Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել էր դատարան` շախմատ առարկայի ուսուցիչ աշխատելու հնարավորություն ստանալու համար

Հունիս 25,2021 13:30

Միխայիլ Ավետիսյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ… նախարարի:

Նա ԿԳՄՍ նախարարությունից պահանջել է հնարավորություն տալ իրեն դասավանդել շախմատ առարկան Երեւանի դպրոցներից մեկում կամ երկուսում, Շախմատի ակադեմիայից պահանջել է հնարավորություն տալ իրեն աշխատանքով վերադարձնել 8 տարվա չաշխատածը՝ կատարելով կազմակերպչական, մարզչական եւ մրցավարական աշխատանք՝ ի նպաստ Շախմատը դպրոցում ծրագրի: Հայցվորը նաեւ պահանջել է չվճարված աշխատավարձի փոխհատուցում:

Ավետիսյանը հայտնել է, որ եթե դատարանը գտնի, որ ինքն ունի աշխատանքում վերականգնվելու իրավունք, ապա Ալ. Բլոկի անվան թիվ 122-րդ դպրոցից պահանջել է վերականգնել իրեն աշխատանքում:

Հայցը հստակ չէր ձեւակերպված, դատարանն առաջարկել է ճշգրտել ոչ հստակ հայցը: Այն ճշտվել է` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 28.11.2012թ. թիվ 790 հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար:

Պատասխանող կողմը` Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան հայցադիմումին գրավոր պատասխան չեն ներկայացրել:

Թիվ 122 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն այս տարվա մայիսի 17-ի դատական նիստին առարկել էր հայցի դեմ ամբողջությամբ, հայտնել էր, որ Միխայիլ Ավետիսյանը չունի մանկավարժի կրթություն, չի կարող աշխատել որպես ուսուցիչ: Դպրոցի ներկայացուցիչը՝ տնօրենը նշել է, որ անհնար է համարում հայցվորի վերականգնումը նախկին աշխատանքում ոչ միայն լարված հարաբերությունների պատճառով, այլեւ այն հանգամանքով պայմանավորված, որ հայցվորը չունի մանկավարժի որակավորում, եւ ժամանակին նրան դպրոցում դասավանդման համար ակադեմիայի կողմից նշանակումը կրել է ժամանակավոր բնույթ՝ պայմանավորված շախմատ առարկայի նորամուծություն լինելով եւ համապատասխան ոլորտում մանկավարժների բացակայությամբ:

Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից ներկայացվել է Միխայիլ Ավետիսյանի կողմից վարած դասապրոցեսի ձայնային կրիչը, որից պարզ է, որ հայցվորը չունի դասավանդման հմտություններ եւ չի կարող աշխատել որպես մանկավարժ:

Դատարանում հնչել էր նաեւ Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, որ հայցվորը կորցրել է գործատուի վստահությունը եւ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելիս թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, այն է՝ հարվածել է աշակերտին, ինչպես նաեւ ծնողները եւ աշակերտները բազմիցս բողոքել են հայցվորի կողմից դասավանդման հմտություններ չունենալու մասին, հայտնել է նաեւ, որ հայցվորը չունի մանկավարժի կրթություն եւ չի կարող դասավանդել դպրոցում, աշխատել աշակերտների հետ, չի կարողանում պատշաճ որակի կրթություն տրամադրել աշակերտներին: Հայտնել էր նաեւ, որ իր հասցեին էլ հայցվորի կողմից հնչեցվել են հայհոյանքներ, ՀՀ ոստիկանության միջամտությամբ հայցվորը պարտավորվել է չմոտենալ դպրոցի տարածքին եւ չանհանգստացնել:

Դատարան էր ներկայացվել նաեւ ուսուցչի կողմից վարած դասապրոցեսի տեսաձայնագրությունը, որը կատարվել է դպրոցի եւ ակադեմիայի վերահսկողական գործառույթների շրջանակներում:

Տեսաձայնագրության վերծանման արդյունքում դատարանն արձանագրել էր, որ հայցվորը կանգնած է գրատախտակի մոտ, չի ապահովում աշակերտների կողմից դասաժամի ընթացքում կարգապահության պահպանումը, չի միջամտում աշակերտների կողմից շախմատ խաղալու գործընթացին (երեխաները խաղում են իրար հետ, աղմկում), չի կատարվում կրթական որեւէ գործողություն (հայցվորը չի ուղղորդում աշակերտներին), ուսման բուն գործընթաց չի վարվում հայցվորի կողմից, հայցվորը փորձում է աշակերտների մի մասին (ընտրում է ինքը) հրավիրել գրատախտակի մոտ եւ հանձնարարում է «մտածել» առաջադրանքի շուրջ՝ մատնացույց անելով գրատախտակի շախմատային ցուցանակը, հայցվորը դասաժամի ընթացքում հիմնական ժամանակահատվածն անց է կացնում գրատախտակի մոտ կանգնած՝ չմիջամտելով աշակերտների ազատ զբոսանքին դասասենյակում, աշակերտները թողնված են ազատ ժամանցի, հայցվորն ուղղումն է դասասենյակի սեղանները, ժամանակ առ ժամանակ մոտենում է աշակերտներին եւ հեռանում՝ առանց որեւէ բան ուսուցանելու, բացատրելու:

Ստացվել է, որ ուսուցչին առանց նրա իմացության գաղտնատեսանկարահանել են, իսկ դատարանը ստանալով այս տեսագրությունը, թույլատրելի է համարել այն: Մայիսի 31-ին մերժվել է ուսուցչի բողոքը, տեղեկություններ չունենք, թե արդյոք նա բողոք ներկայացրե՞լ է, թե՝ ոչ:
Հոդվածս պատրաստ էր, հիշեցի, որ ԿԳՄՍ նախարարությունը կրթության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, համաձայն որի, դպրոցում կարող են աշխատել ոչ մանկավարժները: Սա կտարածվի՞ Ավետիսյանի վրա…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930