Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմն այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։
Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք և նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հետևում են շփման գծում տիրող վիճակին շուրջօրյա ռեժիմով։

Նշվում է, որ ԱԹՍ-ներից ստացվող տեսանյութերը համադրվում են «տեղական աղբյուրներից» ստացվող տեղեկությունների հետ, ապա արձանագրվում է խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:
«Մշտադիտարկման կենտրոնի նպատակն է վերահսկել հրադադարը, արձանագրել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, ուսումնասիրել կողմերի բողոքներն ու բարձրաձայնած խնդիրները, միջոցներ ձեռնարկել խախտումները կանխարգելելու համար»,- եզրափակել է թուրք լրագրողը:



















































