Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են զբաղված Գյումրու նախկին փոխքաղաքապետերը

Հունվար 14,2022 22:00

Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Բալասանյանի օրոք Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Սուլթանյանը շուտով կնշանակվի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավոր խորհրդական։

Նշենք, որ Հայկ Սուլթանյանն անկուսակցական է, նա «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու անդամ էր․ քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանից հետո երկրորդ տեղն էր զբաղեցնում ցուցակում, սակայն դեկտեմբերի վերջին հրաժարվեց մանդատից։

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության անձնակազմն ամենայն հավանականությամբ նպատակահարմար գտավ նրա ուժերը օգտագործել հենց քաղաքապետարանում։ Հայկ Սուլթանյանը փորձառու, համեստ ու աշխատասեր պաշտոնյա է։ Նրա հետ բնականաբար կցանկանայինք զրուցել այն մասին, թե ինչ գործառույթ է իրականացնելու, ինչ ոլորտներ է համակարգելու, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր, հայտնի դարձավ, որ այս պահին Հայաստանում չէ։

Նրա խորհրդական նշանակվելու մասին լուրը հաստատեցին նաև Գյումրու համայնքապետարանի աշխատակազմից։

Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրներն էլ տեղեկացրեցին, որ Սամվել Բալասանյանի խորհրդական Արարատ Բալաբեկյանի առանձնասենյակն են ազատում, որ հատկացնեն Հայկ Սուլթանյանին։

Aravot.am-ը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում այս պահին Սամվել Բալասանյանի օրոք պաշտոնավարած մյուս փոխքաղաքապետը՝ Ռուբեն Սանոյանը։ Նշենք, որ նաև ևս աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ և համեստությամբ․ երկու փոխքաղաքապետերին հաճախակի կարելի էր տեսնել Գյումրու փողոցներով միասին զբոսնելիս․ նրանք բնակիչների հետ փորձում էին շփվել նաև այս տարբերակով։

Ռուբեն Սանոյանն ասաց, որ տարիներ շարունակ աշխատել է գերծանրաբեռնվածությամբ, վերջին 3 տարում էլ արձակուրդ չի գնացել, այժմ հանգստանում է։

«Առայժմ հանգստանում եմ, գերհոգնած եմ, պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն այլևս չունեմ։

Պետական պաշտոնյա լինելը մեծ պատասխանատվություն է, հիմիկվա փոխքաղաքապետերը երիտասարդ են, նրանց հնարավորություն է տրված, շատ մեծ պատիվ է իրենց համար, որ Գյումրիի պես հրաշալի քաղաքի կառավարումը իրենց է վստահվել։

Ես չեմ խառնվում քաղաքի կառավարման գործընթացին, յուրաքանչյուրն ունի իր աշխատաոճը, երբեք չեմ խանգարի, բայց եթե իմ կարիքը զգան, մեծ սիրով, պատրաստ եմ գիշեր-ցերեկ օգնել իրենց։ Գյումրին այսօր զբոսաշրջային քաղաք է, և քաղաքի ղեկը ստանձնած երիտասարդները մակարդակը պիտ բարձրացնեն, չցածրացնեն հանկարծ», -ասաց Ռուբեն Սանոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31