Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մեղադրողը դեմ չէ արագացված դատական քննությանը, բայց բողոք է բերում

Հունվար 24,2022 13:30
femida

Կանանց մասնակցությամբ ի՞նչ դատական գործեր են սպասվում 2022-ի հունվարին

Կանանց մասնակցությամբ դատական գործընթացները նախորդ տարիների առումով փոխվել են՝ թե որակական, թե քանական առումով: Նախկինում շատ էին խարդախության գործերը, հափշտակությունները, ապա այսօր գործ ունենք թե մարմնական վնասվածքներ հասցնելու, ռազմամթերք, թմրանյութ պահելու, թե վիրտուալ տիրույթներում կատարվող միջին ծանրության կամ ծանր հանցագործությունների հետ:

Շուշանիկ Բախշյանի եւ Անի Բաբելյանի գործը դեռ 2015թ.-ից դատարաններում է

Հիշեցնեմ, որ «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձ-գինեկոլոգները ըստ մեղադրանքի կողմի՝ 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման են վերցրել եւ վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն (Շենգավիթ նստավայր) անցյալ տարվա փետրվարին արդարացրել էր նրանց՝ հանցակազմի բացակայության հիմքով եւ ճանաչել անպարտ: Ութ հատորանոց գործը վերաքննիչ քրեական դատարանում է անցյալ տարվա հուլիսից: Բողոք բերողը մեղադրողն է՝ Ա. Մնացականյանը, ով պահանջում է կայացնել նոր դատական ակտ, բեկանել դատավաճիռը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Փառանձեմ Ա.-ի գործը դեռ դատարանում է

Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի 4 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նրա գույքի վրա նախաքննության մարմնի կողմից 2018թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ կալանք է դրվել:

Փառանձեմից հօգուտ տուժողի դատավճռով պետք է բռնագանձվի 1870 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Պաշտպանական կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ ճանաչել ու հռչակել ամբաստանյալի անմեղությունը նրան մեղսագրվող հանցագործության կատարման մեջ կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, բացի այդ կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ օրենքը՝ ազատել նրան պատիժը կրելուց: Վկաներից մեկը, որի տղան տուժողն է այս գործով, ցուցմունք էր տվել, որ իր մոտ ախտորոշվել էր երիկամային անբավարարություն, որից հետո սկսել է բուժումները: Ստացիոնար բուժում է ստացել Երեւան քաղաքի տարբեր հիվանդանոցներում, սակայն առողջական վիճակը վատթարացել է:

Տեղեկանալով, որ հնարավոր է բուժվել ԳԴՀ-ում՝ ուղիներ են փնտրել այնտեղ տեղափոխվելու ուղղությամբ, դիմել են «Կարմիր խաչ» կազմակերպությանը: Իր դասընկերուհի Փառանձեմը տեղեկանալով իր առողջական խնդրի եւ բուժման նպատակով Գերմանիա մեկնելու մտադրության մասին՝ առաջարկել է իր օգնությունը՝ նշելով, որ իր որդին էլ է բուժում ստանում Գերմանիայում եւ ինքը նույնպես պատրաստվում է մեկնել: Նաեւ ասել էր, թե Գերմանիայի դեսպանատանը ծանոթներ ունի, ովքեր իրեն կազմակերպչական հարցերում կարող են օգնել: Հետագայում պարզվել էր, որ նա խաբել է իրենց:

Արմենուհի Կ.-ի գործով
Արմենուհի Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելով, դատարանը դատապարտել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Տուգանքը վճարելու համար դատարանը սահմանել է երեք ամիս ժամկետ: Նրա նկատմամբ էլ ընտրվել էր խափանման միջոց` ստորագրությունը չհեռանալու մասին:
«Միայնակ էի տանը, երբ տան դուռը թակեցին, տեսա ամուսնուս եղբորորդուն, ով մտնելով ներս՝ ուսով հրեց ինձ եւ գնաց դեպի խոհանոց: Նրա հրելու արդյունքում ձեռքիս եղած ափսեներն ընկնելով՝ կոտրվել են: Պահանջեցի դուրս գալ տնից, գոռացի, սակայն «տուժողը» լկտի ձեւով ծիծաղեց եւ դուրս չեկավ: Ահազանգեցի ոստիկանություն: Նա լսելով ահազանգի մասին՝ մոտեցավ եւ ձեռքով մեկ անգամ հարվածեց դեմքիս, ապա դուրս եկավ տնից: Այդ ընթացքում ինքնազգացողությունս վատացավ, երկու անգամ շտապօգնություն են կանչել, եւ երկրորդ կանչից հետո տեղափոխեցին ինձ հիվանդանոց»,-ասել էր Արմենուհին, խնդրելով իրեն արդարացնել:

