Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության մրցավազք

Ապրիլ 28,2021 10:00

1996 թվականին քաղաքացիների մեծամասնությունը ձայն տվեց Վազգեն Մանուկյանին ոչ այն պատճառով, որ շատ էր հավանում այդ քաղաքական գործչին կամ նրա ծրագրերը. պարզապես մարդիկ բուռն ցանկություն ունեին ազատվելու Լեւոն Տեր-Պետրոսյանից: Իսկ, ասենք, 2003 թվականին մեծամասնությունն ընտրեց Ստեփան Դեմիրճյանին ոչ թե նրա՝ քաղաքական գործչի ինչ-որ անզուգական որակների համար, այլ՝ մեծ փափագ, կասեի անգամ՝ երազանք ունենալով, որ Քոչարյանն այլեւս երկիրը չղեկավարի: 2018 թվականին մարդիկ ձայն տվեցին Փաշինյանին ոչ թե ելնելով այն ակնկալիքից, թե նա Նոր Հայաստան կկառուցի, այլ ընկալելով նրան որպես փրկիչ, որը վերջապես կարողացավ ազատել երկիրը Սերժ Սարգսյանի իշխանությունից: Բոլոր այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դեպքերում, հիմնական ընտրազանգվածի մոտիվացիան բացասական էր՝ ոչ թե ինչ-որ բան հավանել, ընդունել, ապագայի հիմք դարձնել, այլ՝ ինչ-որ բան ատելով մերժել:

Հիմա էլ հասարակությունը կանգնած է ընտրության առաջ, ում մերժել՝ Փաշինյանին, թե Քոչարյանին: Տասնյակից ավելի կուսակցություններ կան, որոնք հավակնություն ունեն լինելու «երրորդ ուժը», գուցե 10 կամ 20 հազար քաղաքացի կա (ես էլ նրանց թվում), ում համար այդ երկու թեկնածուները հավասարապես անընդունելի են: Այդ ամենը իրողությունը չի փոխում. հիմնական ընտրազանգվածը բաժանվում է երկու, կարծում եմ՝ գրեթե հավասար մասի. նրանք, ովքեր ատում եմ Քոչարյանին («նախկիններին») եւ նրանք, ովքեր ատում են Փաշինյանին: (Իհարկե, հատուկ «տաղանդ» էր պետք՝ 2018-ին ունեցած վստահությունը մսխելու եւ ատելության առարկա դառնալու համար): Սա ոչ թե համակիրների, այլ մերժողների, ատողների պայքար է լինելու:

Ըստ այդմ, առաջինների (նիկոլականների) տրամաբանությունը հետեւյալն է. «Կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունեցել այս երեք տարվա ընթացքում, կարեւոր չեն հողային եւ մարդկային կորուստները, կարեւոր չէ, թե ինչ է Փաշինյանը պատրաստվում անել մոտակա 5 տարիների ընթացքում, կարեւոր է, որ նա կարողացել է հեղափոխություն իրականացնել եւ հիմա էլ նա այն մարդն է, որը փակում է «նախկինների» ճանապարհը դեպի իշխանություն: Ով ուզում է լինի, միայն թե Քոչարյանը չվերադառնա»:

Հակառակ բեւեռի տրամաբանությունը հետեւյալն է. «Կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունեցել Քոչարյանի իշխանության օրոք, կարեւոր չեն քրեա-օլիգարխիկ համակարգի ստեղծումը, ընտրությունների կեղծումը եւ բռնաճնշումները, կարեւոր չէ «մարտի 1-ը», կարեւորն այն է, Քոչարյանն այն մարդն է, որը երկիրը կազատի Փաշինյանի նման չարիքից: Ով ուզում է լինի, միայն թե Փաշինյանը գնա»: Այդ ամենը կարող է ասվել տարբեր ինտոնացիաներով, տարբեր բառապաշարով, տարբեր «օժանդակ փաստարկներ» բերելով: Բայց պարզ է, որ ընտրարշավը լինելու է ատելության մրցավազք՝ մնացած քաղաքացիների ապատիայի, անտարբերության եւ բարոյալքման ֆոնին:

