Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը բարձրանում է 125%-ով, սովորական աշխատակցինը՝ մոտ 25%-ով․ սա արդա՞ր է»․ Տիգրան Գալստյան

Հուլիս 29,2021 13:20

Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների, նաեւ քաղաքապետի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման մասին որոշման նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը նախագծի հեղինակներից մեկին եւ նույն խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ ցանկացած նման որոշման մեջ կարեւորը սոցիալական արդարության բաղադրիչն է, այս նախագծում աշխատավարձերի բարձրացման նվազագույն շեմը 25% է, առավելագույնը՝ 125%, արդյոք նման տարբերությունը ճիշտ է․ «Վարչական շրջանի ղեկավարինը 125%-ով է բարձրանում, իսկ նույն շրջանի աշխատակցինը՝ մոտ 25%։ Ցանկացած հեղափոխությունների բուն պատճառը սոցիալական անարդարությունն է, իսկ մեր հեղափոխությունը հենց այդ արդարությունը վերականգնելն է։ Արդյոք դուք հաշվի եք առել նախագծում այս հանգամանքը»։

Ի պատասխան Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ կա երկու բյուջե, որը հաստատվում է՝ մի ֆոնդը որտեղից վճարում են աշխատավարձ՝ 5,5 մլրդ դրամ, մյուսը՝ պարգեւավճարների եւ հավելավճարների ֆոնդն է՝ 1,9 մլրդ դրամ․ «Այս նախագծով առաջարկվում է պարգեւավճարների ֆոնդը նվազեցնել 20 անգամ եւ պարգեւավճարները դարձնել թիրախային, որպեսզի վճարվեն իրոք այն աշխատակիցները, որոնք իրոք հավելյալ աշխատանք են կատարում, եւ համատարած պարգեւավճար չտալ, իսկ 1,9 մլրդ դրամը տեղափոխել հիմնական աշխատավարձի ֆոնդ»։

Սոցիալական արդարության մասին հարցին ի պատասխան էլ պարոն Հովհաննիսյանն ասաց՝ ցանկացած հիմնարկում կա աստիճանավորում եւ ղեկավարությունը միշտ ավելի բարձր է վարձատրվում, քան միջին կամ ցածր օղակինը․«Նախագծով բարձրացնում ենք քաղաքապետարանի կամ հանրային ծառայողների աշխատավարձը 38,01%-ով, իսկ վարչական շրջանների աշխատակիցներինը՝ 32,42%-ով, սա միջինացված թվեր են։ Պարզ է, որ կան դրույքներ եւ հաստիքներ, որոնք այս տոկոսներից ավելի բարձր են»։

Տիգրան Գալստյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, քանի որ դեմ չէ, որ օրինակ վարչական շրջանի ղեկավարը բարձր աշխատավարձ ստանա։

Նիստը վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ, չնայած դեմ չէ աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը, բայց քանի որ նաեւ քաղաքապետի աշխատավարձն է բարձրանում, ինչին ինքը դեմ է, քվեարկությանը չի մասնակցի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031