Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույրի թողած ամենամեծ ժառանգությունը նրա լուսավոր անունն է, նրա ապրած խիզախ կյանքը

Հունվար 19,2022 13:30

Ծնողներն արդեն բավականին մեծ էին, քառասունն անց, երբ տանն արդեն իրենից 15 տարով մեծ եղբայր ու երկու քույր կային, բայց Աստծո տված էր, պիտի լույս աշխարհ գար: Հետո պիտի ծնողներն անժամանակ հեռանային կյանքից, ու իրենից 15 տարով մեծ Վահան եղբայրը պիտի նրան ե՛ւ եղբայրություն, ե՛ւ հայրություն աներ, հետո պիտի հարեւան` Շաղատ գյուղից այս սրտաբաց օջախ հարս եկած Քանաքարան իր երեխաների հետ ու նրանց պես հոգար Պարույրի մասին, սիրեր, պահեր իր երեխաների պես, ավելի շատ ոչ որպես տեգր, այլ` որպես զավակ, ու Պարույրի կորստից հետո էլ սգար ծնողի նման, մոր նման, որից այնքան վաղ զրկվել էլ Պարույրը: 48 տարեկան դարձած Պարույրն իր ընտանիքն այդպես էլ չունեցավ, ու հայրական օջախը մինչեւ կյանքի վերջ մնաց նրա միակ հարազատ տունը, միակ հոգեպարար վայրը, որտեղ հիմա էլ նրա հիշատակի անկյունն է, որտեղ հիմա էլ հյուրընկալվում են Պարույրի ընկերները, զինակիցները եւ բոլոր նրանք, ովքեր որեւէ կերպ հետաքրքրվում են 44-օրյա պատերազմի նահատակի կենսագրությամբ:

Քանի որ տան փոքրն էր, սիրված էր բոլորի կողմից, նրան տրված էր անսահման ազատություն: Դեռ փոքր տարիքից սիրում էր թռչել, երազում էր օդաչու դառնալ: Տախտակներից, փայտերից ինքնաթիռանման ինչ-որ բաներ էր սարքում, օդ թռցնում, ինքն էլ թռչում, ճախրում, հրճվում: Արտիստիկ էր, երաժշտական, տեղով մեկ շրջապատի, ընկերության ոգին էր, յուրահատուկ էր եւ տարբերվող: Սիրում էր սպորտ, երաժշտություն: Թենիսի սիրահար էր: Տոմս էր գնել-մեկնել Ավստրալիա` թենիսի միջազգային առաջնություն նայելու:

Չարաճճիությունն ու տաքարյունությունը դեռեւս երեխա տարիներից էր զգացվում. 4 տարեկանում լուցկին դրել- վառել էր խոտի դեզը, վազել ծնողներին կանչել` խորովածի կրակն արել եմ, եկեք: Դպրոցն ավարտելուց հետո Ռուսաստանում ընդունվեց օդաչուկան ուսումնարան, բայց Բաքվի դեպքերն արդեն սկսվել էին, ծնողները վախեցան, նրա հետ նաեւ «բարեկամ-դրացի» ազգի սովորողներ կային, ի՞նչ իմանաս` մեկ էլ տեսար` նրանց կենդանական բնազդն արթնացավ, ու տղային ետ բերել տվեցին գյուղ, հետո շատ փոշմանեցին, բայց եղածն արդեն եղել էր: Պարույրը սովորեց Սիսիանի քոլեջի մեխանիզացիայի բաժնում: Զինվորական ծառայությունն էլ զուգադիպեց հայկական բանակի ստեղծմանը… Ծանր, դժվարին, պակաս տարիներ էին: Պարույրը ծառայեց Իջեւանի հետախուզության գումարտակում, որի հրամանատարն էր Սերգեյ Կարապետյանը: 1993-ին մասնակցեց Արցախյան առաջին պատերազմի մարտական գործողությունների եւ, որպես հմուտ հետախույզ, ավարտեց ծառայությունն ու պատվով վերադարձավ տուն:

