Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունք է տվել Գյումրու Սլաբոդկա թաղամասում հավաքարար կնոջ սպանության մեջ ամբաստանվող ռուս զինծառայողը

Նոյեմբեր 26,2021 20:03

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի նկատմամբ հարուցված քրգործով դատաքննությունը։ Դատավորը Նարեկ Բեգլարյանն է, այս գործով դատավորը փոխվել է։

Այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալը։

Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի, Անդրեյ Ռազգիլդեևը, 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետապնդել է աշխատանքի գնացող գյումրեցի կնոջը, նրա թաղամասում՝ Սլաբոդկայում, հասել նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով նրա մահը: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը ժամը 11:30-ին մահացել էր։

Նշենք, որ դատական նիստերն անցկացվում են հեռավար, ամբաստանյալին այդպես էլ որևէ անգամ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան չբերեցին, նա ցուցմունք տվեց ուղիղ միացմամբ։ Ի դեպ, այսօր կապի որակն անտանելի էր, որի պատճառով դատական նիստը պարբերաբար 5-7 րոպեով ընդհատվում էր։

Տուժողի իրավահաջորդ ճանաչված է սպանված Ջուլիետա Ղուկասյանի դուստը։ Նրա շահերը պաշտպանող Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը, որոնք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ են, դատարանին դարձյալ միջնորդել էին ապահովել Ռազգիլդեևի ներկայությունը դատական նիստերին։ Դատարանը, սակայն մերժեց՝ պատճառաբանելով կորոնավիրուսի տարածվածությունը։ Հայկ Հակոբյանն ասաց՝ այնպիսի տպավորություն է, թե դատավարության մասնակիցները բացառապես մտածում են ամբաստանյալի առողջական վիճակի մասին, որ նա հանկարծ կորոնավիրուսով չվարակվի, և եթե ՀՀ-ում համաճարակային այդպիսի վիճակ է, նման պայմաններում ինչո՞ւ դատական նիստերը դատավարության ամբողջ մասնակիցների համար չեն իրականացվում հեռավար։

Ինչևէ, Անդրեյ Ռազգիլդեևը հեռավար ցուցմունք տվեց՝ մանրամասնելով, որ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան՝ժամը 23․00-ի սահմաններում ընկերների հետ գնացել են գիշերային ակումբ, վիսկի պատվիրել, այնուհետ գիշերը 2-ին որոշել են այլ ակումբ գնալ, որտեղ նստելու տեղ չի եղել, դրանից հետո մեկ այլ ակումբ են գնացել, և երբ գիշերը 3-ի մոտ այն փակվում էր, դարձյալ վերադարձել են «Լաքի» ակումբում, որտեղ էլ մնացել են մինչև ժամը 5-6-ը։ Իսկ թե դրանից հետո ուր են գնացել, ամբաստանյալն ասաց՝ չի հիշում։ Դատախազ Արամ Եդիգարյանի այն հարցին, թե կարո՞ղ եք ձեր վիճակը նկարագրել առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում ինչո՞վ հեռացաք «Լաքի» ակումբից, Ռազգիլդեևն ասաց՝ չեմ հիշում։ Նա նաև ասաց, որ ակումբներում մի քանի անգամ եղել է, սակայն միշտ չէ, որ հաճախում էր։

Ռազգիլդեևը, ինչպես իր տված նախաքննական ցուցմունքում, այնպես էլ դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինքը կապ չունի Ջուլիետա Ղուկասյանի սպանության հետ, նրան երբևէ չի տեսել, Գյումրու Մայակովսկի փողոցում երբեք չի եղել։

Դատախազ Արամ Եդիգարյանի այն դիտարկմանը, թե կան վկաներ, որոնք տեսնելով տեսագրությունը, ճանաչել են քեզ, որ հենց դուք եք Մայակովսկի փողոցում, դա ինչպե՞ս կբացատրեք, վերջինս ասաց՝ չեմ ուզում պատասխանել։ Հարցին՝ տեսագրությունը դիտելով ճանաչեցի՞ք ինքներդ ձեզ, ամբաստանյալն ասաց՝ ոչ։

