Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ նավթի վառարաններին ու խոնավ պատերին․ կառուցվում է հեռավոր Արեգնադեմի՝ երազանքների դպրոցը

Հուլիս 31,2021 21:50

Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի միջնակարգ դպրոցը, որը 30 տարի շարունակ գործում է բնակելի երեք տներում՝ հյուրասենյակներում ու ննջասենյակներում՝ նավթի վառարաններով, խոնավ պատերով, շուտով մոդուլային դպրոց կունենա։

Նոր դպրոցը կլինի մի հարկանի՝  արևային կայանով, խաղահրապարակով, սպորտ դահլիճով, բաղնիքով, ճաշարանով, ջերմոցով, համակարգչային դասարանով, գրադարանով, վեց դասասենյակներով, նաև ապաստարանով։

Այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում (տես լուսանկարում)։

Այն  նախատեսված է  100 աշակերտի համար, դպրոցն անցած ուսումնական տարում ունեցել է 44 աշակերտ, 12-րդ դասարանցիներ չեն եղել։ Այս տարի կունենան 8 հոգանոց առաջին դասարան ու աշակերտների թիվը կդառնա 52։

ՀՀ-ում 22 մոդուլային դպրոց է կառուցվում, որից մեկն Արեգնադեմինն է։

Դպրոցի տնօրեն Հասմիկ Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցի շենքը շահագործման կհանձնվի 2023 թվականի սեպտեմբերին։

Դպրոցի շենք ունենալն այս գյուղում տարիների երազանք է, նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ միշտ կատարվում էին, շենքի հարցը մշտապես մտնում էր կառավարության ծրագրում ու այդպես էլ  իրականություն չէր դառնում։

Իսկ բնակելի տներում գործող դպրոցը զուրկ է տարրական պայմաններից` ջրամատակարարումից, ջեռուցման համակարգից, կոյուղուց․ երկու զուգարանները դրսում են, ջուրն էլ հոսում է բակում տեղադրված ծորակից, որը ձմեռվա սեզոնին միշտ սառելու վտանգի տակ է։

Ամասիայի խստաշունչ, երկարատև ձմռան պայմաններում  տներում տեղակայված դպրոցը ջեռուցում են նավթի վառարաններով։

«Նոր դպրոցում նաև արևային կայան են կառուցելու, որի շնորհիվ ջեռուցում, տաք ջուր ենք ունենալու, նաև սպորտդահլիճ ենք ունենալու, բաղնիք։ Նավթի վառարաններից վերջապես կազատվենք, թեև դրանք մեզ փրկում են։ Ես օրինակ՝ իմ կաբինետը տաքացնում եմ էլեկտրական սալիկով, իմ մոտ ամենացուրտն է։ Նավթի վառարաններով ավելի լավ է տաքանում, հիմիկվա նավթերն ավելի լավ որակի են, երեխաների մոտ գլխացավեր չեն առաջանում։ Հիմիկվա նավթը կարծես թե համապատասխանում է տեխնիկական բնութագրին, զուլալ է։  Հիմա էլ այնպես չէ, որ օդը մաքուր է, որ գովեմ, բայց համեմատած նախորդ տարիների՝ ավելի լավ է։ Առաջ աշակերտները տուն էին գնում մրոտված կամ մատյաններն էին մրոտվում, վերջերս նման բան  չկա։ Դպրոցը  5-6  ամիս ջեռուցում ենք, հյուսիսային դասարաններն անգամ ամռանն են ցուրտ, տարվա կեսը ցուրտ է, դե Ամասիան է»,- ասում է դպրոցի տնօրենը։

Նշենք, որ չնայած դպրոցը պայմաններ չունի, չկա այդպիսի տարի, որ  շրջանավարտները  չընդունվեն Հայաստանի հեղինակավոր բուհեր։ Այն, տնօրենի փաստմամբ, համարվում է Շիրակի մարզի լավագույն դպրոցներից մեկը, և աշակերտների թիվը գնալով ավելանում է։ Նշենք, որ Ամասիայի մի քանի համայնքներում պակասում է, նույնիսկ մեկ աշակերտով դասարաններ են բացվում։

Արեգնադեմ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Պողոսյանն էլ  նշում է, որ նորակառույց դպրոցը կկանխի արտագաղթը։

«Մոտ երկու հեկտար տարածք հատկացվել է դպրոցին, եթե դպրոցը  չկառուցվի, արտագաղթը կշարունակվի, բայց այն խթան է  հանդիսանում, որ երիտասարդները մնան ու Արեգնադեմում բնակվեն։ Դպրոցում  տարբեր խմբակներ կբացենք՝ երաժշտական, սպորտային, այսինքն՝ աշխատատեղեր ևս կբացվեն», -ասում է վարչական ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031