Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. Մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն

Մայիս 05,2021 01:08

«Ամերիկայի ձայն». Ուուդրո Վիլսոնի անվան վերլուծական կենտրոնի փորձագետ, Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի խոսքերով՝ Բայդենի հայտարարության տեքստը կազմվել է այնպես, որպեսզի հնարավորին չափ քիչ վնաս հասցնի ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ հարաբերություններին:

«Հայտարարության մեջ չկան «Թուրքիա» կամ «թուրքեր» բառերը: Խոսքը միայն 1915 թվականին տեղի ունեցածի մասին էր», ասում է նախկին դեսպանը:

Բացի այդ, ասում է նա, Բայդենը կատարել է իր ընտրողներին տրված խոստումը. «Այնպես որ, ես չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունները մեծապես փոփոխության ենթարկելու ծրագիր»:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Էմիլ Սանամյանի խոսքերով. «Եթե Ցեղասպանության հարցը լիովին դրվի ուժի մեջ, եթե չլինեն անգամ տարածքային զիջումներ, Թուրքիան, միեւնույն է, մտահոգվելու է փոխհատուցման պահանջների հնարավորության համար: Բայց ԱՄՆ-ը չի գրավում նման դիրք: Այն ընդունում է, որ ցեղասպանություն տեղի ունեցել է, սակայն միեւնույն ժամանակ հայտարարում է, որ այն տեղի է ունեցել մինչեւ Ցեղասպանությունները կանխելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը հայերի սպանություններն Օսմանյան կայսրությունում շարունակում է համարել քաղաքացիական պատերազմի հետեւանք, այս անգամ հեռու մնաց Բայդենին սուր քննադատելուց: Նա նույնիսկ հայտարարեց երկկողմ հարաբերությունները սերտացնելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերով էլ, բացի քաղաքական բաղադրիչից, Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ հարաբերություններում կարեւոր դեր է խաղում ռազմական գործընկերությունը: Բայդենին ռազմավարական առումով խորը մտածող քաղաքական գործիչ համարելով, Բրայզան ասում է, թե նա լավ է հասկանում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերը: «Այնպես որ, կարծում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում կողմերի միջեւ հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն», ասում է նա` հիշեցնելով հուլիս ամսին նախատեսված հանդիպումը:

Էմիլ Սանամյանի խոսքերով, Բայդենի վարչակազմն այժմ պետք է մտածի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից անցյալ տարվա վերջին թշնամական գործողությունների ընթացքում վերջինիս աջակցելու պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ սկսելու մասին, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի իշխանությունները հերքում են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց զորքերի մասնակցության մասին պնդումները:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31