Նա պատմեց, որ դեկտեմբերի 1-ի, լույս 2-ի գիշերվանից հետո, երբ աշխատանքի է ներկայացել, դասակի հրամանատարն է ասել, որ ծանուցագիր է եկել, այդ ժամանակ նոր տեղեկացել է կատարածի մասին։

Նրա փաստաբանը՝ տիկին Ռշտունին, հետաքրքրվեց, թե ակումբում իր ընկերոջ՝ Մաքսի հետ վիճե՞լ է, թե՞ քաշքշել են իրար, Ռազգիլդեևն ասաց, որ ընդամենը վիճաբանել են։

Ամբաստանյալը հարցերին պատասխանելիս՝ կամ ասում էր, որ չի հիշում կամ հրաժարվում էր մեկնաբանություն տալ։

Դատախազ Արամ Եդիգարյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ կոշիկներ էր հագել ամբաստանյալը։ Անդրեյ Ռազգիլդեևը նշեց, որ բնակվելով Կամո փողոցում գտնվող իր հորաքրոջ տանը, հագել էր նրա ամուսնու՝ Ալեքսանդր Կուզնեցովի կոշիկները, որոնք մուգ գույնի էին, տակի մասը սպիտակ։

Ըստ ամբաստանյալի, ինքը «Ադիդաս» ֆիրմայի բոթասներ չի հագել։ Դատախազի այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի փորձաքննության արդյունքները, համաձայն որի Ջուլիետա Ղուկասյանի արյան հետքերը հայտնվել են նրա «Ադիդաս» ֆիրմայի բոթասների վրա, վերջինս նշեց, որ իր բոթասները եղել են տանը։Ի դեպ, դատարանում հետազոտվել են նրա կոշիկները։ Նա նաև նշեց, որ հորաքրոջ բնակարանի բանալին մեկ հատ էր, ինքը չուներ բանալի։

Վերջինս նաև ասաց, որ դեպքից հետո իրեն այցելել են զորամասի բժշկական ծառայության պետը, վիրաբույժն ու հոգեբանը, զննել են ամբողջ մարմինը, որևէ կապտուկ, կասկածելի բան չի եղել, նրանք ստուգել են ՝արդյոք դեղահաբ օգտագործե՞լ է, թե՞ ոչ։

Ամբաստանյալը խուսափեց պատասխանել նաև այն հարցին, թե հորաքրոջ՝ Օլգայիի հետ հեռախոսով ինչ է խոսել։ Դատախազի դիտարկմանը, որ հորաքույրը դատարանում ցուցմունք է տվել՝ ասելով, որ եղբոր որդի Անդրեյը խնդրել է լվալ հագի բաճկոնը, որը, սակայն զարմացրել է իրեն, քանի որ այն նոր լվացած էր, ամբաստանյալն ասաց՝ այդ հարցին չեմ պատասխանի։

Նրան հարց ուղղվեց նաև գուլպաների մասին, դատախազը նշեց, որ դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա գուլպաների եզրերին հայտնվել են Ջուլիետա Ղուկասյանի արյան հետքերը։

Սպանված Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտը, հարցրեց՝ եթե մեր թաղին ծանոթ չես, ի՞նչ գործ ունեիր մեր թաղում։ Վերջինս մեկ անգամ ևս պնդեց, որ ինքը Մայակովսկի փողոցում չի եղել, տեսագրության մեջ էլ իրեն չի ճանաչել։

Նա հայտարարեց, որ իր համար անհասկանալի է հանցագործության կատարման եղանակը։ Նա դատարանին խնդրեց․ «Եթե հանկարծ դատարանն ինձ մեղավոր ճանաչի ու որոշի պատժել, թույլ տվեք պատիժս կրել Ռուսաստանի Դաշնությունում»։

Ամբաստանյալի հարցաքննությունն այսօր ավարտվեց՝ տևելով մոտ 3 ժամ։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին, ժամը 13․00-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930