Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը քաղաքապետարանում է՝ աշխատում է։ Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։ «Լուրեր են տարածվել, որ Առուշանյանին նույնպես բերման են ենթարկել, բայց նման բան չկա»,–ասաց տիկին Յոլյանը։
Վերջինիս մյուս գործընկերը համայնքի ղեկավար տեղակալ Մենուա Հովսեփյանը այժմ ՀՀ քննչական կոմիտեում է։ Մինչեւ առավոտը ժամը 11-ը հայտնի չէր նրա գտնվելու տեղը եւ ըստ մեր զրուցակցի՝ այդ ժամին են տեղեկացել, որ Հովսեփյանին վաղ առավոտյան կանչել են Գորիսի ոստիկանություն եւ տեղափոխել Երեւան։
«Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ուղարկվել են նաեւ լուսանկարներ»,– ասաց Իրինա Յոլյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