Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի սահմանին գործելու ազատություն է նախատեսում. Արման Մելիքյանը՝ Սոչիում Ալիեւի հնչած հայտարարության մասին

Նոյեմբեր 26,2021 20:40

«Ադրբեջանն այսպիսով իր համար որոշակի գործելու ազատություն է նախատեսում՝ հենց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Կարելի է ենթադրել, որ առայժմ արեւելյան սահմանի մասին է խոսքը, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ նույնը չեն պատրաստվում անել նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպմանը եւ այնտեղ հնչած հայտարարություններին` ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասաց, որ վերջին շրջանում Արցախում հնչած կրակոցները եւ սպանությունները եղել են կենցաղային հողի վրա վիճաբանական թեմաների արդյունք։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումները չեն մտնում Ռուսաստանի խաղաղարար առաքելության պատասխանատվության գոտու մեջ։

Միեւնույն ժամանակ, Արման Մելիքյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թե ՌԴ-ի, թե Ադրբեջանի կողմից լիովին անտեսվում է այն, որ ՌԴ-ն պարտավորություն ունի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Ընդ որում, այդ պարտավորությունը չի նախատեսում որեւէ արտոնյալ վիճակ Ադրբեջանի համար: Բայց մենք տեսնում ենք, որ տարատեսակ հին ու նոր պաշտոնյաներ ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից, ասում են, որ այդ միջամտությունը ՌԴ-ի համար, հատկապես Ադրբեջանի պարագայում անհնար է, որովհետեւ Ադրբեջանը եւս ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, թեեւ համապատասխան պայմանագիր նրանք չունեն»:

Ի դեպ, համանման մի դիտարկում էլ օրերս Նիկոլ Փաշինյանն էլ էր արել :

Արման Մելիքյանի դիտարկմամբ, այս առումով բավական լպրծուն իրավիճակ է եւ ՀՀ իշխանություններն այդ լպրծուն իրավիճակում կարծես թե փորձում են ինչ-որ կերպ դիվանագիտորեն մանեւրել: Թե դա որքանո՞վ նրանց կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա:

«Դատելով այժմ հասանելի տեղեկատվությունից, կարելի է ասել, որ ռուսական կողմն, ըստ էության հաղորդակցության ուղիների բացմանը կողմ է»,- ասում է մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով արդեն եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիտարկումը՝ հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Ուշագրավ է, որ իր խոսքում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չխոսեց Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։ Բավական ընդհանրական  եւ ոչ հստակ խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման վերաբերյալ:

Արման Մելիքյանը՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ խելամիտ մոտեցում է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակումը. «Բոլոր դեպքերում, պետք է հասկանանք, որ Հայաստանի իշխանություններն այսօր առանձնապես շարժվելու տեղ չունեն եւ արտաքին շանտաժի ենթարկվելու համար նախապայմաններն առկա են: Այս իրավիճակից դուրս գալու համար շատ կոնկրետ գործողություններ են հարկավոր, որոնք իրականում չեն կարող նախաձեռնվել անգամ պետության կողմից: Շատ նուրբ իրավիճակ է, մասնագիտական աշխատանքի կարիք կա, ինչը նախաձեռնելու հետ կապված եվս կան խոչընդոտներ, որոնք չգիտեմ, թե որքանով կհաջողվի հաղթահարել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930