Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանին բարեկամության ձեռք մեկնելու որոշում են կայացրել». թուրք վերլուծաբան

Փետրվար 02,2022 15:57 Share

Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր «Sözcu» լրատվամիջոցի վերլուծաբան Էմին Չոլաշանը հայ-թուրքական կարգավորման թեմայով հոդված է հրապարակել՝ վերնագրում Հայաստանն անվանելով չակերտյալ բարեկամ ու եղբայր։

«Սիրելի ընթերցողներ,- իր լսարանին դիմում է թուրք վերլուծաբանը,- Հայաստան անունով պետության հետ սահմանակից հարևան ենք, բայց երկու երկրներն էլ միմյանց պաշտոնապես չեն ճանաչում»։

Այնուհետև հիշեցնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմում Թուրքիան, բնականաբար, դեմ հանդես եկավ Հայաստանին՝ շեշտելով, որ Ադրբեջանում կան թուրքական բանակի ստորաբաժանումներ, թուրք զինվորականներն են ադրբեջանական բանակը վարժեցնում ու հրահանգավորում։ Դե, իսկ պատերազմի ողջ ընթացքում էլ, եթե անգամ զորք չեն ուղարկել, փոխարենը մեծաքանակ զենք-զինամթերք ու տեխնիկա են տրամադրել Ադրբեջանին։

Այս ամենով հանդերձ, սակայն, հոդվածի հեղինակը մատնանշում է մի հանգամանք, ըստ որի՝ իրենց ղեկավարներն ամեն թեմայով և ամեն բնագավառում մշտապես կիրառում են մի շատ կենսունակ սկզբունք։ Այդ սկզբունքի տրամաբանությունը հետևյալն է. «Սկզբում վախեցնել, սպառնալ, իսկ հետո անել հետքայլ»։

«Վերջին տարիներին բոլորս էլ ականատես ենք եղել այդպիսի օրինակների։ Օրինակ՝ Եգիպտոսին անընդհատ սպառնում էին, բայց հենց ԱՄՆ-ն գործի անցավ, արդեն սկսվեց Եգիպտոսի հետ բարեկամական ուղերձների փոխանակումը… Կամ ասենք Հայաստանի պարագան. երեկ բացեցին օդային սահմանը ու արդեն փոխադարձ չվերթներ սկսեցին իրականացնել»։

Շարունակելով օրինակների շարքը՝ թուրք վերլուծաբանը հիշատակում է Իսրայելի դեպքը։ Սկզբում Թուրքիայում բոլոր մակարդակներով ինչ ասես չէին ասում Իսրայելին, էլ հայհոյանքներ, էլ սպառնալիքներ։ Բայց հենց կրկին պրոցեսի մեջ մտավ ԱՄՆ-ն, պատկերը փոխվեց։ Վաշինգտոնն Էրդողանին ասաց, որ հարկադրված եք հաշտվել Իսրայելի հետ։ Ու հիմա արդեն Թուրքիան Իսրայելի հետ բարեկամության շեմին է։ Մամուլը նույնիսկ գրում է, որ Իսրայելի նախագահը հնարավոր է այց կատարի Թուրքիա, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։

«Եվ եթե շատ շուտով նույն այդ մարդկանց բերանից հանկարծ լսեք «Բարեկամ և եղբայր Հայաստան» արտահայտությունը, ամենևին չզարմանաք»,- զգուշացնում է թուրք վերլուծաբանը։

Այս գործելաոճից ու առհասարակ Թուրքիայի արտգործնախարարության կադրերից և գործունեությունից դժգոհություն ակնարկելով՝ հոդվածի հեղինակը հետևյալ կերպ է ամփոփում իր եզրակացությունը.

«Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանին, իսկ ԱՄՆ-ի ճնշմամբ էլ Իսրայելին ու Եգիպտոսին բարեկամության ձեռք մեկնելու որոշում են կայացրել։

Ինչ ասենք, դե շնորհավոր լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28