Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ հավատալ, որ այդպես կլինի». Կարինե Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանի «սենսացիոն նորության» մասին

Մայիս 11,2021 15:56

«Մեզ սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը»,- երեկ խորհրդարանի հատուկ նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ 2021-ի հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը`վերջին 60 տարվա ընթացքում:

Կարինե Դանիելյան

«Ցանկանում եմ հավատալ, որ այդպես կլինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը`հավելելով, որ Սեւանի մակարդակից շատ բան է կախված: Իսկ Սեւանի մակարդակն իր հերթին կախված է ջրի որակից, ջրառի քանակից եւ մի քանի այլ երեւույթներից. «Մակարդակը կախված է մի քանի երեւույթներից`կլիմայական եւ հիմնականում Սեւանից բաց թողնվող ջրի քանակից: Միշտ հայտարարվել է, որ կաշխատեն ջրառը կրճատել, բայց դա չի եղել: Դրա պատճառները եւ սուբյեկտիվ են, եւ օբյեկտիվ, որովհետեւ շատ բան կախված է կլիմայական պայմաններից եւ ոռոգման համար անհրաժեշտ ջրի լրացուցիչ քանակից: Ջուրը նաեւ այլ ոլորտներում է օգտագործվում, բայց հիմնականը ոռոգման խնդիրն է: Միգուցե կանխատեսումներն այնպիսին են, որ բնությունն այնպիսին կլինի, որ Սեւանից ջրառի անհրաժեշտությունը շատ չի՞ լինի: Կամ, նաեւ հիմնականը, որ միշտ խնդիր է դրվել լրացուցիչ ջրավազանների կառուցման եւ բնական ջրի հավաքման, ինչի արդյունքում Սեւանից ջրառի կարիք քիչ կլինի»:

Ըստ մեր զրուցակցի, նաեւ ոռոգման համակարգերը պետք է հնարավորինս խնայողական լինեն, քանի որ ամեն տարի ջրի սարսափելի կորուստ է գրանցվում. «Իհարկե, կորուստն էլ երկու պարագայում է. մեկն իրական կորուստ է, մյուսը`թաքցրած. օգտագործված ջուրն է, որը չի վճարվում կամ վճարվում է այլ ճանապարհներով: Այս երեւույթները պետք է կարգի բերել: Համենայնդեպս, հույս ունեմ, որ այդ հայտարարությունից հետո դա կարվի»:

Դիտարկմանը`գործող կառավարությունը երեք տարի միայն խոստումներ է տվել`առանց քայլեր իրականացնելու, ի՞նչն է իրեն հույս ներշնչում, որ հիմա քայլեր կարվեն, մեր զրուցակիցը արձագանքեց. «Տեսնենք»:

Նաեւ նկատեցինք, որ 44 օրյա պատերազմից հետո մի քանի տասնյակ ջրամբարներ հանձնվեցին թշնամուն, հետեւաբար, ոռոգման իմաստով այս տարի ավելի խնդրահարույց է լինելու, Կարինե Դանիելյանը համաձայնեց. «Այո, դա շատ լուրջ խնդիր է: Ջրամբարների կորուստը մեզ համար շատ լուրջ խնդիր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31