Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Փաշինյանը ոչ միայն չի փակել նախկինների 80-ականների զենքի էջը, այլև «հին», անորակ սպառազինություն է գնել․ «168 ժամ»

Հոկտեմբեր 02,2021 09:53

ՌԴ «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի» հետազոտական զեկույցում ռուս փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ կիրառված Հայաստանի ՀՕՊ միջոցների ճնշող մեծամասությունը բավարար չափով ժամանակակից չի եղել:

«ՀՀ ՀՕՊ համակարգերից «Վերբա» ՇԶՀՀ-ն (շարժական զենիթահրթիռային համալիր.- Մ.Պ.), «Բուկ-Մ1-2» ԶՀՀ-ն և «Տոռ-Մ2ԿՄ»-ներն են մշակվել 1990-ականների կեսերից հետո: 2020թ. չափանիշներով անգամ «Բուկ-Մ1-2»-ը առանձնապես ժամանակակից համակարգ չէր, քանի որ սպառազինություն է մտել 1998թ.՝ որպես միջանկյալ համակարգ «Բուկերի» դասի մոդեռնիզացիայի շարքում:

«Իր հնարավորություններով այդ համակարգը էականորեն զիջում է 2008թ․ սպառազինություն մտած «Բուկ-Մ2»-ին և 2016թ․ «Բուկ-Մ3»-ին, որոնք հագեցած են առավել ժամանակակից ռադարներով և կատարելագործված հրթիռներով»,- ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտողները փաստում են «որոշակի կասկածներ»՝ կապված Հայաստանի կողմից այդ համակարգերի գնման ժամկետների հետ: Նախքան պատերազմը Հայաստանի «Բուկ-Մ1-2» համակարգեր ունենալու փաստը հիմնավորվում է 2017թ. անցկացված շքերթում դրանց առկայությամբ: Մինչդեռ, ըստ փորձագետների, զորահանդեսին ցուցադրվել է Գյումրիի ռուսական ռազմաբազային պատկանող տեխնիկա` ներկված ՀՀ զինված ուժերին բնորոշ գույներով:

Նշվում է, որ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը «Բուկեր» է առաջարկել Հայաստանին, սակայն դրանք վերանորոգման կարիք են ունեցել, և հնարավոր չի եղել անմիջապես կիրառել:

Այս վարկածը հաստատել էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը` նշելով, որ պատերազմի առաջին օրը հայկական կողմի ունեցած 6 միավոր «Բուկ-Մ1-2» համակարգերից միայն մեկն է պիտանի եղել, իսկ մյուսների վերանորոգման համար Ռուսաստանից մասնագետների են սպասել: Արդյունքում` այս ՀՕՊ համակարգերը չեն ծառայել Արցախի պաշտպանության գործին:

Նույնատիպ կասկածներ կան նաև «Վերբա»-ի հետ կապված: Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը Ռուսաստանից մեծ քանակությամբ «Վերբա» և «Իգլա» է պատվիրել, սակայն 2020թ. պատերազմի մեկնարկի ժամանակ «Վերբան» դեռ մատակարարված չի եղել:

Հետազոտողների խոսքով` Հայաստանի ունեցած ՀՕՊ համակարգերից միայն «Տոռ-«Մ2ԿՄ»-ն է արդյունավետ պայքարել հակառակորդի անօդաչուների դեմ:

Նշվում է, որ Հայաստանն ունեցել է 6 միավոր «Տոռ», որոնք պատերազմի ժամանակ տեղակայվել են Արցախում: Դրանք նախապես պետք է ծածկեին 280 կմ-անոց ճակատը, սակայն առաջնագծի ընդլայնումից և հոկտեմբերի վերջերին «Օհանյանի գծի» ճեղքումից հետո 470 կմ-ի վերածված ճակատն այդ 6 միավորն ապահովել չէր կարող, քանի որ դրանց առավելագույն հեռահարությունն ընդամենը 15 կմ է:

Ռուս փորձագետների զեկույցում ասվում է, որ ՊԲ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ 6 «Տոռ-Մ2ԿՄ»-ներից 4-ը հայկական կողմը կորցրել է մարտական գործողությունների առաջին 15 օրվա ընթացքում:

Ի դեպ, ըստ ադրբեջանական մամուլում շրջանառված տեղեկությունների, պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից ոչնչացվել է նաև մոտ 10 Zastava M55:

Ռուս փորձագետների նշում են, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի միջև քիչ համագործակցություն է եղել:

«Ըստ տեղի աղբյուրի՝ սեփական կրակից խոցվել է մինչև հինգ թռչող սարք՝ 4 Սու-25 գրոհային օդանավ և մեկ Մի-8 օդանավ (դրանցից երկու Սու-25-երն իբր խոցվել են Վարդենիսի շրջանում Ս-125 ԶՀՀ-ից ռազմական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս, իսկ մեկը՝ Ղարաբաղում՝ ՇԶՀՀ-ից): Այդ կորուստները կազմում են Հայաստանի ՌՕՈՒ Սու-25-երի ընդհանուր թվի 25%-ը և Մի-8-երի 10%-ը»,- պնդում են նրանք:

Սա հաստատել էր նաև ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

Ստացվում է՝ Փաշինյանը ոչ միայն չի փակել նախկինների 80-ականների զենքի էջը, այլև «հին» անորակ սպառազինություն է գնել և կիրառության մեջ դրել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական այցերի ժամանակ հպարտանում էր, որ բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031