղեծրում արբանյակ ունենանք, իսկ այդ նախարարը Նիկոլ Փաշինյանի կողմից էր նշանակված. «Զուտ պոպուլիստական հայտարարություններով չի, կառավարության բռնած գիծը պետք է հասկանալի լինի»:

Հայկական ԽՍՀ-ի ռազմաարդյունաբերական համալիրը խորհրդային համակարգի մեծ համակարգի մի մասն էր եւ չնայած ԽՍՀՄ փլուզմանը, որոշ կառույցներ պահպանեցին իրենց հնարավորությունները: Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է՝ կային հիմնարկներ, որոնք Հայաստանի անկախացման առաջին օրվանից՝ 1990-ականների պատերազմի ժամանակ, ինչ-որ սպառազինություն էին արտադրում՝ ականներ, նռնակներ, հակաօդային պաշտպանության որոշ համակարգերի նորոգում էր արվում եւ այլն: Կային նաեւ վարպետներ, որոնք իրենց արհեստանոցներում էին զենքեր պատրաստում. դրանք լայն կիրառություն , իհարկե, չստացան, բայց 1991-92 թվականներին, ինչ-որ չափով օգտագործվում էին եւ դրական արդյունք էին ապահովում:

Կարեն Վրթանեսյան

Ըստ փորձագետի, մինչեւ 2016 թվականը ռազմարդյունաբերական ոլորտում, առանձին ուղղություններով, բավական աշխատանք տարվել է՝ թե արտադրության մասով, թե վերանորոգման: Հանրային կարծիքն այնպիսին է, որ սպառազինության վերանորոգումն այդքան էլ կարեւոր ուղղություն չէ, բայց, Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, իրականում, դա շատ կարեւոր է, քանի որ ստիպված չես լինում, քո տեխնիկան, մանավանդ պատերազմական իրավիճակներում, տեղափոխել ինչ-որ հեռու երկիր, հետո՝ հետ բերել: «Հայաստանում ռազմարդյունաբերական ոլորտը զարգացել է առանձին ուղղություններով, քանի որ մեծ ռազմարդյունաբերություն ունենալը բավականին բարդ բան է՝ նաեւ հաշվի առնելով, որ հայկական շուկան շատ փոքր է. ցանկացած ընկերություն, որպեսզի կարողանա մրցունակ գնով ապրանք արտադրել, պետք է մեծ ծավալով արտադրի, իսկ Հայաստանի շուկան նման պահանջարկ չունի: Իսկ միջազգային ասպարեզ դուրս գալ եւ մրցակցելը՝ շատ բարդ է՝ դարձյալ մեր փոքր ծավալների պատճառով: Նաեւ՝ լուրջ ֆինանսավորում է պետք»,- ասում է մեր զրուցակիցը:

Փորձագետն այն կարծիքին չէ, որ 2016-ից հետո, Հայաստանում, ռազմարդյունաբերության ոլորտում կտրուկ արագացավ եւ փոխվեց ամեն ինչ: Բայց, քառօրյա պատերազմի վերլուծությամբ պայմանավորված, ասում է, իհարկե, առաջնահերթությունների ինչ-որ փոփոխություններ եղան. «Օրինակ, ԱԹՍ-ները եկան առաջին տեղ եւ այլն: Պարզապես, հարցն այն է, որ շատերը մտան այդ ոլորտ՝ չունենալով համապատասխան փորձ եւ մտածելով, որ ասենք, եթե լավ IT ընկերություն է, կարող է նաեւ լավ ԱԹՍ արտադրել: Ինչն, իհարկե, այդպես չէ: Շատ մոդելներ ցուցադրվեցին, տեսանյութեր, քննարկումներ եղան, բայց պետք է հիշել, որ կան խնդիրներ ասենք, մատակարարումների հետ կապված. շատ սարքավորումներ մեզ չէին վաճառում, որպես կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր եւ այլ լուրջ խնդիրներ: Բայց նախկին իշխանությունները, մոտավորապես 2015-16 թվականներից փոփոխություններ մտցրել էին. ռազմարդյունաբերության մշակման պլան էլ եղավ, ռազմարդյունաբերական հանձնաժողովը ստեղծվեց եւ այլն»:

Իսկ թե ինչո՞ւ 2018-ին, Հայաստանում կայացած ցուցադրության ժամանակ ներկայացված անօդաչու թռչող սարքերի մոդելները, որոնց մասին շատ խոսվեց, չմտան մասսայական արտադրության փուլ, մեր զրուցակիցը երեք պատճառ է բերում՝ ինքն էլ դժվարանալով հստակ ասել, թե դրանցից ո՞րի ազդեցությունն էր ավելի շատ, որի՞նն՝ ավելի պակաս:

«Առաջինը՝ ինչպես նշեցի, շատ մարդիկ, ովքեր չէին զբաղվել ոչ միայն նախագծմամբ, մշակմամբ, այլ զանգվածային արտադրությամբ, շատ հաճախ չեն պատկերացնում ի՞նչ խնդիրների հետ ես բախվում, երբ մեկ-երկու-երեք փորձանմուշներից պետք է հազարներով արտադրես: Հենց նման փորձ չունենալը, ըստ իս, խանգարում էր ներդրումներին եւ նրան, որ արտադրությունը կլինի ռացիոնալ՝ իմաստ կունենա ծախսերի առումով: Երկրորդը՝ մարդիկ հաճախ նախագծում են ինչ-որ բան, ստեղծում եւ փորձարկում են նմուշը, հետո նոր սկսում են խոսել զինվորականների հետ եւ հաճախ պարզվում է, որ զինվորականներին դա պետք չէ, զինվորականներին այլ խնդիրներ լուծելու համար այլ սարքավորում է պետք: Արդյունքում՝ տարիներով վեճեր եւ փոխադարձ վիրավորանքներ են լինում: Զինվորականներ-նախագծողներ կապը, ցավոք, շատ վատ էր աշխատում, եւ ռազմարդյունաբերության կոմիտեն հենց դրա համար էր, ըստ էության, ստեղծված, որ կարողանա այդ խնդիրը լուծել եւ աշխատանքը համակարգել երկու կողմից էլ: Երրորդ խնդիրը՝ Հայաստանի ներկա իշխանություններն են, որոնք որեւէ խնդիր չեն լուծել, փոխարենն անընդհատ խնդիրներ են ստեղծել: Ռազմարդյունաբերությունը երկարաժամկետ պլանավորում պահանջող, լուրջ եւ խորը, հետեւողական, համակարգված աշխատանք, մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է: Նույնիսկ բավականին հարուստ երկրներ շատ հարցերում դժվարանում են, որովհետեւ տեխնոլոգիաներ վերցնելու հարց կա. շատերը ոչ թե վերցնում, նույնիսկ գողանում են, եթե կարողանում են: Զգուշավորության հարցեր կան, քանի որ միջազգային սանկցիաների տակ կարող ես ընկնել: Դա խայտառակ մեծ, բարդ մրցակցային շուկա է, այդտեղ ինչ-որ բանի հասնելու համար պետք է հետեւողական աշխատանք: Իսկ այդպիսի աշխատանք ներկայիս իշխանություններն ուղղակի ապահովել չեն կարող»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930