Վիրտուալ հանցագործության գործով
«Առավոտը» Նարինեի գործի մասին մի անգամ գրել է: Դեռ այդ ժամանակ, Նարինե Ս.-ին դատարանը մեղավոր չէր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ չէր նշանակել ազատազրկման ձեւով` 4 տարի ժամկետով:

Նրա նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ նա ազատվել է դատավճռով նշանակված պատժից: Նարինեից կբռնագանձվի 7.000.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում: Նարինեն «ամուսնության պատրվակով» գյուղաբնակ Կարինե Հ.-ին ներկայացել էր որպես «Արտեմ Ադամյան» տվյալներով անձ՝ համացանցի «համադասարանցիներ» ինտերնետային կայքի միջոցով, «Արտեմ Ադամյան» տվյալներով ստեղծված կայքէջով հաղորդագրություններ ուղարկել, այդ հաղորդագրությունների միջոցով Կարինեից մաս-մաս ստացել էր գումարներ:

Ռազմամթերքի գործով
Դատարանում է նաեւ «ռազմամթերքի գործով» անցնող Սիրուշ Մ.-ի գործը: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Ուշագրավ է դատական նիստի ժամանակ հարցուպատասխանը:

Երբ մեղադրողը հարցրել է. «Որտեղից է ձեռք բերվել նշված փամփուշտները եւ հայտնեք կոնկրետ, թե որտեղ եք պահել նշված փամփուշտները», Սիրուշ Մ.-ն ասել է. «Հայրս աշխատում էր որպես աղբատար մեքենայի վարորդ եւ հաճախ ալյումինե եւ պղնձե իրեր էր բերում տուն, ենթադրում եմ, որ այդ փամփուշտներն այդ ժամանակ գտել եւ այդ իրերի հետ միասին բերել է տուն: Նշված փամփուշտները, որը նույնիսկ լավ չէի էլ պատկերացնում թե ինչ է, սակայն որպես հորիցս հիշատակ, նրա մահվանից հետո պահել էի նրա իրերի հետ, որոնք դրել էի իմ հագուստների պարկերի մեջ եւ առհասարակ մոռացել էի դրանց գոյության մասին»:

Ուր է տուժողը
Արմինե Խ.-ի գործը նույնպես հետաքրքիր է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի, 2-րդ կետով նախատեսված հանցանքում: Առաջին ատյանի դատարանով նա դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով: Գործն ընդհանուր իրավասության դատարանում քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանով հաստատվել է, որ Արմինեն 2019թ. մայիսի 17-ին, ժամը 23:10-ի սահմաններում, Տիգրան Մեծի եւ Երվանդ Քոչարի փողոցների հատման վայրին մոտ՝ ճանապարհի բանուկ մասի երթեւեկելի հատվածում, «նստելու եւ ճանապարհի երթեւեկելի հատվածը փակելու եղանակով խոչընդոտել է երթեւեկության բնականոն ընթացքին, որի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, տեւական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով, ինչը զուգորդվել է հասարակական կարգի խախտումը խափանող՝ ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելով եւ դիմադրություն ցույց տալով»: Երկհատորանոց գործի մեջ չկա «տուժող» բառն ընդհանրապես, այսինքն՝ տուժող չի եղել: Նրա նկատմամբ ընտրվել է նույնպես ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:

Մաքսանենգության մեջ է ներգրավված Կարինե Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալով առաջարկ` գումարի դիմաց Հայաստանի պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգությամբ Կանադա տեղափոխելու եւ այնտեղ բնակվող, քննությամբ չպարզված անձին ապօրինի իրացնելու վերաբերյալ ու համաձայնվելով նրա առաջարկին, վերջինիս կողմից տրամադրված մետաղական դետալներում թաքցված, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռքբերված ընդհանուր 2305,133 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցն իրացման նպատակով ապօրինի պահելով, փոխադրել է այն միջազգային սուրհանդակային առաքումներ իրականացնող, երեւանյան մի ՍՊԸ, այնուհետեւ մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել է այն առաքել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ութուկես տավա ազատազրկման է դատապարտվել Կարինեն, նրա նկատմամբ նույնպես հանդուրժողականություն կա՝ խափանման միջոցի ընտրման հարցում՝ ստորագրություն չբացակայելու մասին, քանի դեռ գործը բողոքարկման փուլում է: Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել Կարինեին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31