Թեպետ հայրենի գյուղը շատ էր սիրում, բայց կայանալու, սեփական ձեռագիրը ստեղծելու, իր վառ անհատականությունն իրացնելու համար մեծ տարածք էր պետք, ու Ռուսաստանը տարավ նրան… Նախաձեռնող էր, համարձակ, խիզախ, ինքնավստահ, ձգտող ու երազող եւ Տուլան Պարույրի համար դարձավ ինքնադրսեւորման անսահման մեծ տարածություն: Սեփական բիզնեսը հիմնեց, զբաղվում էր ճանապարհների ասֆալտապատմամբ: Հայաստանից, հայրենի գյուղից որեւէ մեկը եթե Տուլա գնար, հանդիպում էր, օգնում, սատարում… Գործընկերները սիրեցին, հավատացին, վստահեցին: Պարույրն իր կերպարով վաստակեց այդ հարգանքն ու սերը: Տուն գնեց, հողամաս… Բայց տունն օջախ չէր նրա համար, ու ամեն տարի, մի քանի ամսով հայրենի գյուղ էր գալիս: «Առաջին անգամ երբ եկավ, ասաց` աշխատածս առաջին կոպեկներով գյուղի մանկապարտեզին պիտի ստեղնաշար նվիրեմ… Երաժշտություն շատ էր սիրում, նվագում էր կիթառ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ եւ ուզում էր, որ երեխաները հենց մանկապարտեզից սովորեին երաժշտական գործիքներ նվագել… Երաժշտական հրաշալի լսողություն ուներ, երբեմն ինքն էր մեղեդիներ, երգեր հորինում, նվագում էր, երգում: Նրա երգի այս տողերն են մեխվել մտքիս մեջ, որ սեպտեմբերին հաճախ էր երգում` Թողեք հեռանամ ես մի մենաստան, ինձ չի վախեցնում ոչ մի դատաստան»,- պատմում է Պարույրի եղբայրը` Վահանը:

2020-ին կրկին հարազատ օջախում էր, հայրենի Անգեղակոթում: Սիրտը ոնց որ չէր կտրվում, ու ամեն օր հետաձգում էր Ռուսաստան վերադառնալը: Խաղաղ սրտով էր եկել, աշխատողների աշխատավարձերը վճարել էր, հետո եկել: Խիղճը կտանջեր, եթե ինքը հանգիստ Նոր տարի նշեր` առանց մյուսներին վճարելու: «Հողամաս ուներ, վաճառել էր, մինչեւ վերջ վճարել աշխատողների աշխատավարձը, հետո եկել… Ասում էր` ուշանալ կա, ուրանալ չկա»,- պատմում է Վահանը, հետո ավելացնում, որ անբացատրելի մի բան անընդհատ ետ էր պահում Պարույրին` Ռուսաստան գնալ: Քովիդի համաճարակը պատճառ չէր, Պարույրի համար որեւէ արգելք ու սահմանափակում չկար, նա Ռուսաստանի քաղաքացիություն ուներ եւ կարող էր չարտերային որեւէ թռիչքով թռչել, բայց նրա սիրտը չէր կտրվում հայրենի տնից, հայրենի գյուղից: Վահանի կինը` Քանաքարան պատմում է, որ նստում էր գյուղի եկեղեցու հարեւանությամբ, ժամերով նայում շուրջը, շրջակա սարերին, երիտասարդներին համոզում իրենց կերուխումը ոչ թե ռեստորաններում անցկացնեն, այլ` եկեղեցու տակի գեղատեսիլ բնության մեջ, հետո շեշտում` դուք որ Ռուսաստանում ապրեք, նոր կիմանաք` ինչ է կարոտը, ինչ է հայրենիքը, ինչ է երկիրը:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 28-ին Վահանը համագյուղացիների հետ աշխարհազոր հավաքեցին` Նախիջեւանի սահմանակից դիրքերը հսկելու: «Եկավ ինձ ճանապարհեց, երկար, երկար նայեց, ասես` վերջին անգամն էր տեսնում, ասացի` մեզ հետ արի մեր սահմանները հսկելու, ասաց` էնտեղ պատերազմ չկա, դուք էնտեղ գնացեք, ես պատերազմ պիտի գնամ»,-ասում է Վահանը: Հետո իմացել են, որ պատերազմի լուրն առնելուն պես, առանց որեւէ մեկին ասելու, առանց հապաղելու, առանց երկմտելու, առանց տարակուսելու կապվել է Իջեւանի հետախուզական գումարտակի իր նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանին եւ խնդրել իրեն էլ ընդգրկել որեւէ ջոկատում: Հոկտեմբերի 29-ին մայրուղի-Անգեղակոթի խաչմերուկում, առանց զինվորական համազգեստի, առանց զինկոմիսարիատում գրանցվելու, նստել է Արցախ մեկնող «Արծիվ -11» կամավորական ջոկատի ավտոբուսը` ուղիղ դեպի Եղնիկներ: Պարույրին ճանապարհած եղբորորդին` Արմենը պատմում է, թե ինչ անհամբերությամբ, ինչ տագնապներով էր սպասում ավտոբուսին, անընդհատ կրկնում` բա որ անցած լինեն, բա որ ինձ վերցրած չլինեն, բա որ ինձ թողնեն-գնան, ու հետո ներկայացնում, թե ի՜նչ անբացատրելի խանդավառությամբ հանդիպեցին նախկին զինակիցները, ի՜նչ գրկախառնությամբ, ի՜նչ ոգեւորությամբ:

