Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարչյանին «Հաց բերողի» հետ թող չհամեմատեն, «Հաց բերողը» ընտրություններ կեղծելու պրոցես չէր նախաձեռնել». Վահագն Հովակիմյան

Սեպտեմբեր 08,2021 17:26

 Ընդդիմադիր պատգամավորները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին եւ պնդում են՝ նրա վիճակը ծանր է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ իշխանությունները «Հաց բերողի» համար դատապարտում էին ՀՀԿ-ին, հիմա իրենք նույնն են անում Չարչյանի նկատմամբ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. ««Հաց բերողի» հետ թող չհամեմատեն, «Հաց բերողը» ընտրություններ կեղծելու պրոցես չէր նախաձեռնել: Մեր հանրության  գերակշռող մեծամասնությունը «Հաց բերողի»՝ անազատության մեջ գտնվելու հետ անհաշտ էին, Չարչյանի դեպքում ասում են՝ առողջական խնդիր ունի»: Դիտարկմանը, որ Չարչյանի ազատության համար էլ են պայքարում, ասում են՝ լավ բժիշկ է՝ Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Բայց ինքն այլեւս բժիշկ էլ չէ, նա այլեւս պատգամավոր է, որը բժշկությամբ՝ իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելուց հրաժարվել է: Իր առողջության մասին պիտի իրավապահներն ու բժիշկները հոգ տանեն: Ես չգիտեմ՝ հիմա ինքը շարունակո՞ւմ է հիվանդանոցում մնալ»:

Երբ տեղեկացրեցինք, որ նա քրեակատարողականում է՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Այ, դա նշանակում է, որ բժիշկներն ասել են, որ ինքը այլեւս կարող է տեղափոխվել կալանավայր: Այս դեպքում դժվար թե բժիշկները՝ իր կոլեգաները, իրականում ինքը այդքան ծանր լինի, բուժհաստատությունում խնամքի կարիք ունենա, իր կոլեգաներն ասեն՝ չէ, տարեք կալանավայր: Բժիշկները երդում տված մարդիկ են: «Հաց բերողի» հետ կապված՝ բժիշկները դիագնոզը ճիշտ տվել էին, այնտեղ փորձագետն էր թուղթ տվել, որի հիման վրա կալանավորել էին: Եթե Չարչյանի վիճակը վատ լիներ, չէր կարող գնալ կալանավայր, օրենքը լավ գիտեք»:

Երբ ասացինք, որ օրենքն ու իրականությունը, երբեմն, իրար չեն համապատասխանում, կարող է լինել քաղաքական հետապնդում՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Չի կարող լինել հիմա: Բժիշկներն են ասում՝ կարող է տեղափոխվել կալանավայր, թե՞ չի կարող: Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք՝ լավ բժիշկ է, գիտեք, ես վերանում եմ ամեն ինչից, չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց, երբ որ ընտրությունները կեղծվում են, ովքե՞ր են դա անում: Ազդեցություն ունեցող մարդիկ, իշխանության ձգտողները ովքե՞ր են: Լավերն են, որ իրենց մասնագիտության մեջ հաջող են, լավերն են, որոնք վատ մարդիկ են, կոպիտ ասած, որոնք իրենց նպատակին հասնելու համար վատ գործիքներ են կիրառում: Թե չէ, սովորական մարդը չի կարող ազդեցություն ունենալ, 100 հոգու հավաքի, ասի՝ այս բանը պետք է անեք, եթե չանեք՝ գործից կազատեմ: Այնպես որ, ձեր ասածը մեր՝ իրավական պետություն դառնալու հետ կապ չունի: Ձայնագրություն կա: Եթե այդ նույնը, ինչ ձայնագրության մեջ կա, աներ իշխանության որեւէ ներկայացուցիչ, որեւէ մարզպետ, որեւէ նախարար, որեւէ պատգամավոր, հավաքեր իր ենթակայության տակ եղած մարդկանց եւ նման բան ասեր՝ ի՞նչ կլիներ: Իշխանության որեւէ ներկայացուցիչ նման բան չի արել: Նման բան արել են մարդիկ, որոնք հնուց եկած, ասենք՝ ՏԻՄ-ում, այլ տեղ ազդեցություն են ունեցել: Մարդիկ մտածել են՝ եթե քաղաքապետարանում են, ուրեմն քաղաքապետարանի աշխատողներն իմ ստրուկներն են, ես ոնց ասեմ՝ այդպես չի՞ լինելու, հետո՞ ինչ, որ օրենքում գրած է՝ այդպես չպետք է լինի: Բոլորը այն մարդիկ են, որոնք նախկինի հետ կապ ունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930