Հոկտեմբերին «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետեւ ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։ Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։
«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:
Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։
Գնումը կառավարությունը ձեւակերպել է որպես հրատապ եւ իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։
Կարդացեք նաև
Այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, եւ հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։ «Դոմինո փրոդաքշն»-ին 2018-2021թթ․ կառավարական պատվերներ են տրվել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներից մինչեւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնություններ։ Նույնիսկ «Ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից է այն կինո եւ տեսաֆիլմերի արտադրության պատվեր ստացել։ Հասկանալի չէ, թե ինչ արժանիքների համար է Աշոտ Առաքելյանն իրագործում այս բոլոր ծրագրերը, այն դեպքում, երբ տասնյակներով այլ նմանատիպ ընկերություններ կան, իսկ Առաքելյանինը հայտնի է միայն մասնագիտական շրջանակներին եւ միայն մեկ գործով՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» պատմական ֆիլմաշարով։
Մեզ հայտնի տեղեկությունները փորձեցինք ճշտել Աշոտ Առաքելյանից։ Որոշ տվյալներ նա հերքեց, մի մասը հաստատեց, մի մասից էլ տեղյակ չէր։ Օրինակ՝ չգիտեր, թե ինչ ընթացակարգով են իրեն ընտրել սեպտեմբերի 21-ի ծրագրի համար։
– Ճի՞շտ է, որ Ձեր կազմակերպությունն է անկախության օրվա միջոցառումներն իրականացնելու։
– Այո, ճիշտ է։
– Ի՞նչ գումարի մասին է խոսքը, ճի՞շտ է, որ 1 մլրդ դրամ է հատկացվում՝ 2 մլն դոլար, եւ մեկ անձից գնման ընթացակարգով։
– Ոչ, ոչ, նման գումարի մասին չէ խոսքը, ոչ էլ մեկ անձից գնման։
– Ասացիք, որ Դուք եք իրականացնելու․ ինչպե՞ս են Ձեզ ընտրել։
– Նման թվեր Ձեզ որտեղի՞ց։ Դա սխալ ինֆորմացիա է։ Ոչ թե մեզ են ընտրել, այլ ծրագիրը մենք ենք ներկայացրել, նաեւ ծրագրի համար հովանավորներ կան, կառավարությունը մեզ չի վճարել։
Աշոտ Առաքելյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանին ճանաչում է, ինչպես շատերին, բայց մտերիմ հարաբերություններ նրա հետ չունի, որ 10 տարուց ավելի է, այս դաշտում է եւ բազմաթիվ պատվերներ է ստացել, քանի որ տեսաարտադրանքի նման որակյալ ու փորձառու կազմակերպություններ, ինչպիսին իրենն է, շատ քիչ կան Հայաստանում, իրականացրել է «Գոհար» եւ «Հայաստանի աստղեր» համերգային ծրագրերը ու ոչ միայն Հայաստանում։ Բայց չկարողացավ ասել, թե վերջին 3 տարիներին կառավարությունից քանի պատվեր է ստացել եւ ինչ ընթացակարգով։ «Ականազերծման ՊՈԱԿ-ի պատվերը եռակողմ է եղել, միջազգային կազմակերպության հետ, տենդեր է իրականացվել, եւ հաղթել է մեր կազմակերպությունը, բոլորի դեպքում էլ մրցույթ է անցկացվել։ Ձեր հարցադրման մեջ միտում եմ տեսնում։ Դուք հարցրիք անցյալից։ Մենք վաղուց ենք ներկայացրել սեպտեմբերի 21-ի ծրագիրը, ու դա արժանացել է հավանության, որ այդ ծրագիրն իրականացնենք։ Ես չգիտեմ՝ էլի եղե՞լ են կազմակերպություններ, թե՞ չէ»։ Այսինքն՝ մրցույթ եղե՞լ է, թե՞ չի եղել։ «Ես մրցույթ չեմ կազմակերպում, ես ներկայացրել եմ ու վերջ»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