Պարույրի ավագ քույրը` Արշալույսն ասում է, որ հայրենասիրական ոգին նրան ներարակել է իր ամուսինը` Վոլոդյա Կարապետյանը, ով Վուրգ Ոսկանյանի ջոկատի հետ զոհվեց Արցախյան առաջին ազատամարտում: «Բոլորս շատ էինք սիրում Պարույրին, Վոլոդյան նրան իր հետ ամեն տեղ տանում էր, նրան իր ոգով էր մեծացնում: Մեզ համար անակնկալ չէր Պարույրի` կամավոր պատերազմ մեկնելը, Վոլոդյայի կերպարը միշտ ուղեկցել է նրան, ոգեշնչել, ու Պարույրը չէր կարող չգնալ պաշտպանելու էն հողը, հանուն որի ընկել էր Վոլոդյան եւ մեր մյուս համագյուղացիները: Գյուղի պանթեոնը դարձել է մեր կյանքի մի մասնիկը: 90-ականներին` Վոլոդյան, հիմա` Պարույրը… Մեզ համար շատ ծանր է: Մի պատերազմում ամուսինս զոհվեց, մյուսում` եղբայրս»,- ասում է Արշալույսը:

Պարույր Եսայանի հայրական տուն իմ այցի օրը` հունվարի 8-ին, պատահական զուգադիպությամբ, հյուրերի էին սպասում: Մարտական ընկերներն էին գալու: Եղնիկների հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի (Քյոխ) առաջարկությամբ, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար ԱՀ ՊԲ-ն N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային Պարույր Արամայիսի Եսայանին ետմահու պարգեւատրել էր «Մարտական ծառայության» մեդալով ու զինակիցները, «Արծիվ-11» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնադապետ Լեւոն Գալստյանի գլխավորությամբ, Պարույրի ստացած մեդալը տուն էին բերում` հանձնելու հարազատներին: Մարտական ծառայության մեդալը հանձնվեց Անգեղակոթի պանթեոնում, որտեղ հանգչում է 44-օրյա պատերազմի նահատակ Պարույր Եսայանը: Լեւոն Գալստյանը նշեց, որ կարճ ժամանակահատված է ճանաչել Պարույրին` սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 24-ը, երբ զոհվեց Պարույրը, բայց այնպիսի զգացողություն ունի, կարծես մի ողջ կյանք ճանաչել է նրան: «Պարույրը հայրենասեր, խիզախ, բանիմաց մարտիկ էր, բոլորին ոգեւորում էր, խրախուսում, երիտասարդներին ոգեպնդում, իսկական նվիրյալ էր, ճակատագրով` նահատակ: Երբ հոկտեմբերի 13-ին զոհվեց իմ ամենամոտ ընկերը` Ներսես Ներսիսյանը, ընկճվել էի, Պարույրը հասկացրեց, որ հրամանատարն ընկճվելու իրավունք չունի, եւ ինքը, որպես իմ Նեսո, կկանգնի իմ թիկունքին…Նրա ոգին ինձ մեծ ուժ տվեց: «Արծիվ-11» ջոկատը 100 հոգուց 5 զոհ է ունեցել, մեկը` Պարույրն էր, որ զոհվեց հետախուզական առաջադրանքը կատարելիս: Պարույրը ոգի էր, իր ետեւից տանող, հենց այն, որ ամեն ինչ թողել էր Ռուսաստանում եւ եկել, բավարար է նրա մասին կարծիք կազմելու: Նրա հոգում հայրենիքն ավելի մեծ տեղ էր գրավում… Հարազատների համար կսկիծ է, բայց Պարույրը նրանց հպարտությունն է, թող եկող սերունդները դաստիարակվեն նրա կերպարով, նոր Պարույրներ ծնվեն, եւ նա կվերածնվի… Իսկ մենք դեռ գործ ուենք անելու, մեր կիսատ թողածը պիտի ավարտենք»,- ասաց հրամանատարը:

Մեդալը հարազատներին հանձնեց «Արծիվ-11» ջոկատի հրամանատարի տեղակալ, գնդապետ, մարտական ընկեր Արամայիս Դավթյանը (Չավուշ), նշելով, որ մեր կռիվը չի ավարտվել, որ խաղաղության երաշխիքը հաղթանակն է, որ մարտական ընկերները չեն հաշտվում մեր հողերը կորցրելու մտքի հետ, այլապես մեր թափած արյունը զուր է, մեր զոհերը մեզ չեն ների: Մենք վրեժ ունենք լուծելու, փառք Պարույրին եւ բոլոր այն տղաներին, որ նահատակվեցին հայրենիքի համար:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31