Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Եթե կարճ ձեւակերպեմ, իրավիճակը սա է. մեր զինված ուժերը կարիք ունեն մեծ բարեփոխումների, որոնք այս իշխանության պայմաններում հնարավոր չէ ակնկալել»

Փետրվար 02,2022 13:04

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում պատմեց Հայկական բանակի 30-ամյակի առիթով առաջնագիծ այցելության մասին:

«Այս իշխանությունը արել է ամեն ինչ, որպեսզի մեր բանակի, պետականության, պետության տարբեր խորհրդանիշերի հետ կապված հանրությունը ուրախ, ջերմ օրեր այլեւս չունենա, որովհետեւ 44-օրյա պատերազմը եւ դրա բերած աղետը բավականին ծանր հետեւանքներ ունեցան եւ զինված ուժերի եւ մեր պետականության համար: Այդուհանդերձ, այսօր շատ կարեւոր առաքելություն են իրականացնում մեր զինծառայողները, որոնք, չնայած այս ծանր իրավիճակին ու իշխանության ամենավերին օղակների հասցրած հարվածների պայմաններում, շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել Զինված ուժերում եւ պաշտպանել Հայաստանն ու Արցախը: Խոսքս վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներից մինչեւ պայմանագրայիններ ու սպայական անձնակազմ:

Ինչ վերաբերում է կոնկրետ Զինված ուժերում առկա իրավիճակին, բնական է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի քողարկի այն գործընթացները, այն իրավիճակը, ինչ կա Զինված ուժերում: Զինված ուժերի մասին պատկերացում կարելի է ստանալ ոչ միայն կոնկրետ զորամաս կամ մարտական դիրքեր այցելելով, այլ առհասարակ լինելով սահմանամերձ համայնքներում, զինվորական տարբեր խմբերի հետ շփվելով: Էլ չեմ խոսում այն մասին, որ որոշակի պարբերականությամբ նաեւ լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակվում առաջնագծի տարբեր ուղղություններից:

Եթե սրան գումարեմ նաեւ իմ վերջին այցը, որը եղել է հունվարի 28-ին՝ խմբակցության ղեկավարի հետ միասին, ինչը ոչ միայն զինվորականներին շնորհավորելու, այլեւ իրավիճակի որոշակի ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորություն էր: Իհարկե, կան բարդագույն խնդիրներ, որոնց մի մասին հանրային ձեւով չեմ անդրադառնա եւ փակ ֆորմատով կներկայացնեմ այն մարդկանց, որոնք դրա պատասխանատուն են եւ այդ վիճակին են հասցրել: Ամեն դեպքում, կան լրջագույն խնդիրներ, որոնք հաղթահարված չեն: Խնդրահարույց է նաեւ այն հանգամանքը, որ առ այս պահը տեսանելի չեն ջանքեր նույնիսկ այդ ուղղություններով աշխատանք տանելու ցանկություն:

Իհարկե, մենք այսօր ունենք առաջնագծի տարբեր հատվածներում նոր բնագծեր, որտեղ տեղակայված են մարտական նոր դիրքեր, կա խրամատավորում, բայց աշխատանքը, որ իրականում պետք է տեղում իրականացվեր կոնկրետ հատվածներում զինծառայողների անվտանգությունն ապահովելու եւ առհասարակ սահմանային անվտանգությունը բարձր մակարդակով իրականացնելու համար, կարծում եմ, խնդիրները շատ-շատ են: Ավելին, եւ մոտեցումների եւ ստեղծված իրավիճակի առումով մենք հետ ենք շպրտված տասնամյակներով:

Իրավիճակն այնքան անհուսալի չէ, որ վերականգնելու հնարավորություն չկա: Բայց պետք է արձանագրենք, որ այն մարդիկ, ովքեր այսօր ռազմաքաղաքական իշխանությունում են եւ ովքեր որ որոշումների կայացման վրա ազդեցություն ունեն կամ որոշումներ կայացնողներ են, այդ մարդիկ նույնիսկ ցանկության դեպքում էլ ի վիճակի չեն լինելու Զինված ուժերը վերադարձնել մարտունակության այն աստիճանին, ինչը հնարավորություն կտա սահմանի տարբեր հատվածներում տարբեր բնույթի մարտական խնդիրներ լուծել:

Եթե ընդհանուր կարճ ձեւակերպեմ, իրավիճակը սա է. մեր զինված ուժերը կարիք ունեն մեծ բարեփոխումների, որոնք այս իշխանության պայմաններում հնարավոր չէ ակնկալել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28