Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը հանդիպեց Արմեն Չարչյանին աջակցող բժիշկների հետ

Սեպտեմբեր 15,2021 16:55

Բժիշկները հավաքվել էին դատախազության դիմաց՝ ի աջակցություն պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի։

Հավաքի մասնակից Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքի նպատակն է հայտնելու իրենց մտահոգությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին. «Քաղաքացու, որը արդեն ուներ ծանր հիվանդություն և անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է այդ հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են ի հայտ եկել։ Բժշկական գաղտնիք չբացահայտելով՝ արդեն բոլորը գիտեն. համացանցում հնչեցվել է՝ Արմեն Չարչյանը ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն։ Որը մի քիչ հասկանալի լեզվով, շատ ծանր ախտաբանություն է, բայց կառավարելի, եթե կառավարվում է և ժամանակին կանխորոշվում են բարդությունները, կանխարգելվում են բարդությունները այս հիվանդության հետ մարդն ապրում է երկար՝ առանց որևէ խնդիր ունենալու»։

Նա մեջբերեց կառավարության 825 որոշումը, ըստ որի սահմանվում է հիվանդությունների և դրանց բարդությունների կողմնորոշիչ ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքի կամ պատիժ կրելու հետ. «Մեկ շաբաթ առաջ այս ցանկի մեկ հոդվածին էին համապատասխանում Արմեն Չարչյանի առողջական վիճակի բարդացումները։ Այսօր իմացա, որ արդեն չորսի է հասել։ Խոսքը ծանր բարդությունների մասին է»։

Սամվել Սահակյանը մտավախություն ունի, որ որոշ ժամանակ հետո Արմեն Չարչյանի վիճակը էլ ավելի կբարդանա. «Այստեղ գալու ամբողջ իմաստն այն է, որ մենք հանդիպենք գլխավոր դատախազի հետ՝ առանց բանավիճելու միտման։ Մեզ պետք չէ բանավիճել, մենք պարզապես խնդրանքով ենք դիմելու։ Փաստաբանը զբաղվում է այս հարցերով, բայց Սահմանադրության մեջ հստակ նախանշված է՝ մարդը բարձրագույն արժեք է, և նրա առողջության պահպանումը պետության գերակա գործառույթն է։ Այդ առումով՝ դատախազությունն է կատարում այդ գործառույթը, փաստաբանը գործ է անում, հղում է գրություններ։ Դատախազությունը, մեզ մոտ տպավորություն է, որ գործ չի անում՝ իր կողմից ևս արագացնելու, հրատապ նիստ հրավիրելու»։

Այնուհետև նա հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրեց Արմեն Չարչյանի հիվանդության բարդությունները. «Գլխավոր դատախազը ինձ հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Արմեն Չարչյանին պահել անազատության մեջ։ Այսինքն՝ սա ինքնանպատակ չէ իրենց համար, պարզապես իրավական գործընթացն է այդպես։ Ես նորից հիմնավորեցի, որ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք, ճանապարհ ինձ ցույց տվեց պարոն դատախազը, ասելով, որ միանշանակ կողմ է իմ այս դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք ներկայացնել։ Եվ համապատասխան հիմնավորումները ներկայացնելու դեպքում խոսք տվեց Հայաստանի Հանրապետության բժշկական հանրությանը, ցույց տվեց հարգանքը այս մտավորականությանը։ Դա չափազանց շոյիչ է մեզ համար։ Եվ հավաստիացրեց, որ նման հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ամեն ինչով մեզ կօգնի։ Ինքը ևս կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել և ըստ էության մեր խնդրանքը բավարարել»։

Սամվել Սահակյանը ասաց, որ վաղը՝ հինգշաբթի, անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի։ Իսկ բժիշկները շարժվեցին առողջապահության նախարարություն։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին. իրեն վերագրվող ձայնագրության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ բժիշկ Արմեն Չարչյանը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930