Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է ներել թշնամուն, բայց ոչ՝ քո ոսկե երիտասարդությանը մորթոտողին». Գագիկ Գինոսյան

Հունվար 31,2022 19:01

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, պարագետ Գագիկ Գինոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ծաղր է համարում այս իրավիճակում խաղաղության հորդորներն ու թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամության կոչերը: Ասում է՝ իրական խաղաղությունը կարող է լինել  միայն խաղաղություն հորդորողների չլինելով եւ հայոց հաղթանակով: Չի ընդունում նաեւ ոմանց՝ առեւտրականի հոգեբանությունը. «Ասում են՝ Սյունիքով ճանապարհ բացենք, էսքան փող կաշխատենք,  իսկ ազգային արժանապատվությունը որտե՞ղ է»:

Նա պարարվեստի օրինակով է փորձում մեկնաբանել. «Անուններ չասեմ, կարող եք համեմատության մեջ դնել. մի պարի մասնագետ ասում էր՝ ես առաջինն էի, որ հայ կնոջ ձեռքն ուսերից վերեւ բարձրացրի, մինչդեռ ավանդական հայկական պարերում պետք է կնոջ թեւատակը չերեւա, դա արգելք էր: Իսկ գուցե նաեւ դա՞ էր պատճառը, որ հիմա այսքան անբարոյականություն կա Հայոց աշխարհում: Ինչու 5000 տարվա ավանդույթ, պարային արժեհամակարգ եւ հիմնադրույթներ ունեցող ազգի մեջ ոչ մեկ խելոք չի՞ եղել, որ հասկանա՝ կնոջ ձեռքը պետք է ուսերից վերեւ բարձրացնել…Հենց նման դեպքերում ենք պարտվում»:

Ինչ վերաբերվում է վերջին շրջանում իշխանությունների կողմից առաջ բերված խաղաղասիրական օրակարգին, Գագիկ Գինոսյանը հետեւյալն է ընդգծում. «Նժդեհը, Անդրանիկը, Մխիթար Սպարապետը, Դաբիթ Բեկը, Խրիմյան Հայրիկը… բոլորն ասել են, որ թուրքերի հետ հնարավոր չէ բարեկամ լինել…Ժամանակին, երբ երիտթուրքերն եկան իշխանության, դաշնակցականներ Անդրանիկին հորդորում էին հաշտվել թուրքերի հետ, պատգամավոր դառնալ Անդրանիկն ասում էր. «Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը։ Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել եւ կուզեմ որ լսեք։ Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի հոշոտեն…»:

Իսկ հիմա չեն խոսում նման բաների մասին…Եվ եթե ներկայիս ղեկավարները, թուրքի հետ բարեկամություն հորդորողները մի կտոր խելք ունենային, կկարդային մեր մեծերին, չեմ ասում՝ իրենց կողմից ազգայնամոլ անվանվածներին, հյուսիսային բարեկամի հորդորով ֆաշիստ կոչվող Նժդեհին, բայց գոնե Խրիմյան Հայրիկին կկարդային, որ ասում էր՝ թուրքի հետ բարեկամություն անելը ազգային դավաճանություն է: Իսկ Նժդեհն ասում էր՝ կարելի է ներել թշնամուն, բայց ոչ ազգիդ կեսը հատողին, ազգիդ կեսը ցեղասպանողին:

Հիմա կարելի է ներել թշնամուն, բայց ոչ քո ոսկե երիտասարդությունը մորթոտողին, եզդի տղայի գլուխ կտրողին ու այդ գլխով ֆուտբոլ խաղացողին, ներել թշնամուն, բայց ոչ կենդանի զինվորի աչքը հանողին…Ահա թե ում հետ են բարեկամություն քարոզում, այն ցեղի, որը դեռ մարդ չի դարձել, ո՞ւմ հետ են ուզում հաշտ ապրել, այն վայրագ գազանի, որ դեռ այսօր  շարունակում է հայ երիտասարդի գլխատել, իսկ գլխատողին պարգեւատրում են, Թալիշում իննսունամյա տատիկին սպանողի եւ ականջը կտրողին պարգեւատրող Ալիեւի հե՞տ  եք բարեկամություն հորդորում:

Ուրեմն խորհուրդ կտամ նաեւ իրենց տատիկներին նույն բախտին արժանացնեն, հետո նոր կոչ անեն բարեկամության: Չեմ ուզում խիստ բաներ ասել, բայց եթե այդ տատիկի ու պապիկի փոխարեն իրենց ծնողները լինեին, Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, մեր 5000 ոսկե տղաների փոխարեն իրենց զավակները լինեին, այսօր կասեին՝  մի քիչ մտածենք, մի գուցե խելոք բան են ասում: Թե չէ ուրիշի որդիների զոհաբերության հաշվին բարոյական չէ խաղաղություն քարոզելը»:

Արվեստագետի ձեւակերպմամբ. «Չի կարող թուրքը հայի բարեկամը լինել, որովհետեւ ի սկզբանե  մեզ ընդունում է որպես ոխերիմ թշնամի, մի ազգ, որ մանկապարտեզի երեխայից բռնած հայատյացություն է դաստիարակում, այդ ազգի հետ բարոյականության քարոզելը նույնն է, ինչ նապաստակին սովորեցնես գայլի հետ բարեկամություն անել: Այդ բարեկամություն կոչվածն ծաղր է, դա չի կարող լինել, որովհետեւ մարդասպանը աստվածապաշտ ազգի հետ չի կարող բարեկամ լինել: Այն ազգը, որը ցեղասպանությունից փրկված՝ երեխային թողնում, Աստվածաշունչ  եւ Մշո Ճառընտիր էր փրկում, չի կարող մարդ հոշոտողի, մանուկների գլուխ կտրողի ու հղի կանանց փոր պատռողի հետ բարեկամ լինել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31