Քանի որ երկու հիմնական թեկնածուները քինախնդիր են, «մինչեւ վերջ» գնացող են եւ երբեք, ոչ մի պարագայում զիջումների չեն գնա, կասկածում եմ, որ ընտրությունները խաղաղ կանցնեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռ.Քոչարյանին խորհուրդ կտամ չմտնել ընտրապայքարի մեջ՝նույն գետը երկրորդ անգամ չեք կարող մտնել,այժմ այլ ջրեր են հոսում:Մյուս կողմից էլ հիշեք Շևարդնաձեին և Դեմիրճյանին….:Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանի պաշտոնավարման տարիներին,նա միակ ղեկավարն էր,որ հասկանում էր տնտեսությունից՝ի տարբերություն մնացած երեք բանասեր ղեկավարների….

  2. Լավատես says:

    Բնական է, ընտրությունների էս մանկապարտեզային համակարգը, երբ երեխաները ոչ մի պատասխանատվություն չեն կրում մանկապարտեզի տնօրենի իրենց ընտրության համար, որովհետեւ քաղաքականապես անչափահաս են, այս ընտրական համակարգը նախատեսված է դրսի շահերը սպասարկելու համար՝ ում կոնֆետով, ում վախացնելով կամ հակառակը քաղցր խոսքերով երեխաներին ստիպում են ընտրություն կատարել դրսի շահերի օգտին: Նման պայմաններում, իսկական երեվանցի երեխան կամ իսկական լոռեցի կամ արցախցի երեխաները պետք է դիմեն իրենց մամա պապաներին կամ որեւէ վստահված մարդու ու հարցնեն, թե նա ո՞ւմ խորհուրդ կտա, որ նրանք ընտրեն: Մեր իսկական մտավորականությունը պետք է միաձայն ընտրի ու ներկայացնի այն մարդկանց ցուցակը, որոնց ինքը անձամբ վստահում է եւ կոչ է անում ժողովրդին դիմել նրանց խորհուրդ հարցնելու ու որոշում կայացնելու համար: Իսկ այդ վստահված մարդիկ պետք է կարողանան համոզել մեր քաղաքականապես անչափահաս ընտրողներին, թե ում է պետք ընտրել:
    Հիմա ռեյտինգայինի (ընտրականը միամիտ բան էր, իհարկե) մասին: Մասնագետները իրենք իրենց մեջ պետք է ձեւավորեն այս ռեյտինգային ցուցակը այն չափանիշներով, որոնք ընդունված են այդ մասնագետների մեջ, ասենք, տասը կամ հարյուր բալանոց համակարգով եւ օրենք ընդունել, որ իրար կարող են ծառայություն մատուցել միայն իր մակարդակին հավասար ու ցածր ռեյտինգի մարդկանց, բայց ոչ իրենցից բարձրին, իրենցից բարձրից նրանք են ծառայություն ստանում: Եւ այս ամենը՝ անփող: Օրինակ, ամենախելոք գիտնականին անփող սպասարկում են ամենաուժեղ թիկնապահները, նրանք սնվում են ամենաթանկ ռեստորաններում եւ այդ ամենը անփող: Միջիններն էլ իրար են անփող սպասարկում, ցածրերն էլ՝ իրար: Ծառայել՝ դա դաստիարակել, սովորեցնելն է, իսկ սպասարկելը՝ պարզապես սպասարկելն է, բայց անփող, ինչպես բնության մեջ է: Փողն այն ռազմավարական ռեսուրսն է, որի կառավարումը ուրիշի ձեռքում է: Առյուծը չի կանգնում գետի բերանին ու տոկոսով կենդանիներին ջուր բաց թողնում: Այսօրվա մարտահրավերները մեր մտավորականներին ոչ թե պետք է ջղայնացնեն, այլ հակառակը՝ ազարտի ու կուռաժի հոգեվիճակում հաղթանակի բերեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930