Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև սեպտեմբեր Գյումրի կներկրվեն 64 նոր միկրոավտոբուսներ․ խոստանում է քաղաքապետը

Մայիս 11,2021 23:33

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր Գյումրի կներկրվեն մոտ 64 նոր միկրոավտոբուսներ։ Դրանք կլինեն ռուսական արտադրության։ Քաղաքի տրանսպորտային համակարգը, ըստ քաղաքապետի, ամբողջությամբ կփոխվի,  այս տարի կտեղադրվեն 50 նոր կանգառներ․ 20 կանգառների նախագծերը կան, հողահատկացումներն արվել են։

«Կանգառները մասնավորի կողմից են տեղադրվում։ Դրանից հետո մենք ներկրելու ենք ավտոբուսներ, մրցույթը եղել է, արդեն պարզ է շահողը, մինչև սեպտեմբեր ամիս  անպայման ներկրելու ենք մոտ 64 միկրոավտոբուսներ։ Լրիվ թարմացնելու ենք, դուրս ենք գալու  տիրող այս իրավիճակից, քաղաքն ունենալու է նոր տրանսպորտային համակարգ։

Բացի դրանից, Եվրամիության ծրագիր ենք շահել, որով մենք ևս ութ ավտոբուս ենք ներկրելու, բերելու։ Դրանք էլեկտրական ավտոբուսներ են՝ ո՛չ դիզվառելիքով, ո՛չ գազով։

Մեր ավտոբուսների թվաքանակը բավական շատ է լինելու, տեսնենք շահագործման գործընթացը ինչպես ենք անելու, ավագանու հետ պայմանավորվենք, հասկանանք, բոլոր խմբակցությունների հետ խորհրդակցենք և կարողանանք վերջապես ունենալ նորմալ տրանսպորտային համակարգ Գյումրի քաղաքում», -ասաց Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք՝  երկու ամիս առաջ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության հատկացրած սուբվեցիոն ծրագրով ձեռք են բերելու 70 «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, որից 30-35-ը համայնքապետարանի բյուջեի հաշվին, մնացածը՝ կառավարության։

Արտյոմ Սարգսյանը նաև տեղեկացրել էր, որ Եվրամիության ծրագրով էլ 5 էլեկտրական ավտոբուսներ (դրանք 23 տեղանոց են) ձեռք կբերեն քաղաքի համար։ Դրանք հարմարեցված  կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց, ունեն թեքահարթակ, նստելու հարմարանքներ, կաշխատեն քարտային համակարգով։

Տրանսպորտային ոլորտի պատասխանատուն նաև հայտնել էր, որ Եվրամիության ծրագիրը 400-450 հազար եվրո է, իսկ Գյումրու քաղաքապետարանի բյուջեի հաշվին գնվող 30-35 «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները՝ մոտ 450 միլիոն դրամ են, այդքան էլ տրամադրելու է կառավարությունը։

«Գազելները կլինեն ժամանակակից՝ 16 տեղով, մարդկանց ոտքի վրա կանգնելու հնարավորություն ևս կա, բարձր են։ Դրանք Երևանի որոշ երթուղիներում արդեն շահագործվում են»,-ասել էր Արտյոմ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31